ՀՍՀ/ԱՎՏՈՄԱՏ ԳԻԾ
ԱՎՏՈՄԱՏ ԳԻԾ, մեքենաների համակարգ, հիմնական և օժանդակ սարքավորման կոմպլեքս, որն արտադրանքի պատրաստման կամ մշակման ողջ պրոցեսը կատարում է ավտոմատորեն, տեխնոլոգիական որոշակի հաջորդականությամբ և տրված ռիթմով։ Այն գծերը, որոնց դեպքում տեխնոլոգիական օպերացիաների մի մասի կատարման համար (օր. առանձին ագրեգատների գործարկումն ու կանգնեցումը, նախապատրաստվածքի ամրացումն ու տեղափոխումը) պահանջվում է մարդու անմիջական մասնակցությունը, կոչվում են կիսաավտոմատ գծեր։ Ա. գ–երը կազմված են աշխատանքային մեքենաներից, փոխադրման ու վերահսկման սարքերից և կառավարման համակարգի մեխանիզմներից։ Ա. գ–ի ստեղծումն արտադրության ավտոմատացման կարևորագույն փուլերից է։ Ա. գ–ի կիրառումը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, կրճատում արտադրական տարածությունները, փոխադրամիջոցները, ապահովում արտադրության ռիթմիկությունը, իջեցնում արտադրանքի ինքնարժեքը։ Ա–գ–երը լայնորեն կիրառվում են մեքենաշինության, թեթև ու սննդի, էլեկտրատեխնիկական, ռադիոտեխնիկական, քիմիական արդյունաբերության, կենցաղային իրերի, կահույքի արտադրությունում։ Խիստ որոշակի ձևի ու չափի շինվածքներ մշակող Ա. գ–երը կոչվում են հատուկ. շինվածքի տեսակը փոխելիս այս Ա. գ–երը փոխարինվում են նորերով կամ վերակառուցվում են։ Միատիպ և որոշակի սահմաններում փոփոխվող չափեր ունեցող շինվածքների մշակման համար կիրառվում են մասնագիտացված Ա. գ–եր, որոնք շահագործական ավելի լայն հնարավորություններ ունեն։ Արտադրության օբյեկտը նորով փոխարինելիս այս Ա. գ–երի առանձին ագրեգատներ միայն վերահարմարաբերում են և փոխում դրանց աշխատանքի ռեժիմը, իսկ մնացած հիմնական սարքավորումը նույնությամբ օգտագործում են նոր արտադրանքը թողարկելու համար։ Գոյություն ունեն և արագ վերահարմարաբերվող ունիվերսալ Ա. գ–եր, որոնք կազմված են բազմանպատակ, ծրագրային կառավարման ավտոմատ հաստոցներից ու մեխանիզմներից և կիրառվում են հատային ու մանր սերիական արտադրություններում։ Ա. գ–երը լինում են զուգահեռ, հաջորդական և համակցված (զուգահեռ–հաջորդական) գործողության, միահոսք, բազմահոսք և խառը հոսքային (տես Հոսքային արտադրություն)։ Հաջորդական կամ զուգահեռ գործողության մի քանի Ա. գ–եր կարող են միավորվել մի միասնական համակարգի մեջ և կազմել ավտոմատ տեղամասեր, արտադրամասեր կամ արտադրություններ։ Ա. գ–երը ղեկավարվում են ավտոմատ կառավարման համակարգերի օգնությամբ, որոնք ստորաբաժանվում են ներքին և արտաքին համակարգերի։ Առաջինները կառավարում են Ա. գ–ի առանձին ագրեգատի կամ մեխանիզմի աշխատանքը, իսկ արտաքին համակարգերն ապահովում են Ա. գ–ի բոլոր ագրեգատների ու տեղամասերի համաձայնեցված գործողությունը։ Կոմպլեքսային Ա. գ–երը սարքավորվում են էլեկտրոնային ծրագրային կառավարման համակարգերով և հաշվողական տեխնիկայի այլ միջոցներով։
(նկ.) Վ. Ի. Լենինի անվ. Հայէլեկտրագործարանի 8-րդ գաբարիտի էլեկտրական գեներատորների հենոցների մեխանիկական մշակման ավտոմատ գիծը։
ՀՍՍՀ–ում բազմաթիվ Ա. գ–եր են արմատավորված թեթև ու սննդի արդյունաբերության, էլեկտրամեքենաշինության, կաբելի արտադրության, «Հայէլեկտրալույս» միավորման և այլ ձեռնարկություններում։ Վ. Ի. Լենինի անվան հայէլեկտրագործարանում գործող մի շարք Ա. գ–երից մեկն է 8-րդ գաբարիտի էլեկտրական գեներատորների հենոցների մեխանիկական մշակման Ա. գ. (տես նկ.)՝ կազմված ագրեգատային հաստոցներից, նախապատրաստվածքների տեղափոխման համընթաց–հետադարձ փոխակրիչներից, տեղակայման արբանյակ–հարմարանքներից, բեռնմանբեռնաթափման մեխանիզմներից և տաշեղի հեռացման քերակավոր փոխակրի չից։ Ա. գ–ի աշխատանքը կառավարում է օպերատորը՝ կառավարման կենտրոնական պուլտից։
Գրկ. Владзиевский А. П., Автоматические линии в машностроении, М., 1958; Шаумян Г. А., Автоматы и автоматические линии, 3 изд., 1961; Шаумян Г. А., Кузнецов М. М., Волчкевич Л. И., Автоматизация проиводственных процессов, М., 1967.
