Jump to content

ՀՍՀ/ԱՎՏՈՄԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՏՈՄԱՏ (<հուն. αύτόματος – ինքնիրեն գործող), 1. ինքնուրույն գործող սարք (կամ սարքերի համախումբ), որը կատարում է էներգիայի, նյութի ու ինֆորմացիայի ստացման, փոխակերպման, հաղորդման և օգտագործման պրոցեսներ՝ նախապես տրված ծրագրով, առանց մարդու անմիջական մասնակցության։ Ա–ները կիրառվում են աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, դժվարամատչելի և կյանքի համար վտանգավոր պայմաններում իրականացվող աշխատանքից մարդուն ազատելու նպատակով։

Գիտության ու տեխնիկայի նոր, ինքնուրույն բնագավառի՝ էլեկտրոնիկայի առաջացումը պայմանավորեց նոր, էլեկտրոնային ավտոմատ սարքերի ու ողջ կոմպլեքսների երևան գալը, սկսած էլեկտրոնային ռելեից մինչև կառավարող հաշվողական մեքենաները (տես Ավտոմատ կառավարում, Ավտոմատ գիծ

Ա–ի կոնստրուկցիան և գործողության սկզբունքը որոշվում են նրա դերով, աշխատանքի պայմաններով, օգտագործվող էներգիայի տեսակով և ծրագրի առաջադրման եղանակով։ Ա–ները լինում են՝ տեխնոլոգիական (օր. ձուլման ավտոմատ, մետաղահատ ավտոմատ հաստոց ևն), էներգետիկ (էներգահամակարգերի, էլեկտրական մեքենաների, ցանցերի ավտոմատ սարքեր ու հարմարանքներ ևն), տրանսպորտային (օր. ավտոմեքենավար, ավտոկանգ), հաշվիչ–վճռող (այդ թվում՝ էլեկտրոնային հաշվողական մեքենաներ), առևտրի (տես Առևտրի ավտոմատ), ավիացիոն (օր. ավտոպիլոտ, ավտոշտուրման), ռազմական (օր. հրթիռների նշանառության և շարժման կառավարման համակարգերը, Ավտոմատ զենք) ևն։ Աշխատանքի պայմաններով և օգտագործվող էներգիայի տեսակով է պայմանավորված նաև Ա–ներում մեխանիկական, հիդրավլիկական, էլեկտրական (էլեկտրոնային), պնևմատիկ, համակցված, օր. պնևմա–էլեկտրական սարքերի կամ պայթյունից առաջացող էներգիայի կիրառումը։

Ա–ի կատարած բոլոր աշխատանքային և օժանդակ օպերացիաների հաջորդականությունը կոչվում է աշխատանքային ցիկլ։ Այն ավտոմատացված սարքերը, որոնց աշխատանքային ցիկլը ընդհատվում է, և դա կրկնելու համար պահանջվում է մարդու պարտադիր միջամտությունը, կոչվում են կիսաավտոմատներ։ Ընդհանուր առմամբ Ա–ի աշխատանքային ցիկլը որոշվում է այն ծրագրով, որն առաջադրվում է կամ Ա–ի կոնստրուկցիայով՝ պատճենիչ կամ մոդելավորող սարքերի օգնությամբ (օր. ժամացույցներ, մետաղահատ պատճենիչ հաստոցներ, էլեկտրացանցի ավտոմատ անջատիչներ, զովացուցիչ հեղուկների ավտոմատներ են), կամ էլ դրսից՝ ծակոտաքարտերի, մագնիսաժապավենների կամ ինֆորմացիայի մեկ այլ կրիչի միջոցով։ Առաջին դեպքում Ա–ները, որպես կանոն, նեղ մասնագիտացված են, բարձրարտադրողական, սակայն դրանց աշխատանքային ցիկլերի փոփոխումը սովորաբար կապված է աշխատատար վերահարմարաբերման հետ կամ ուղղակի անհնար է։ Երկրորդ տիպի Ա-ներում առաջադրվող ծրագիրը քիչ է կապված նրանց կոնստրուկցիայի հետ, որի շնորհիվ ապահովվում է Ա–ների ունիվերսալությունը (ծրագրային կառավարմամբ մետաղահատ, ջուլհակային, տպագրական հաստոցներ, ավտոդիսպետչեր, ավտոմեքենավար, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ, տիեզերական և թռչող ապարատներ են)։ Լայն տարածում են ստանում այնպիսի Ա–ները, որոնք ընդունակ են հիշելու և ընդհանրացնելու իրենց աշխատանքի փորձը և այն նպատակահարմար օգտագործելու փոփոխվող պայմաններին համապատասխան (տես Ինքնալարվող համակարգ)։ Այս Ա–ները շատ բարդ են, սակայն դրանց գործունեության հնարավորություններն այնքան մեծ են, որ կատարում են ամենաբարդ տեխնոլոգիական ու կառավարման պրոցեսներ՝ մարդուն ազատելով ծանր ֆիզիկական ու կառավարման ոլորտի շատ աշխատանքներից (տես Արտադրության ավտոմատացում)։ 2. Կիբեռնետիկայի հիմնական հասկացություններից մեկը, տեխնիկական կամ կենսաբանական համակարգի վերացական մոդել, որը վերամշակում է դիսկրետ (թվանշանային) ինֆորմացիա՝ դիսկրետ ժամանակավոր տակտերով։

Գրկ. տես Ավտոմատ կառավարում և Արտադրության ավտոմատացում հոդվածների գրականությունը։