Jump to content

ՀՍՀ/ԱՐԱԲԱԿԱՆ ՁԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱԲԱԿԱՆ ՁԻ, հեծկան ձիերի հնագույն ցեղ։ Ստացվել է մ. թ. 1-ին հազարամյակում, Արաբական թերակղգում։ Եվրոպա ներմուծվել է միջին դարերում և մինչև XIX դ. սկիզբը լայնորեն օգտագործվել է տեղական հեծկան ձիերի բարելավման, անգլիական զտարյուն, օռլովյան վարգուն և այլ ցեղերի ստացման համար։ Արաբական ձին խոշոր չէ, ունի նուրբ և ամուր կառուցվածք, կարճ իրան, փոքրիկ գեղեցիկ գլուխ, միջին երկարության պարանոց, երկար վերջավորություններ։ Ա. ձ. մեծ մասամբ լինում է մոխրագույն, աշխետ և շիկագույն՝ ոսկեփայլ երանգով։ Մնդավի բարձրությունը 150–152 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 149–150 սմ, դաստակի փաթը՝ 18–19 սմ։ Արագընթաց է, հեզ, աշխույժ և դիմացկուն։ ՍՍՀՄ–ում Ա. ձ–ու արագընթացության ռեկորդներից է. 1000 մ՝ 1 ր 8,2 վրկ և 4000 մ՝ 4 ր 42,3 վրկ։ ՍՍՀՄ–ում կա ներցեղային 3 տիպ՝ քոհելյան, հադբան և սիգլավի։ Լավագույն գլխաքանակը կենտրոնացված է Ստավրոպոլի երկրամասի Թերեքի ձիաբուծարանում։ Ա. ձ. բուծվում է Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի շատ երկրներում և Հյուսիսային Ամերիկայում։

(նկ․) Արաբական ձի։