Jump to content

ՀՍՀ/ԱՎՍՏՐՈ–ՀՈՒՆԳԱՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՍՏՐՈ–ՀՈՒՆԳԱՐԻԱ, Ավստրոհունգարական միապետություն, դուալիստական պետություն, որը ստեղծվեց 1867-ին՝ Ավստրիայի և Հունգարիայի իշխող դասակարգերի համաձայնությամբ՝ Ավստրիական կայսրության (Հաբսբուրգների միապետության) փոխակերպման հետևանքով։ Հաբսբուրգների միապետությունը Լեյտ գետով բաժանվում էր երկու մասի՝ Ավստրիական կայսրության կամ Ցիսլեյտանիայի (բուն Ավստրիա, Չեխիա, Մորավիա, Սիլեզիսւ, Իստրիա, Դալմաթիա, Բուկովինա, Կրայնա, Գալիցիա ևն) և Հունգարական թագավորաթյան կամ Տրանսլեյտանիայի (բուն Հունգարիսւ, Սլովակիա, Հորվաթիա, Տրանսիլվանիա ևն)։ Հունգարիան, ինչպես և Ավստրիան, ճանաչվում էր որպես պետության սուվերեն մաս։ Ավստրիայի կայսրը միաժամանակ Հունգարիայի թագավորն էր։ Նրա իշխանությունը ձևականորեն սահմանափակված էր Ավստրիայում ռեյխսրատով, Հունգարիայում՝ սեյմով։ Համակայսերական կառավարության ֆունկցիաները սահմանափակված էին ֆինանսական, ռազմական և արտաքին քաղաքական հարցերով։ Ընդհանուր ծախսերի ֆինանսավորման համար Ավստրիան պետք է մուծեր միջոցների 70%, Հունգարիան՝ 30%։

Ստեղծելով Ա–Հ., Հաբսբուրգները ձգտում էին օգտագործել հունգարական խոշոր հողատերերի և ավստրիական բուրժուազիայի միությունը՝ ճնշելու ազգային–ազատագրական և դեմոկրատական շարժումներր կայսրության ներսում, վերացնելու Հունգարիսւյի լրիվ անջատման վտանգը, փոխզիջում ձեռք բերելու ավստրիական բուրժուազիայի հետ՝ նրան տալով սահմանադրական որոշ իրավունքներ։ 1918-ի վերջին, առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտության և Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ ուժեղացած բանվորական և ազգային–ազատագրական շարժման պայմաններում, Ա–Հ. քայքայվեց։ Նրա ավերակների վրա առաջացան նոր, անկախ պետություններ՝ Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան։ Տերիտորիայի մի մասը մտավ Հարավսլավիայի, Ռումինիայի և Լեհաստանի կազմի մեջ։