Jump to content

ՀՍՀ/ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՃՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՏՈՄԱՏԻԿԱ, գիտության և տեխնիկայի ճյուղ, որն ընդգրկում է առանց մարդու անմիջական մասնակցության գործող կառավարման համակարգերի տեսությունն ու կառուցման սկզբունքները, մեթողներն ու տեխնիկական միջոցները։ Ա. որպես տեխնիկայի ինքնուրույն ճյուղ ճանաչում է ստացել Համաշխարհային II էներգետիկական կոնֆերանսում (Բեռլին, 1930)։ ՍՍՀՄ–ում «Ա.» տերմինը տարածվել է 30-ական թթ.։ 1940-ին վերջնականապես ձևավորվել է որպես ինքնուրույն գիտատեխնիկական դիսցիպլին։ Ա–ի պատմությունը սերտորեն կապված է ավտոմատների, ավտոմատ սարքերի ու ավտոմատացված կոմպլեքսների զարգացման հետ։ Կազմավորման փուլում Ա. հենվում էր տեսական մեխանիկայի և էլեկտրական շղթաների ու համակարգերի տեսության վրա և լուծում էր այնպիսի հարցեր, որոնք կապված էին շոգեկաթսաների ճնշումը և շոգե– ու էլեկտրական մեքենաների ընթացքը կանոնավորելու, ավտոմատ հաստոցների, աբոնենտային հեռախոսային կայանների, ռելեային պաշտպանության սարքերի աշխատանքը կարգավորելու հետ։ Դրան համապատասխան էլ այդ շրջանում Ա–ի տեխ. միջոցներն օգտագործվում էին ավտոմատ կարգավորման համակարգերում։ XX դ. 2-րդ կեսը նշանավորվեց Ա–ի տեխ. միջոցների հետագա կատարելագործմամբ և կառավարման ավտոմատ սարքերի լայն տարածմամբ։ Արդյունաբերության մեջ կիրառել սկսեցին բարդ ավտոմատ համակարգեր՝ առանձին ագրեգատների ավտոմատացումից անցնելով արտադրամասերի ու զործարանների կոմպլեքսային ավտոմատացմանը (տես Արտադրության ավտոմատացում, Ավտոմատ կառավարում)։ Ա–ի համար հատկանշական է նրա օգտագործումն այնպիսի օբյեկտներում, որոնք տեղավորված են միմյանցից հեռու, օր. արդյունաբերական ու էներգետիկական խոշոր կոմպլեքսներում, տիեզերական թռչող ապարատների կառավարման համակարգերում ևն։ Առանձին սարքերի միջև կապ ստեղծելու համար նման համակարգերում կիրառում են հեռուստամեխանիկայի միջոցներ, որոնք կառավարման սարքերի կառավարող օբյեկտների հետ համատեղ առաջացնում են հեռուստամեխանիկական համակարգեր։ Մեծ նշանակություն են ստանում ինֆորմացիայի հավաքման ու ավտոմատ մշակման տեխնիկական (այդ թվում՝ հեռուստամեխանիկական) միջոցները։ Ա–ի բոլոր տեսական ասպեկտները միավորվում են ավտոմատ կառավարման տեսության մեջ։ ՀՍԱՀ–ում Ա–ի գծով ինժեներական կադրեր պատրաստում են Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ) և Երևանի պետական համալսարանը (կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ)։