Jump to content

ՀՍՀ/ԱՏՐՊԱՏԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՏՐՊԱՏԱԿԱՆ, Ատրպայական, Փոքր Մարաստան (հուն. Ատրոպատենե, Ատրոպատյան Մեդիա, պահլ. Աթուրպատական, պարսկ. Ադերբեգան, Ադրեբադագան, ասոր. Ադարբիգան, արաբ. Ադրաբիջան, Ադարբայջան, Ազրիբեջան, ադրբ. Ազրբայջան), հնագույն երկիր։ Մ. թ. ա. VII–VI դդ. Մարաստանի հյուսիսային երկրամասն էր, VI–IV դդ. Աքեմենյան Իրանի Փոքր Մարաստան սատրապությունը։ Տարածվում էր Կապոտան (Ուրմիո) լճի և Կասպից ծովի միջև՝ հարավից սահմանակցելով Մեծ Մարաստանին, արևմուտքից և հյուսիսից՝ Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք), Վասպուրական և Փայտակարան նահանգներին։ Մ. թ. ա. 321-ին անկախացավ և հարստության հիմնադիր թագավոր Ատրոպատեսի անունով կոչվեց նաև Ա.։ Հին Ա–ում գերիշխող էին մեդական ցեղերը կամ մարերը։ Հենվելով սեփական ռազմական ուժերի վրա՝ Ա–ի թագավորները եռանդուն արտաքին քաղաքականություն էին վարում։ Հույն պատմիչ Պոլիբիոսի վկայությամբ, Ա–ի զորեղ թագավոր Արտաբազանեսը (մ. թ. ա. III դ.) փորձում էր հափշտակել Հայաստանի հվ–արլ. հողերը, բայց Սելևկյան Անտիոքոս III թագավորի պատժիչ արշավանքը ձախողեց այդ փորձերը։ Մ. թ. ա. 80-ական թթ. Ա–ի թագավոր Միհրդատն ընդունեց Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի գերիշխանությունը՝ պարտավորվելով նրան տրամադրել իր ռազմական ուժերը և վճարել հարկեր։ Պայմանագիրն ամրապնդվեց Տիգրան Բ–ի դստեր և Միհրդատի ամուսնությամբ։ Հայ–հռոմեական պատերազմներում (մ. թ. ա. 69–66) Ա–ի զորքերը Միհրդատ թագավորի առաջնորդությամբ հավատարմորեն կռվում էին Տիգրան Բ–ի բանակում։ Արտաշատի պայմանագրից (մ. թ. ա. 66) հետո Ա. ընդունեց Հռոմի, իսկ մ. թ. ա. I դ. 2-րդ կեսից՝ հզորացող Պարթևաստանի գերիշխանությունը։ Հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը մ. թ. ա. 36-ին Պարթևաստանի դեմ արշավեց Ա–ի վրայով։ Ա–ի թագավոր Արտավազդը, ամրանալով Փրաասպա քաղաքում, դիմադրեց ներխուժողներին։ Ա–ին օգնության հասած պարթևական 50-հազարանոց այրուձին պարտության մատնեց հռոմեական զորքերին և մնացորդներին դուրս քշեց երկրից։ Սակայն Ա–ի թագավորը, ըստ հռոմեական պատմիչ Դիոն Կասիոսի, դժգոհելով պատերազմական ավարի բաժանումից, մ. թ. ա. 35-ից գործակցեց Անտոնիոսի հետ։ Նա հույս ուներ հռոմեացիների օգնությամբ ընդարձակել իր տիրապետությունը Հայաստանի և Պարթևաստանի հաշվին։ Մ. թ. ա. 33-ին Անտոնիոսի և Արտավազդ Մեդացու «բարեկամությունն» ամրապնդվեց նրանց տեսակցությամբ և Հայոց գերված թագավոր Արտավազդ Բ–ի գլխատմամբ։ Արտավազդ Բ–ի որդի Արտաշես Բ մ. թ. ա. 30-ական թթ. վերջին հռոմեացիներից ազատագրեց Հայաստանը և, ջախջախելով նրանց կամակատար Արտավազդ Մեդացուն, գրավեց Ա.։ խույս տալով Արտաշես Բ–ի վրեժից՝ Արտավազդ Մեդացին ապաստանեց Հռոմի Օկտավիանոս զորավարի մոտ, որից մ. թ. ա. 29-ին ստացավ Փոքր Հայքի իշխանությունը։ Արտաշես Բ–ին դավադրաբար ոչնչացնելով՝ Հռոմը մ. թ. ա. 20-ին Ա. անջատեց Հայաստանից և նրա գահը տվեց Արտավազդ Մեդացու որդի Արիոբարզանին (իշխել է մինչև մ. թ. 4), որին հաջորդեց որդին՝ Արտավազդը (իշխել է մինչև մ. թ. 6)։ Մայրական գծով որպես Արտաշեսյանների շառավիղ, սրանք փորձեցին տիրել նաև հայկական թափուր գահը, սակայն սպանվեցին հայ իշխանների կողմից՝ իբրև Հռոմի դրածոներ։ Դրանով Ա–ում վերջ դրվեց Ատրոպատեսի թագավորական հարստությանը։ Մ. թ. 6-ին Ա–ի թագավոր դարձավ Արտավանը (մայրական գծով Արշակունի), որը մ. թ. 12-ին տապալեց Պարթևաստանի հռոմեասեր թագավոր Վոնոնին և գրավեց նրա գահը։ Այնուհետև Ա. դարձավ Արշակունիների Ա–ի ճյուղի ժառանգական սեփականությունը։ I դ. կեսին Ա–ի թագավոր է հիշատակվում Վոնոնը, որը 51-ին դարձավ նաև Պարթևաց թագավոր։ Վոնոնը նույն թվականին մահացավ՝ Ա–ի գահը թողնելով Բակուր, պարթևականը՝ Վաղարշ I որդիներին։ Վոնոնի մյուս որդին՝ հայկական գահի թեկնածու Տրդատ Ա, հենակետ դարձնելով Ա., 50–60-ական թթ. Հայաստանը մաքրեց հռոմեացիներից և նրանց դրածոներից։ Հայ Արշակունիների ժամանակ զանազանվում էր «Հայոց Ատրպատականը» (կոչվել է նաև «Մարաց գավառ»)։ Հայաստանի այս գավառը Տրդատ Ա–ի կալվածքն էր, որը, նրա թագավոր հռչակվելուց հետո, մնաց իբրև «տուն ձեռական իշխանության թագավորին Հայոց» (Փավստոս Բուզանդ)։ Դիոն Կասիոսը և Հերոդիանոսը վկայում են, որ պարթև Արշակունիների անկումից (224) հետո Հայաստանն ու Ա. երկար տարիներ համատեղ ուժերով պայքարում էին Սասանյան Արտաշիր I թագավորի դեմ։ 252-ին Ա. վերջնականապես նվաճվեց և վերածվեց մարզպանության՝ Սասանյաններին ենթակա շահապի կամ սատրապի գլխավորությամբ։ Այնուհետև Ա. դարձավ Սասանյան պետության հենակետը՝ ընդդեմ Հայաստանի, Աղվանքի և Վրաց աշխարհի։ Հայաստանի՝ 387-ի բաժանումից հետո Պարսկահայք նահանգը Հեր, Զարևանդ գավառներով, որոնք ունեին ռազմավարական կարևոր դիրք, Սասանյաններն անջատեցին Մեծ Հայքից և կցեցին Ա–ին։ Պարսկական զորքերը սովորաբար Պարսկահայքով էին ներխուժում Հայաստան։ Սասանյան Խոսրով I Անուշիրվան թագավորի (իշխել է 531–578) կատարած վարչական նոր բաժանումով Ա. դարձավ պարսկական պետության չորս քուստակություններից մեկը, որը հայտնի է «Քուստակ–ի Ատրպատական» անունով։ Այն կառավարում էր ռազմական և վարչական լիազորություններ ունեցող «պատգոսպանը», որի նստավայրն էր Գանձակ քաղաքը։ Սրա իշխանությանն էին ենթարկվում Հա– յոց, Վրաց և Աղվանից մարզպանությունները։

639–643-ին արաբները նվաճեցին Ա. և դարձրին խալիֆայության առանձին նահանգ՝ նրան պարտավորեցնելով տարեկան 800 հզ. արծաթ դրամ հարկ վճարել։ Հետևելով Սասանյան Իրանի վարչակարգին՝ խալիֆայությունն Արմինիային (Հայաստանին, Վրաց աշխարհին և Աղվանքին) հսկելու պարտականությունը դրեց Ա–ի արաբ կառավարչի վրա, որը նստում էր Մարաղա քաղաքում։ Ա–ի տեղաբնիկ իրանական ցեղերը, որոնց թիվը, ըստ արաբ աշխարհագիր Մակդիսիի, հասնում էր 70-ի, ունենալով զարգացման ցածր մակարդակ, հեշտությամբ ընդունելով նվաճողների կրոնը, կենցաղը, բարքերը, ենթարկվեցին արաբացման։ Թավրիզի, Մարանդի, Ուրմիո լճի շրջաններում և այլուր զանգվածաբար հաստատված արաբ գաղթականները VIII–IX դդ. Ա–ում հիմնեցին ամիրայություններ։ Հայաստանից նախկինում խլված գավառները՝ Նոր Շիրականը, Հերը, Զարևանդը, Պարսպատունիքը ևն մնացին Ա–ի կազմում նաև արաբական տիրապետության ժամանակ, թեպետ դրանք թեք տնտեսապես, թե՛ մշակույթով, թե՛ կրոնով սերտորեն կապված էին Հայաստանի, մասնավորապես՝ Վասպուրականի նահանգի հետ։ X դ. սկզբին Մերձուրմյան Զարեհավան, Տամբեր, Այլի, Թրաբի գավառներն անցան Վասպուրականի Արծրունիների իշխանությանը, իսկ Հեր–Զարևանդ կամ Ռոտկաց գավառի արաբ տիրակալները վասալական կախման մեջ էին Արծրունիներից։ Նվաճողների հարկային ծանր քաղաքականությունը, ֆեոդալական շահագործման ուժեղացումը IX դ. սկզբին առաջ բերեցին հակաարաբական հուժկու ապստամբական շարժում (տես Խուրամյան շարժում), որն ընդգրկեց նաև Ա.՝ թուլացնելով այնտեղ խալիֆայության տիրապետությունը։ IX դ․ 2-րդ կեսին հիմնվեց Սաջյանների անկախ ամիրայությունը, որը ձգտում էր վասալական կախման մեջ դնել հայ Բագրատունիներին։ Հայոց թագավոր Սմբատ Ա հակահարված տվեց Մուհամմեդ Ավշին ամիրային (իշխել է 890–901) և պահպանեց երկրի անկախությունը։ Ավշինին հաջորդած Յուսուֆը, օգտվելով Սմբատ Ա Բագրատունու և Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու միջև ծագած հողային վեճերից, 914-ին գերեց և սպանեց Սմբատ Ա–ին։ 919-ին Աբբասյանները գերեցին Յուսուֆին և Ա–ի ամիրա կարգվեց Սբուքը (իշխել է 919–923), որն աշխատում էր բարեկամական հարաբերություններ հաստատել Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի հետ։ 922-ին նա խալիֆա Մուքթադիրի անունից Աշոտ Բ Երկաթին շնորհեց «շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը՝ ճանաչելով նրա տերունական իրավասությունը Վրաստանի և Աղվանքի վրա։ Սակայն խալիֆայությունը, անհանգստացած Հայաստանի հզորացումից, 923-ին կրկին Յուսուֆին Ա–ի ամիրա կարգեց՝ նրան հրահրելով հայերի դեմ։ 940-ական թթ. Ա–ին տիրեցին Սալարյանները կամ Մուսաֆիրները՝ նստաքաղաք դարձնելով Արտավետը (Արդաբիլը)։ Մարզուբան ամիրան (իշխել է 941–957) հյուսիսում իր տիրապետությունը հասցրեց մինչև Ուտիք և Շիրվան։ Սակայն Հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածին հաջողվեց Սալարյաններին դուրս մղել Կուր և Երասխ գետերի հովիտներից։ Ա–ին այնուհետև տիրեցին Ռավվադյանները (983–1054)՝ կենտրոն ընտրելով Թավրիզը։

XI դ., սելջուկ–թուրքերի նվաճումների ժամանակ, օղուզա–թուրքմենական ցեղերը Միջին Ասիայից ներթափանցեցին Ա.։ XII դ. վերջի և XIII դ. սկզբի արաբ պատմիչներ Նեսևին, Յակուտ Համավին և ուրիշներ վկայում են, որ Մելիքշահ սուլթանի ժամանակ (1072–92) սելջուկ–թուրքերը «մորեխի նման սփռվեցին» Ա–ում և Առանի հյուսիս–արևելյան մասում։ Մելիքշահը Ա., Առանը և Հայաստանի արևելյան մի քանի շրջաններ մեկ վարչական միավոր դարձրեց՝ Գանձակ կենտրոնով, նրան կառավարիչ կարգելով իր աներորդի Իսմայիլ իբն Ակութին, որին հաջորդեց որդին՝ Իսմայիլը։ Վերջինս սպանվեց կենտրոնական իշխանության դեմ մղած կռիվներում։ 1095-ին Ա–ի կառավարիչ դարձավ Մուհամմեդը, որը 1104 կամ 1105-ին իր եղբայր Բարկիարուքի մահից հետո սուլթան հռչակվեց (իշխել է մինչև 1118)։ Օգտվելով սելջուկյան սուլթանության քայքայումից՝ 1136-ին Ա–ի իշխանությունը զավթեց նախկինում ստրուկ Շամսադդին Ելտկուզը՝ ստեղծելով աթաբեկություն։ Նա ասպատակեց Այրարատը, Արցախը, Սյունիքը, ոչնչացրեց Կապանի կամ Բաղաց թագավորությունր՝ ավարի մատնելով Տաթևի ավելի քան 10 հզ. ձեռագիր։ Ելտկուզի որդու և հաջորդի՝ Մուհամմեդ Ջահան Փահլևանի օրոք (1172–86) Ա–ի իշխողների տիրապետությունը տարածվում էր Իսպահանից մինչև Շիրվան։ Մայրաքաղաք դարձնելով Համադանը՝ նա Ա–ի կառավարումը հանձնեց կրտսեր եղբորը՝ Խըզլ Արսլանին (իշխել է 1174-91)։ 1225-ին Ա. գրավեց Իտրեզմշսւհ Ջալալ Էդ–Դինը՝ վերջ տալով Ելտկուզյան աթաբեկությանը։ 1231-ին Ա–ին տիրեցին մոնղոլ–թաթարները։ 1260-ական թթ. իլխան Հուլաուն հիմնավորվեց Ա–ում՝ նստաքաղաք ընտրելով նախ Մարաղան, ապա՝ Թավրիզը։ Հուլավյան իլխանության անկումից հետո, XIV դ. առաջին կեսից Ա–ին տիրեցին մոնղոլական երկու ֆեոդալական տոհմեր՝ նախ Չոբանյանները, ապա՝ Զելայիրյանները։ Լենկթեմարի արշավանքներից հետո, XV դ. Ա. ընկավ թուրքական նոր ցեղային միությունների՝ սկզբում Կարա–Կոյունլուների, հետո՝ Ակ–կոյանլուների տիրապետության տակ։ Վաչկատուն ցեղերի անընդհատ տեղաշարժերը, հանուն կողոպուտի մղվող արյունալի պատերազմներն Ա–ի տնտեսությունը հասցրին ծայրահեղ քայքայման։ XV դ. երկրորդ կեսին Ա–ում ուժեղացավ Արդաբիլի թուրքական տիրակալների՝ Սեֆևյանների ֆեոդալական տան ազդեցությունը։ Արդաբիլում նստող Սեֆևյան շեյխերը, հափշտակելով հսկայական հարստություն և վակֆային հողեր, իրենց ձեռքում կենտրոնացրին Ա–ի հոգևոր և աշխարհիկ իշխանությունը։ Հեյդար շեյխը (իշխել է 1456–88) թուրքական մի քանի ցեղերից ստեղծեց մեծաթիվ զորք (զինվորները 12 շիա սրբերի՝ իմամների պատվին կրում էին 12 կարմիր շերտերով չալմա և կոչվում կզլբաշներ), ընդարձակեց իր տիրակալությունը։ Հեյդարի որդի Իսմայիլը մինչև 1501 նվաճեց Նախճավանը, Արցախը, Շիրվանը և 1502-ին Թավրիզում հռչակվեց շահ (իշխել է մինչև 1524)։ Իսմայիլ I շահը մինչև 1510 նվաճեց Իրանի և Հայաստանի մեծ մասը՝ ջախջախելով Ուզբեկստանի Շեյբան խանին և Ակ–Կոյունլուներին։ 1514-ին օսմանյան թուրքերի սուլթան Սելիմ I, Սեֆևյաններին հայտարարելով մահմեդական կրոնի թշնամի և մահապատժի ենթարկելով իր տիրապետությունում ապրող մոտ 40 հզ. շիա մահմեդականների, «իսլամի պաշտպանության» դրոշով և 200 000-անոց բանակով խուժեց Ա.։ Չալդրանի (Ուրմիո լճի մոտ) ճակատամարտում շահ Իսմայիլ I պարտվեց և նահանջեց երկրի խորքը։ Սելիմ I չկարողացավ հաստատվել Ա–ում և նույն թվականին հեռացավ այնտեղից։ Ա–ի համար պատերազմները, որոնցից տուժում էին հատկապես Հայաստանն ու հայ բնակչությունը, ընդհատումներով շարունակվեցին մինչև 1639-ը։ Մինչև Աբբաս I շահը (իշխել է 1587–1629) Սեֆևյան պետության քաղաքական հենարանն Ա. էր։ Երկիրը տնտեսական քայքայվածությունից դուրս բերելու և իշխանությունը կենտրոնացնելու նկատառումներով Աբբաս I կոդմնորոշվեց դեպի իրանացիներն ու հայերը։ Նա բանակը մաքրեց թուրքական տարրերից, ոչնչացրեց մի քանի անհնազանդ ցեղերի և Ա–ից հեռացավ Իրան՝ մայրաքաղաքը Ղազվինից 1597–98-ին տեղափոխելով Իսպահան։ Այնուհետև Ա. դարձավ ծայրամարզ։ Նադիր շահի սպանությունից (1747) և իրանական պետության քայքայումից հետո, մինչև XIX դ.կեսը, Ա–ում իշխում էին քրդական և թուրքական ցեղերը։ 1828-ի Թուրքմենչայի պայմանագրից հետո Ա–ի հայաբնակ Մակու, Սալմաստ, Խոյ, Ուրմիա, Ղարադաղ են գավառներից, ինչպես նաև Արղաբիլ, Թավրիզ և այլ քաղաքներից մոտ 8250 տուն հայ գաղթեց Ռուսաստանին անցած Արևելյան Հայաստան։ Այնուհետև քրդական և թուրքական ցեղերն անարգել յուրացրին հայալքված պատմական Պարսկահայքը, Պարսպատունիքը և Վասպուրականի արևելյան գավառները։ Թուլացավ նաև Ա–ի հայկական թեմը, որը փոխարինում էր հին Արտազի թեմին։ Թեմական առաջնորդարանը 1833-ից Մակվի Ս. Թադեոսի վանքից տեղափոխվեց համեմատաբար հայաշատ (մոտ 800 տուն) Թավրիզ քաղաքը։ XX դ. սկզբին Ա–ի թեմն ուներ 5954 տուն հայ, որոնք սփռված էին Թավրիզում և շրջակա գյուղերում՝ 948, Մարաղայում՝ 100, Արդաբիլում՝ 40, Ղարադաղի գավառում՝ 1199, Սալմաստի գավառում՝ 1916, Ուրմիա գավառում՝ 1000, Խոյ գավառում և Նախավկա վանքի գյուղում՝ 289, Մակվի գավառում՝ 180, Սուլդուզ և Միանդուաբ գավառներում՝ 282 տուն։ XIX դ. 2-րդ կեսին կենտրոնական իշխանությանը՝ Իրանի շահին, հաջողվում է Ա–ի քրդական և թուրքական ցեղերի անհնազանդությունները զսպել։ Երկրամասը հնազանդության մեջ պահելու նպատակով Նասրեդդին շահը (իշխել է 1848–96) պատժիչ զորք ուներ Ա–ում։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին Ա–ում հիմնվեցին հայկական մի շարք կրթական, բարեգործական և մշակութային հաստատություններ։ Այդ ժամանակ էլ Ա–ում ուժեղացավ Ռուսաստանի ազդեցությունը։ Ռուսական կապիտալը Ա–ի տնտեսության մեջ մեծ ազդեցություն էր նվաճել։ Թավրիզում նստում էր ռուսական հյուպատոսը, որի պաշտպանությանն էին հաճախ դիմում հայերը՝ թուրք և քուրդ ցեղերի կողոպտչական հարձակումներին ենթարկվելիս։ Ա–ի մի շարք հայկական, հատկապես «Արամյան» և «Հայկազյան–Թամարյան» դպրոցներում ավանդվում էր ռուսերեն լեզու։ Ա–ի հայությունը սերտորեն կապված էր ռուսական, մասնավորապես՝ Կովկասի շուկաների և արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ 1907-ի օգոստոսի 31-ին կնքած անգլո–ռուսական պայմանագրով Ա. ճանաչվեց Ռուսաստանի «ազդեցության ոլորտ»։ Ա. նվաճելու մտքից չէին հրաժարվում օսմանյան թուրքերը։ Թուրքիայի իշխողները կարևոր նշանակություն էին վերագրում Ա–ին, որն իբր հենակետ պիտի դառնար՝ «համայն մահմեդական ժողովուրդներին միասնական իսլամական աշխարհակալության մեջ միավորելու համար»։ Օգտվելով ռուսական բանակի ճակատի մերկացումից՝ թուրքական զորքերը 1918-ին մտան Ա., ուր նահանջել էր Վանի պաշտպանների մեծ մասը։ Վասպուրականի ուժերին միացան Սալմաստի, Ուրմիայի հայ աշխարհազորայինները և մի քանի ամիս անհավասար, բայց հերոսական կռիվներ մղեցին թուրքերի դեմ։ Հայերին աջակցում էին Ա–ի ասորիները։ Թուրքերի ճնշման տակ Ա–ի հայերի զգալի մասը նահանջեց Իրանի խորքերը՝ կրելով մեծ կորուստներ։ Խոյի, Մակվի, Ղարադաղի, Դզմարի գյուղերում մնացած հայերը բնաջնջվեցին։ Ա–ում 5-ամսյա տիրապետության ժամանակ թուրքերը ոչնչացրին շուրջ 7000 հայ, տեղահանեցին հազարավոր հայերի։ Մուդրոսի զինադադարից (1918, հոկտ. 30) հետո, երբ Թուրքիայի զորքերը հեռացան Ա–ից, գլուխ բարձրացրին տեղի պանիսլամիստ թուրքերը՝ ծրագրելով ստեղծել «անկախ Ա.»։ Կենտրոնական իշխանությունը բոլոր ելույթները դաժանորեն ճնշեց։ Ա–ից արտագաղթած հայերի զգալի մասը 1920-ական թթ. վերադարձավ իր նախկին բնակավայրերը։ 1971-ին Ա–ի Ռեզայիե քաղաքում և համանուն գավառի 22 գյուղերում բնակվում էր շուրջ 4000 հայ։ Քաղաքն ունի հայկական եկեղեցի և դպրոց։ Դպրոցներ կան նաև 10 գյուղերում։ 1946-ի ներգաղթից հետո Շահփուր (Սալմաստ) քաղաքում և նույնանուն գավառի Փայաջուկ, Հավթվան, Մահլամ, Խոսրովա գյուղերում ապրում է շուրջ 80 տուն հայ։ Հավթվան և Մահլամ գյուղերն ունեն հայկական դպրոցներ։ Մարաղայում և շրջակա Մահաբադ, Միանդուաբ, Թաղիաբադ գյուղերում ապրում են 20 տուն հայեր։ 1946-ի ներգաղթից հետո խիստ նվազեց նաև Ղարադաղի հայերի թիվը, նախկին (1930-ի տվյալներով) 22 գյուղերում ապրող 510 տան համեմատությամբ այժմ միայն 5 գյուղերում (Վինա, Քարագլուխ, Հյուժ, Նորաշեն, Զիագահ) ապրում են հայեր (շուրջ 800 մարդ)։ Հայաշատ Թավրիզը մնում է Ա–ի Հայոց թեմի առաջնորդանիստը։ Թեմը բաժանված է 4 գործակալությունների՝ Ռեզայիեի, Շահփուրի, Մարաղայի և Ղարադաղի։ Թեմը ղեկավարում է 4 տարի ժամանակով ընտրված Թեմական Պատգամավորական ժողովի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ բաղկացած 17 անդամից։ Սա ընտրում է 7 անդամից կազմված Թեմական խորհուրդ՝ իբրև գործադիր մարմին։ 1966-ին Թեմական խորհուրդը պետական պաշտոնագրով ճանաչվեց Ա–ի հայկական լքյալ գույքերի ու եկեղեցական կալվածների իրավատերը։ 1967-ին Իրանի իշխանությունը Ա–ի Հայոց Առաջնորդարանն ու Թեմական խորհուրդը ճանաչեց իբրև կրոնա–մշակութսւյին բարեգործական կազմակերպություն՝ «Ատրպատականի համայն հայության Առաջնորդարանի խորհուրդ» անունով («Շորայե Իսսլիֆագարինե քոլլը արամնեյե Ազերբայջան», համառոտ՝ «Շորա»)։ Ա. այժմ բաժանված է Արևելյանի՝ Թավրիզ կենտրոնով, և Արևմտյանի՝ Ռեզայիե (Ուրմիա) կենտրոնով՝ կազմելով Իրանի երրորդ և չորրորդ ոստանները։ Ընդհանուր տարածությունը 110 հզ. կմ² է, բնակչությունը՝ շուրջ 3700 հզ.։

Գրկ. Ֆրանգյան Ե., Ատրպատական, Թ., 1905։ Մամյան.Ն., Ատրպատականի հայոց թեմը, Րաֆֆի տարեգիրք, Ա տարի, 1969, Թեհրան, 1968։ Дьяконов И. М., История Мидии, М.–Л., 1956. Ս. Երեմյան, Ա. Տեր–Ղևոնդյան

(նկ․) Ատրպետ։