ՀՍՀ/ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԼԻԳԱ
ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԼԻԳԱ, ռեգիոնալ կազմակերպություն, ստեղծվել է 1945-ի մարտի 22-ին, Կահիրեում։ Հիմնադիր անդամներն են՝ Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը (այն ժամանակ՝ Անդրհորդանան)։ Ավելի ուշ լիգայի մեջ մտան նաև Եմենի Արաբական Հանրապետությունը, Լիբիան, Սուդանը, Մարոկկոն, Թունիսը, Քուվեյթը, Ալժիրը, Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Բահրեյնը, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Լիգայի նպատակն է ամրապնդել անդամ երկրների փոխհարաբերություևները, կոորդինացնել նրանց քաղաքականությունը միջազգային ասպարեզում, ապահովել նրանց ազգային անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այն զբաղվում է նաև տնտեսական, ֆինանսական, առևտրական, մշակութային, սոցիալական, առողջապահության և այլ հարցերով։ Բարձրագույն մարմինը անդամ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած Խորհուրդն է։ Ընթացիկ գործերը վարում է Գլխավոր քարտուղարությունը։ Ղեկավար մարմինների նստավայրը Կահիրեն է։
