Jump to content

ՀՍՀ/ԱՎՍՏՐԱԼԻԱՑԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՍՏՐԱԼԻԱՑԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱԿԿ), Ավստրալիական Միության բանվոր դասակարգի քաղաքական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1920-ի հոկտ. 30-ին, Ավստրալիայի մի շարք սոցիալիստական կուսակցությունների և խմբերի համագումարում։ ԱԿԿ պայքարում է բանվոր դասակարգի և աշխատավորական մյուս զանգվածների աշխատանքային պայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման, քաղաքական իրավունքների ընդլայնման, արհմիություններում դեմոկրատական խմբավորումների ամրապնդման, միջազգային կոմունիստական շարժման մեջ աղանդավորության վերացման համար։ Աշխատավորների տնտեսական շահերի պաշտպանության պայքարում ԱԿԿ համագործակցում է Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության հետ։ ԱԿԿ կազմակերպական սկզբունքը դեմոկրատական ցենտրալիզմն է, կուսակցության բարձրագույն օրգանը՝ Ազ– գային համագումարը՝ գումարվում է 3 տարին մեկ անգամ։ Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքական ղեկավարությունն իրականացնում է Ազգային կոմիտեն, որն իր կազմից ընտրում է Ազգային գործադիր կոմիտե։ ԱԿԿ մինչև 1971-ը ունեցել է 22 համագումար։ Կուսակցության շարքերում ընդգրկված է շուրջ 20 հզ. աշխատավոր (1967-ին)։ ԱԿԿ ազգային նախագահն է Ռիչարդ Դիքսոնը, ազգային քարտուղարը՝ Լորենս Աարոնզը։ ԱԿԿ կենտրոնական օրգաններն են. «Տրիբյուն» («Tribune») շաբաթաթերթը, «Օստրեյլիան լեֆթ ռիվյու» («Australian Left Review») տեսական հանդեսը։