Jump to content

ՀՍՀ/ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տրանսպորտի տեսակ, որ իրականացնում է բեռների և ուղեորների փոխադրումը անռեյս ճանապարհներով։ Ա. տ. շարժական կազմի, ավտոճանապարհների, բեռների և ուղևորների փոխադրումները կազմակերպելու, շարժական կազմը սպասարկելու, վերանորոգելու և պահպանելու համար անհրաժեշտ շենքերի ու կառուցվածքների ամբողջություն է։ Ա. տ. սկսել է զարգանալ XX դ. սկզբից՝ տարեցտարի մեծացնելով իր տեսակարար կշիռը տրանսպորտի բոլոր ձևերի մեջ։ 1913-ից 1965-ը ամբողջ աշխարհում Ա. տ–ի բաժինը (ներքին բեռնաշրջանառության մեջ) աճել է 0,2-ից մինչև 17,1%, իսկ երկաթուղային տրանսպորտի բաժինը իջել է 72,9-ից 50,7%։ 1970-ին ՍՍՀՄ–ում ավտոմեքենաները փոխադրել են բեռներ գրեթե 50 անգամ ավելի, քան գետային տրանսպորտը և 5 անգամ ավելի, քան երկաթուղային տրանսպորտը։ ՍՍՀՄ–ում ավտոմոբիլային արդյունաբերության զարգացումը դարձավ Ա. տ–ի ընդլայնման հիմքը։ Նախ անհրաժեշտ էր ստեղծեւ երկրի տնտեսական զարգացմանը նպաստող բեռնատար Ա. տ–ի պարկ, այնուհետև բավարար չափով ապահովել ազգաբնակչության ուղևորափոխադրումները ավտոբուսային երթևեկության ասպարեզում։ 1971-ին 1960-ի դիմաց ավտոբուսների արտադրությունը աճեց ավելի քան 2, բեռնատարներինը՝ 1,6, մարդատարներինը՝ 3,8 անգամ։ 1971-ին ՍՍՀՄ ավտոբուսային պարկը փոխադրել է մոտ 40 մլրդ. ուղևոր (5 կմ երթուղու հաշվով)։ Տաքսիների ընդհանուր վազքը կազմել է 10 մլրդ. կմ, իսկ նրանց տեղափոխած ուղևորների թիվը՝ 2 մլրդ. մարդ։

ՀՍՍՀ Ա. տ–ի զարգացումը հիմնվում է հայրենական ավտոմոբիլային արդյունաբերության առաջընթացի վրա։ Հանրապետության Ա. տ. բաղկացած է ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման ավտոտնտեսություններից, ունի բարձր տեսակարար կշիռ՝ միասնական համակարգի տրանսպորտի բեռնաշրջանառության ու ուղևորաշրջանառության մեջ։ Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի գումարային աշխատանքում Ա. տ–ի բեռնաշրջանառությունը կազմում է 41%-ից ավելի, ուղևորաշրջանառության գծով՝ 55% (ՍՍՀՄ–ում համապատասխանաբար՝ 7 և 35%)։

1971–75-ին կընդլայնվի Ա. տ–ի սպասարկման ոլորտը։ Հանրապետության միասնական տրանսպորտային համակարգում ներքաղաքային, կարճ հեռավորությունների վրա բեռների և ուղևորների փոխադրումների իրականացման հետ մեկտեղ ընդլայնվելու են միջքաղաքային ուղևորափոխսւդրումներն ու «դռնից–դուռ» կատարվող բեռնափոխադրումները։ Ա. տ. լայն կիրառում կգտնի միջհանրապետական փոխադրումների ոլորտում։ Կ. Խուրշուդյան