ՀՍՀ/ԱՎՍՏՐԱԼԻԱՑԻՆԵՐ
ԱՎՍՏՐԱԼԻԱՑԻՆԵՐ, 1. Ավստրալիայի բնիկները (աբորիգեններ)։ XVIII դ. վերջում նրանք տարաբնակված էին ամբողջ մայր ցամաքում։ Կազմված էին ավելի քան 500 ցեղերից (250–300 հզ.)։ Զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ։ Ապրում էին տոհմա–համայնքային կյանքով։ 1788-ին սկսված եվրոպական գաղութացումն ուղեկցվեց բնիկների զանգվածային բնաջնջմամբ։ 1966-ին հաշվվում էր 40 հզ. աբորիգեն և նույնքան էլ խառնածին։ 2. Ազգ, Ավստրալիայի հիմնական բնակչությունը։ Ավելի քան 12 մլն. մարդ (1973)։ Ա. գրեթե բացառապես Անգլիայից, Շոտլանդիայից և Իռլանդիայից եկած վերաբնակիչների հետևորդներն են։ Առաջին վերաբնակիչները աքսորյալներն էին։ Կամավոր ներգաղթը ծավալվել է XIX դ. 20-ական թթ. և ավելի ուժեղացել «ոսկու տենդի» ժամանակաշրջանում (1851–61)։ Ա–ի համախմբումը որպես ազգի արագացավ XX դ. առաջին տասնամյակներին, երբ վերջնականապես ամրացավ երկրի ընդհանուր, ազգային էկոնոմիկան։ Ա–ի մշակույթը ձևավորվել է Բրիտանական կղզիներից եկած վերաբնակիչների մշակույթի հիման վրա։
Գրկ. Народы Астралии и Океании, М., 1956.
(նկ․) Ավստրալիացի աբորիգեն Առնհեմլենդրից:
