Jump to content

ՀՍՀ/ԱՐԱԲԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱԲԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, Արաբիա (<հին եբր. արաբա–անապատ), Ասիայի ամենամեծ թերակղզին, մայր ցամաքի հարավ–արևմուտքում: Տարածությունը՝ մոտ 3 մլն. կմ² է։ Թերակղզու ափերը ողողում են՝ արմ–ից՝ Կարմիր ծովը, հվ–ից՝ Ադենի ծոցը և Արաբական ծովը, արլ–ից՝ Օմանի և Պարսից ծոցերը։ Ափերը թույլ են կտրտված։ Ա. թ. Աֆրիկա–Արաբական պլատֆորմի հս–արլ. մասն է՝ անջատված պալեոգենի վերջում և նեոգենում։ Գլխավորապես կազմված է արխեյան թերթաքարերից և գրանիտներից, որոնք արմ–ում և մասամբ հվ–ում մերկանում են, իսկ մնացած մասում ծածկված են կրաքարերով ու ավազաքարերով։ Ա. թ. սարավանդ է՝ մեծ մասամբ 500–1000 մ բարձրություններով։ Ամենաբարձր մասը Ասիրի և Եմենի լեռնային շրջանն է (մինչև 3600 մ)։ Ծայր հվ–արլ–ում մեկուսի ընկած է Օմանի լեռնային երկիրը (3352 մ)։ Արմ. և հվ. ծովափի երկարությամբ ձգվում է Տիխամայի դաշտավայրը, հս–ում՝ Հյուսիսային Արաբիայի սարավանդները և Մեծ Նեֆուդ անապատը, կենտրոնական մասի արմ–ում՝ Միջին Արաբական սարավանդը, արլ–ում՝ կուեստային թմբաշարերի մարզը, հվ–ում՝ Ռուբ–էլ–խալի ավազային անապատն է։ Ա. թ–ու հվ. և միջին մասն ունի արևադարձային պասատային կլիմա։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14°C-ից (Էր–Ռիյադ) մինչև 24,8°C (Ադեն) է, հուլիսինը՝ 33,4°C (Էր–Ռիյադ), առավելագույնը՝ 55°C։ Տարեկան տեղումները 100 մմ–ից (հվ–ում 50 մմ–ից) պակաս են, Օմանի և Եմենի լեռներում՝ 700–900 մմ։ Ծայր հս–ում կլիման մերձարևադարձային է՝ ձմեռային ցիկլոնային տեղումներով։ Բուսականությունը հիմնականում անապատային է։ Հվ–ում հանդիպում են սավաննաներ, տեղ–տեղ օազիսներ՝ փյունիկյան արմավենիներով, լեռների ծովահայաց խոնավ լանջերին կան անտառներ։ Ա. թ–ում են գտնվում Իրաքի հվ. մասը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Եմենի Արաբական Հանրապետությունր, Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, ինչպես նաև Պարսից Ծոցի Արաբական Իշխանությունների Ֆեդերացիան, Մասկաթը և Կատարը։