Jump to content

ՀՍՀ/ԱՏՐՈՊԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՏՐՈՊԻՆ, ալկալոիդ, որ պարունակում են մորմազգիների ընտանիքի բույսերը (մահամորմ, արջընկույզ, բանգի ևն)։ Բժշկության մեջ օգտագործվում են ծծմբաթթվային Ա–ի ջրային լուծույթները, որոնք նվազեցնում են թքագեղձերի, քրտնագեղձերի արտազատումը, հաճախացնում սրտի զարկերը, թուլացնում հարթ մկանների (բրոնխներ, աղիքներ) լարվածությունը, լայնացնում աչքի բիբերը։ Ա. կիրառվում է սրտամկանի ինֆարկտի, կրծքային և բրոնխային հեղձուկների, լեղաքարային հիվանդության, ստամոքսի խոցերի, աղիքների և միզուկի սպազմի, մորֆինից, ացետիլխոլինից և կարբոխոլինից առաջացած թունավորումների, ինչպես նաև աչքի հետազոտությունների ժամանակ։ Ա–ով թունավորվելիս առաջանում է գրգռվածություն, բիբերի լայնացում, պուլսի հաճախացում։ Առաջին օգնությունը՝ ստամոքսի լվացում։ Վ. Հակոբյան