ՀՍՀ/ԱՐԱԲԱԿԱՆ ԱՄԻՐԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ԱՄԻՐԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, արաբական տիրապետության ժամանակ Հայաստանում արաբ գաղթականների ստեղծած իշխանություններ։ Հայաստանում առաջին ամիրայությունն ստեղծվեց Աղձնիք նահանգում (VIII դ. սկիզբ)՝ Շայբանի ցեղի կողմից։ Աբբասյանների ժամանակ այս ցեղից մի քանի ամիրաներ վարում էին Արմինիայի ոստիկանի պաշտոնը։ Հարուն ալ–Ռաշիդի օրոք (786–809) Հայաստանում Բյուզանդիայի դեմ սահմանային գոտի ստեղծելու, հայ նախարարությունները թուլացնելու նպատակով արաբ ոստիկանները Հայոց Տուրուբերան նահանգի Հարք, Ապահունիք գավառները գաղթեցրին Սուլայմ ցեղի (Կայս մեծ ցեղից) ռազմիկ արաբներին՝ Կայսիկներին, և ստեղծվեց Կայսիկների ամիրայությունը (Հարքում և Ապահունիքում)։ Տուրուբերանի Աղիովիտ գավառում ստեղծվեց Ութմանիկների ամիրայությունը։ Հայաստանի տարբեր գավառներում թափառում էին Ջահհաֆյանները, որոնց տան հիմնադիր Ջահհաֆն ամուսնացել էր 774–775-ի ապստամբության ղեկավար Մուշեղ Մամիկոնյանի դստեր հետ և, հանդես գալով որպես Մամիկոնյանների ժառանգորդ, ձգտում էր տիրել Տարոնին ու Մամիկոնյանների մյուս տիրույթներին։ Սակայն, Հայոց իշխան Աշոտ Մսակերից պարտություն կրելով, չկարողացավ հաստատվել Հայաստանի որևէ գավառում, բայց իր որդի Աբդ ալ–Մալիքի հետ գրավեց Դվինը։ Նա համոզեց Մամուն խալիֆին՝ իր որդուն դարձնել Արմինիայի ոստիկան։ Բայց Աշոտ Մսակերի եղբայրը՝ սպարապետ Շապուհ Բագրատունին, ոչնչացրեց Զահհաֆյանների ուժերը, իսկ Դվինի բնակիչներն սպանեցին Աբդ ալ–Մալիքին։ Բաբեկի ապստամբության ժամանակ Հայաստանում հանդես եկավ Ջահհաֆի եղբորորդի Սևադան, որն ամուսնացել էր Արուսյակ Բագրատունու հետ։ Սևադային և նրա հետ ժամանակավորապես դաշնակցած Սմբատ սպարապետին հաղթեց Խալիդ ոստիկանը։ Սևադան շուտով վտարվեց Հայաստանից, և նրա տոհմին ասպարեզից դուրս մղեցին Բագրատունիները։ Արդնում և Բաղեշում ստեղծվել էր Զուարիկների ամիրայությունը։ Արզնի տեր Մուսա իբն Զուրարան ամուսնացել էր Տարոնի գահերեց Բագարատ Բագրատունու քրոջ հետ, իսկ որդին՝ Աբուլ–Սադրան, Արծրունի իշխանուհու հետ և ծածուկ ընդունել քրիստոնեություն։ Բուղայի արշավանքի ժամանակ (852–855) նորից Հայաստան եկան արաբների նոր խմբեր, իսկ հներն ամրապնդեցին իրենց դիրքերը։ Ատրպատականի Սաջյան ամիրաների օգնությամբ Դվինում և ավելի ուշ Գողթնում ստեղծվեցին ամիրայություններ։ Աշոտ Բագրատունու իշխանության և թագավորության տարիներին (862–890) Հայաստանում նրան ենթակա էին Կայսիկների ամիրայությունը՝ Ապահունիքում ու Հարքում, Ութմանիկներինը՝ Բերկրիում, և Կարինի ամիրայությունը։ Հայոց թագավորությանը ժամանակավորապես ենթակա էին Հերի ամիրան և Արզնի Զուրարիկները, իսկ Կարինի տերերը կապված էին նաև խալիֆայության հետ։ Կայսիկ Աբուլ–Վարդին հաջորդած երեք որդիները 902-ին ապստամբեցին Սմբատ Ա–ի դեմ, սակայն թագավորը ճնշեց այս շարժումը։ Սմբատ թագավորի մահից հետո Կայսիկները ենթարկվեցին Բյուզանդիային, իսկ 964-ին վերջ տրվեց նրանց իշխանությանը։ Բյուզանդիան 949-ին գրավեց և կործանեց Կարինը։ Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը (953–977), ձգտելով վերականգնել Հայաստանի միասնականությունը, իր իշխանությանը ենթարկեց Դվինը, Արաքսի հովիտը և Կայսիկների ամիրայության մեջ մտնող շրջանները։ Ատրպատականի տեր Սալարյանները 970-ական թթ. գրավեցին Դվինը և Արաքսի հովիտը, բայց 990-ին Գագիկ Ա Բագրատունի թագավորը դրանք վերամիավորեց Հայաստանի հետ։ X դ. առաջին կեսին Հյուսիսային Միջագետքում իրենց իշխանությունը հիմնեցին Համդանյանները, որոնք սերում էին Տաղլիբ ցեղից։ Նրանք աստիճանաբար տիրեցին Հյուսիսային Ասորիքին, Հայաստանի Աղձնիք նահանգին և այլ երկրամասերի։ X դ. վերջին և XI դ. սկզբին ստեղծվեցին նոր ամիրայություններ, որոնցից նշանավոր էր Մրվանյանների ամիրայությունը։ Մրվանյանները (990–1096) կարողացան գրավել Աղձնիքը, Վանա լճի հս. և արմ. կողմի գավառները և հասան մինչև Խլաթ։ Նրանք բախվեցին Տայքի Դավիթ Կյուրապաղատի հետ, սակայն 1001-ին հնազանդություն հայտնեցին Բյուզանդիայի Վասիլ II կայսրին։ Մրվանյանների հիմնական տիրույթը Աղձնիքն էր (բացի Սասուն գավառից), իսկ նստավայրը՝ Նփրկերտը։ Սելջուկյան արշավանքների ժամանակ նրանք հպատակ դարձան սելջուկ նվաճողներին, որոնց և ի վերջո անցան նրանց տիրույթները։ Գագիկ Ա–ի մահից հետո, օգտվելով խառը իրավիճակից, Դվինում հաստատվեցին Շադդադյանները (1021–1130)՝ ստեղծելով նոր ամիրայություն։ Նրանք նախ, Բյուզանդիայի դրդումով, հարձակվեցին Գագիկ Բ թագավորի վրա, բայց հետո իրենք ենթարկվեցին Բյուզանդիայի հարձակմանը, ապա հպատակվեցին սելջուկներին։ Արաբական ամիրայությունները, հենակետ դառնալով օտար նվաճողների համար, պատճառ դարձան Բագրատունյաց թագավորության միասնականության քայքայմանը։ Նրանք մեծ վնաս հասցրին նաև Հարավային Հայաստանի քաղաքների ու առևտրի զարգացմանը։ Արաբական ամիրայություններին հաջորդեցին քրդական ու սելջուկյան ամիրայությունները։
Գրկ. Տեր-Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Ե., 1965։
