Jump to content

ՀՍՀ/ԱՏԱՄՆԱՆԻՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՏԱՄՆԱՆԻՎ, ատամնավոր փոխանցումներում օգտագործվող դետալ։ Նայած ատամնավոր փոխանցման տիպին, Ա–ները (նկ.) լինում են գլանային, կոնական և հիպերբոլական (մասնավորապես, պտուտակային, որդնակային և հիպոիդային)։ Ըստ ատամի կողմնային մակերևույթի ձևի, գլանային Ա–ները լինում են ուղղատամ (գլանային կողմնային մակերևույթով) և շեղատամ (պտուտակային կողմնային մակերևույթով), որոնք բարձրացնում են փոխանցման սահունությունը։ Մեծ հզորություններ փոխանցելու համար կիրառվում են երկշեղատամ գլանային Ա–ներ, որոնց ատամներն անկյան տակ թեքված են տարբեր կողմեր։ Դրա շնորհիվ վերանում է առանցքային ճնշումը, որն առկա է շեղատամ Ա–ներում։ Ա–ի ատամնապսակը կարող է մշակված լինել ինչպես նրա արտաքին (արտաքին կառչման Ա․), այնպես էլ ներքին մակերևույթին (ներքին կառչման Ա.)։ Ա–ներին ներկայացվող պահանջներին (արագընթացություն, դանդաղընթացություն, ամրություն, երկարակեցություն) համապատասխան, դրանք պատրաստվում են լեգիրված պողպատներից, թուջից, գունավոր համաձուլվածքներից (բրոնզ, արույր ևն), պլաստմասսաներից, տեքստոլիտից ևն։

(նկ.) Ատամնանիվներ։ Արտաքին կառչման գլանային. ա – ուղղատամ, բ – շևրոնատամ, գ – շեղատամ, դ – ներքին կառչման, գլանային, է – կոնական, զ – հիպոիդային։