Jump to content

ՀՍՀ/ԱՐԱԲԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱԲԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, միջնադարյան մշակույթ, որը ձևավորվել է Արաբական խալիֆայությունում VII–X դարերում, արաբների և նրանց կողմից նվաճված Մերձավոր և Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավ–Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մշակութային փոխազդեցության ընթացքում։ Գիտական գրականության մեջ «Ա. մ.» տերմինը գործածվում է ինչպես բուն արաբական ժողովուրդների, այնպես էլ խալիֆայության մեջ մտնող այլ ժողովուրդների միջնադարյան արաբալեզու մշակույթն արտահայտելու համար։ Վերջին իմաստով այն երբեմն պայմանականորեն նույնացվում է «մահմեդական մշակույթ» հասկացության հետ։ Ա. մ–ի ձևավորումը տեղի է ունեցել մահմեդականության երևան գալու (VI 1դ.) և խալիֆայության կազմավորման ժամանակաշրջանում։ Վաղ շրջանում Ա. մ–ի ձեվավորումը հիմնականում ընթացել է նվաճված ժողովուրդների մշակութային ժառանգությունը (հին հունական, հելլենիստական–հռոմեական, արամեական, իրանական են) գաղափարական ու սոցիալ–քաղաքական նոր պայմաններում յուրացնելու, վերագնահատելու և ստեղծագործաբար զարգացնելու ուղղությամբ։ Արաբներն իրենք Ա. մ–ին տվել են մահմեդական կրոնր (որի մեջ հետագայում ներթափանցեցին իրանական փիլիսոփայության տարրեր), արաբ․ լեզուն․ բեդվինական պոեզիայի ավանդույթները։ VII–VIII դդ. կեսերին Ա. մ–ի գլխավոր կենտրոններն էին Դամասկոսը՝ Ասորիքում, Մեքքան և Մեդինան՝ Արաբիայում, Բասրան՝ Իրաքում։ Աբբասյանների ժամանակ կենտրոնը դարձավ 762-ին հիմնադրված Բաղդադ քաղաքը։ Ա. մ. ծաղկման գագաթնակետին հասավ IX–X դդ.։ Նրա նվաճումները աշխարհագրական գիտելիքների, պատմագրության, փիլիսոփայության, մաթեմատիկայի, բժշկության և այլ բնագավառներում հարստացրին Արևելքի և Եվրոպայի շատ ժողովուրդների մշակույթը։ VIII–X դդ. Ա. մ–ի նշանակությունը համաշխարհային մշակույթի պատմության մեջ որոշվում էր նրա ստեղծողների կողմից՝ աշխարհի և մարդու գիտական, կրոնա-փիլիսոփայական, գեղարվեստական ճանաչման նոր միջոցների հայտնագործումով։ Խալիֆայության կազմալուծմամբ (X դ. կես) նրա լավագույն ավանդույթներն իրենց հետագա զարգացումն ապրեցին Եգիպտոսում և Ասորիքում։ Ֆաթիմյանների (X–XII դդ.) և Այուբյանների (XII – XIII դդ.) ժամանակ Բաղդադը իր առաջնությունը զիջեց Կահիրեին։ X–XV դդ. ծաղկեց նաև արաբա–իսպանական մշակույթը Իսպանիայում (Կորդովա, Սևիլիա, Գրենադա)։ XVI դ. արաբական երկրները վերածվեցին Օսմանյան կայսրության նահանգների և Ա. մ. անկում ապրեց մշակութային ցածր մակարդակի վրա գտնվող նվաճողների՝ թուրքերի իշխանության ներքո։ Նրա զարգացման նոր շրջանն սկսվում է XIX դ. 1-ին կեսից։ Ազգային–ազատագրական շարժման սկզբնավորման, արաբական ինքնուրույն պետությունների առաջացման պայմաններում ժամանակակից Ա. մ–ի ձևավորումը տեղի է ունենում արաբական յուրաքանչյուր երկրի շրջանակներում (տես առանձին արաբական երկրների վերաբերյալ հոդվածների համապատասխան բաժինները)։


Ճշգրիտ և բնական գիտություններ։ Սկզբում բնական գիտությունների զարգացման կենտրոնը խալիֆայությունում Ասորիքն էր (մասամբ հարավ-արևմտյան Իրանը)։ Այստեղ սկզբնավորվեցին անտիկ հեղինակների արաբերեն թարգմանություններն ու մեկնությունները, որոնց մի մասը փոխարինեց հետագայում անհետացած բնագրերին։ Օրինակ, Հերոնի «Մեխանիկա»–ն, Արքիմեդի շատ տրակտատներ են հասել են մեզ միայն արաբերեն թարգմանությամբ։ Արաբների միջոցով Եվրոպա մուտք գործեցին տեխնիկայի այնպիսի նորույթներ, ինչպես թուղթը, վառողը, թեք առագաստը, կողմնացույցը են, որոնց մի մասր նրանք վերցրել էին Չինաստանից և Հնդկաստանից։ Թարգմանական գրականության, դրա մեկնությունների ստեղծմանը զուգընթաց սկսեց ձևավորվել շինարարության, հողաչափության և առևտրի կիրառական ու գործնական խնդիրների լուծման հետ սերտորեն կապված գիտական ուղղություն։ Բուռն թափով սկսեցին զարգանալ մաթեմատիկան և աստղագիտությունը։ Մաթեմատիկայի ձևավորման վրա հունականի հետ միաժամանակ մեծ ազդեցություն թողեցին նաև հնդկական գիտության նվաճումները (օրինակ, հաշվարկման տասնորդական դիրքային համակարգը՝ 0-ի կիրառմամբ)։ XV դ. ալ–Րաշին (Սամարղանդ) գործածեց տասնորդական կոտորակներ՝ նկարագրելով դրանց գործողությունների կանոնները։ Մեծ է ալ–Խորեզմիի (IX դ.) և պարսկ. ու տաջիկ․ բանաստեղծ ու գիտնական Օմար Խայյամի (XI–XII դդ.) դերը հանրահաշվի, որպես ինքնուրույն գիտության, ձևավորման գործում։ Առաջինի տրակտատը պարունակում է քառակուսի հավասարումների դասակարգումը և դրանց լուծման հնարքները, երկրորդինը՝ խորանարդ հավասարումների տեսությունը և դասակարգումը։ Ալ–Մարվազիի, Աբու–լե–Վեֆաիի (X դ.), Նասրեդդին Թուսիի (XIII դ.) և այլոց շնորհիվ ոլորտային և հարթ եռանկյունաչափությունը աստղագիտության օժանդակ բաժնից վերածվեց ինքնուրույն մաթ. գիտության։ Մեծ հաջողությունների հասավ աստղագիտությունը։ Սկզբում կատարվեցին Պտղոմեոսի և հնդկ. աստղագետների մի շարք աշխատանքների թարգմանություններ ու մեկնություններ։ Թարգմանական գործունեության կենտրոնը Բաղդադի «Իմաստության տունն էր» և նրան կից աստղադիտարանը։ Առաջնորդվելով երկնային մարմինների շարժումների մոդելավորման հունական մեթոդներով և հաշվարկման հնդկ. կանոններով՝ արաբ աստղագետները մշակեցին երկնոլորտում լուսատուի կոորդինատների որոշման եղանակներ, ինչպես նաև կիրառելի երեք կոորդինատային համակարգերից մեկից մյուսին անցնելու կանոններ։ Մեծ տարածում ստացան ոլորտային աստղագիտության աղյուսակների ու հաշվարկային կանոնների ժողովածուները։ Արաբական աստղագետներն զգալի ճշգրտությամբ չափեցին Խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ։ Երկրագնդի չափերի որոշման համար կատարվեց միջօրեականի աստիճանային չափում (IX դ.)։ Դիտումների և հաշվումների համար ստեղծվեցին աստղագիտական և գեոդեզիական գործիքներ։ Հատկապես մեծ տարածում գտան արմիլյար սֆերաները, կվադրանտները և աստրոլաբները։ X դ. աստրոլաբներից մեկը գտնվել է Հայաստանում և պահպանվում է էջմիածնի Մայր Աթոռի թանգարանում։ Հայերեն և արաբերեն մակագրություններով երկու աստրոլաբներ (IX–X դդ.) պահպանվում են Օքսֆորդի գիտական պատմական թանգարանում։ Ընդ որում, նրանցից մեկի վրայի հայերեն գրությունը արաբերենի թարգմանությունը չէ և ավելի մեծ նյութ է պարունակում, քան արաբերենը։

Մեխանիկայի ասպարեզի աշխատանքներն սկսվեցին Արիստոտելի աշխատությունների թարգմանությամբ և մեկնություններով։ Շարունակվեց անտիկ մեխանիկայի թողած ժառանգության մշակումը։ Ֆիզիկայի, մասնավորապես՝ մթնոլորտի ֆիզիկայի ու գեոֆիզիկայի մասին տեղեկություններ կան Աբու Ալի իբն–Սինայի և Բիրունիի աշխատություններում։ Իբն ալ–Խայսամի «Օպտիկա»–ն լայնորեն հայտնի էր Արևմտյան Եվրոպայում։ Զգալի զարգացում ապրեցին նաև քիմիան (տես Ալքիմիա) և կենսաբանությունը։ Արաբները մեծ հաջողությունների էին հասել նաև բժշկագիտության բնագավառում։ Միջնադարյան Արևելքի նշանավոր գիտնական ար–Ռազիի (864–925) «Բժշկագիտության համապարփակ գիրք» աշխատությունը արաբ. բժշկական հանրագիտարան էր։ Հայտնի են նաև Ալի իբն–Արբասի (մահ. 944) մահճաբուժական (կլինիկական) ուշագրավ նկարագրությունները, Աբու Ալի իբն–Սինայի (980–1037) «Կանոն բժշկության» և ԻբնՌուշդի «ժողովածու» բժշկագիտական ծավալուն աշխատությունները։ Արաբական բժշկագիտությունը ազդեցություն է ունեցել հայ բժիշկներ Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Ասար Սեբաստացու, Գրիգորիսի և այլոց վրա։


Աշխարհագրություն։ Արաբ աշխարհագրագետներն ու ճանապարհորդները թողել են Արևելքի մահմեդական, ինչպես նաև մի շարք այլ երկրների, այդ թվում Եվրոպայի, Հյուսիսային, Կենտրոնական ու Արևելյան Աֆրիկայի, Ասիայի ափերի (մինչև Կորեա), Հայկական լեռնաշխարհի, Մալայան արշիպելագի նկարագրությունը։ Նրանց աշխատությունները կարևոր, իսկ երբեմն էլ միակ վկայություններն են միջնադարի շատ ժողովուրդների մասին։ Արաբ. աշխարհագրական գիտությունն իր տեսական դրույթների հիմքում դնում էր ոչ թե Երկրի աշխարհագրության վերա– բերյալ իր իսկ կուտակած իրական փաստերը, այլ աշխարհի պտղոմեոսյան պատկերացումը և աշխարհագրական տեսությունը։ Քարտեզագրական նյութերը վերարտադրում էին Պտղոմեոսի քարտեզները կամ հին իրանական սխեմատիկ քարտեզների նախատիպերը։ Նախամահմեդական շրջանում արաբների աշխարհագրական պատկերացումները արտացոլվել են գեղարվեստական երկերում և Ղուրանում։ Անտիկ հեղինակների, հատկապես Պտղոմեոսի աստղագիտական–աշխարհագրական երկերի թարգմանություններն ու մշակումները VIII–IX դդ. հիմք դրեցին արաբ, գիտական աշխարհագրությանը։ Այդ շրջանին են վերաբերում ալ–Բատտանիի, ալ–Խորեզմիի և ալ–Բիրունիի աստղաբաշխական–աշխարհագրական ու գեոդեզիական աշխատությունները։ IX դ. երևան եկան նաև նկարագրական աշխարհագրության առաջին նմուշները (Իբն–Խորդադբեհի, Կուդամի իբն Ջաֆարի, ալ–Յակուբիի երկերը), ինչպես նաև ճանապարհորդական պատմվածքներ (Աբու Զայդ աս–Սիրաֆի, Բուզուրգ իբն Շահրիար և ուրիշներ)։ Հետագայում զարգացում ապրեց ճանապարհորդական նկարագրությունների ժանրը։

Արաբ․ աշխարհագրական գրականությունը ծաղկեց X դ. (ալ–Իսթախրի, Իբն Հաուկալ, ալ–Մուկադդասի)։ XI–XIV դդ. երևան եկան աշխարհագրական բառարանների և տիեզերագրության ժանրերը։ Եվրոպայում մեծ ճանաչում գտավ ալ–Իդրիսիի աշխատությունը, որն իր 70 քարտեզով համարվում էր աշխարհագրական գիտական ամենալավ շարադրանքը միջին դարերում։ Աշխարհագրության հետագա զարգացումն ընթացավ տիեզերագրությունների և առանձին քաղաքների ու երկրների պատմա–տեղագրական նկարագրությունների (ալ–Սակրիզի) ստեղծման ուղղությամբ։ Արաբ․ աշխարհագրական գիտության մեջ խոշոր ներդրում են եղել Վասկո դա Գամայի, լոցման Իբն Մաջիդի և ալ–Մահրիի աշխատությունները, որոնք ընդհանրացրին արաբ․ ծովագնացության տեսությունն ու բազմադարյան գործնական աշխատանքի արդյունքները։ Արաբ մատենագիրների պատմա–աշխարհագրական աշխատությունները հարուստ տվյալներ են պարունակում Հայաստանի մասին։ IX դ. արաբ պատմագիր–աշխարհագիր Յակուբին 870-ական թթ. անձամբ եղել է Հայաստանում, ծանոթացել երկրի սոցիալ–քաղաքական ու տնտեսական կացությանը։ Իր «Գիրք երկրների» երկում նկարագրել է Հայաստանի աշխարհագրական, վարչա–քաղաքական իրավիճակը, քաղաքները, ճանապարհները, հարկերը, առևտուրը, արդյունագործությունը։ Յակուբին Արմինիա վարչական միավորը բաժանում է երեք մասերի, ցույց տալիս անկախության հասած Հայաստանի տնտեսական վերելքը։ Հայաստանի մասին արժեքավոր տվյալներ ունեն նաև Բալազորին (IX դ.), Իբն Խորդադբեհը (մոտ 820 – մոտ 912)։ Վերջինիս «Գիրք ճանապարհների և թագավորությունների» գործում նկարագրվում են Հայաստանի հողատիրական հարաբերությունները, վարչական, քաղաքական դրությունը։ Արմինիան (Հայաստանը, Վիրքը և Աղվանքը) բաժանվում է չորս վարչա–տերիտորիալ միավորների (I, II, III և IV Արմինիաների)։ Իբն Ռուստեն (IX–X դդ.) իր «Գիրք թանկարժեք քարերի» գրքում խոսում է նաև Հայաստանի վարչա–տերիտորիալ իրավիճակի մասին։ Իբն ալ–Ֆակիհը (IX–X դդ.) իր «Գիրք երկրների մասին» երկում նույնպես Արմինիան բաժանում է չորս մասերի, առանձին–առանձին նկարագրում յուրաքանչյուրը, նշում նրանց քաղաքները, ճանապարհները։ Հայաստանում հաշվում է 18 հզ. բնակավայր, նշում երկրի հարկերը, թվում կենդանիները, բուսականությունը, հանքատեսակները։ Ալ–Իսթախրին (X ղ.) իր «Գիրք թագավորությունների ճանապարհների» երկում նկարագրում է Հայաստանի պատմա–աշխարհագրական կացությունը, քաղաքները, գետերը, լճերը, տնտեսությունը, առևտուրը, ճանապարհները ևն։ Հայաստանի մասին հատկապես արժեքավոր տվյալներ ունի Յակուտը (Յակուտ ալ–Համավի) (1179–1229), որի «Աշխարհագրական բառգիրք» աշխատությունը արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ, նշված են Հայաստանի որոշ գավառներ, երկրամասեր, քաղաքներ և այլ կարևոր բնակավայրեր, բերդեր, վանքեր, կամուրջներ, հանքեր, գետեր, լճեր ևն։ Հայաստանի աշխարհագրության մասին արժեքավոր տվյալներ ունեն նաև Աբու–լ–Ֆիդան (1273–1333), Իբն Բատուտան (1304–1377) և ուրիշներ։

Փիլիսոփայությունը։ Սկզբնական շրջանում արաբ, փիլիսոփայությունը հանդես է եկել որպես մահմեդական աստվածաբանական մետաֆիզիկա՝ կազմելով իսլամի փիլիսոփայական հիմքը։ Հետագայում հնդկական, հունական և սիրիական փիլ. ագդեցության տակ ձևավորվել են իդեալիստական և մատերիալիստական ուղղություն ունեցող հոսանքները։

Գոյություն ունեցող մահմեդական աստվածաբանական մետաֆիզիկային՝ քալամին, հակադրվեցին մութագիլիտները՝ առաջին մահմեդական մտածողները, որոնք ուսումնասիրեցին հունական անտիկ փիլիսոփայությունը։ Ժխտելով աստծո էությունը լրացնող դրական ատրիբուտները՝ մասնավորապես խոսքի ատրիբուտը, մութազիլիտները ժխտում էին Ղուրանի հարատևության վերաբերյալ պատկերացումը։ Սութազիլիտները գտնում էին, որ մարդը բանականությամբ է ճանաչում տիեզերքը և աստծուն, որ արարիչն անընդունակ է փոխելու իրերի բնական կարգը։ Նրանք հենվում էին ժամանակի բնական և ճշգրիտ գիտությունների արդյունքների, մասնավորապես ատոմիստական ուսմունքի վրա։ IX դարից Բաղդադում սկսեց ձևավորվել արաբական արիստոտելականությունը և նեոպլատոնիզմը։ Արաբ․ փիլիսոփայության հետագա զարգացման վրա զգալի ազդեցություն է թողել սուֆիզմը, որը կրոնական ռեակցիայի արտահայտությունն էր։ Այդ կրոնամիստիկական հոսանքը սկզբնական շրջանում արտահայտում էր աշխատավորների պսւսսիվ բողոքը ընդդեմ ֆեոդալական կարգերի և հոգևորականության։ Նրա հիմքում ընկած էին ասկետության, հայեցողական ինքնախորասուզման և ակտիվ հասարակական կյանքից հրաժարվելու գաղափարները։ Սուֆիզմի փիլ. սկզբունքներում իր յուրահատուկ արտահայտությունը գտավ նեոպլատոնիզմը։ Այդ հոսանքի ականավոր ներկայացուցիչներն էին ալ–Դազալին (1059–1111) և Իբն ալ–Արաբին (1165–1240)։

Արաբ․ փիլիսոփայության զարգացման համար շրջադարձային կետ էր Արիստոտելի փիլ. ժառանգության յուրացումը, որի արաբ․ թարգմանությունները և մեկնաբանությունները հնարավորություն ստեղծեցին աթեիստական և նույնիսկ մատերիալիստական ըմբռնումների համար։ Արաբ, պերիպաթետիկության հիմնադիր ալ–Քինդին (մոտ 800–879) առաջինը շարադրեց Արիստոտելի հիմնական աշխատությունների բովանդակությունը։ Արաբ․ արիստոտելականությունը հատկապես ընդգծում էր կոնկրետ գիտությունների և բնագիտության նշանակությունը, պաշտպանում աշխարհի հավիտենականության գաղափարը, գտնում, որ աշխարհը չի ստեղծվել ոչնչից և հավերժ է ինչպես աստված։ Սակայն պերիպաթետները չհրաժարվեցին կրոնական դոգմաներից և ձգտում էին իրենց գաղափարները համատեղել իսլամի հավատալիքների հետ, հնարավոր էին համարում կրոնի և նրանից հարաբերականորեն անկախ փիլիսոփայության ինքնուրույն գոյությունը։ Արաբ․ գիտության և փիլիսոփայության մշակման ու զարգացման գործում մեծ դեր են խաղացել Աբու Ալի իբն–Սինան (Ավիցեննա) և ալ–Ֆարաբին։ Արաբ․ առաջադեմ մտածողների շարքում առանձնակի տեղ է գրավում բանաստեղծ–փիլիսոփա Աբուլ–լ–Ալա–ալ–Մաարին։

XII դարից արաբ. փիլ. մտքի կենտրոնը տեղափոխվում է արևմտյան մահմեդական աշխարհ՝ Իսպանիա։ Արաբ. Արևմուտքի փիլիսոփայության հիմնադիրն է համարվում բժիշկ–մաթեմատիկոս և փիլիսոփա Իբն Բաջան (XII դ.), ըստ որի, բարձրագույն իմացությունը իրականացվում է բանականության միջոցով, և հասարակության կատարելագործման միակ ուղին մարդու հոգեկան ինքնակատարելագործումն է։ Ամբողջ միջնադարյան արաբ․ փիլիսոփայությունը իր բարձրակետին հասավ Իբն Ռուշդի (Ավեռոես, XII դ.) ուսմունքում։ Նշանավոր մտածող էր նաև Իբն Խալդունը, որը իրավամբ համարվում է պատմության փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։

Միջնադարյան արաբ․ փիլիսոփայությունը նոր պայմաններում պաշտպանեց և զարգացրեց հունական փիլ. մշակույթը, ձևավորեց ճշմարտության երկվության սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով գիտության և փիլիսոփայության հարաբերականորեն ազատ զարգացման համար։ Արաբ․ սկեպտիցիզմը քննադատության ենթարկեց կրոնը և իդեալիզմը՝ հող նախապատրաստելով աթեիստական և մատերիալիստական հայացքների ձևավորման, նոմինալիզմի սաղմնավորման համար։ Արաբ․ փիլիսոփայությունը, միաժամանակ, հանդիսացավ եվրոպական Վերածննդի գաղափարական ակունքներից մեկը։ Հայ և արաբ․ միջնադարյան փիլիսոփայություններն ունեն ընդհանուր գծեր, որոնք նկատելի են հայկական և արաբական արիստոտելականի մեջ, հատկապես Արիստոտելի տրամաբանական և իմացաբանական ուսմունքի մեկնաբանման մեջ։ X–XIV դդ. հայ բնափիլիսոփայական միտքը զգալիորեն կրել է արաբ․ գիտության ազդեցությունը։ Այս տեսակետից հատկապես հատկանշական են Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» և Հովհաննես Երզնկացու «Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք» աշխատությունները, որտեղ շարադրվել և մեկնաբանվել են արաբ փիլիսոփաների և բժշկագետների որոշ հայացքներ։ Ընդհանուր գծեր նշմարվում են նաև Գրիգոր Մագիստրոսի, Գրիգոր Նարեկացու հայացքների և արաբական փիլիսոփայական հոսանքների միջև։

Պատմագրությունը: Որպես ինքնուրույն գիտություն ձևավորվել է VIII–IX դդ. սահմանագլխին։ Սկզբնապես նրա համար նյութ են ծառայել արաբական ցեղերի ծագումնաբանական ավանդությունները, նախամահմեդական պետությունների վերաբերյալ կիսաառասպելական պատումները, ինչպես և մահմեդականության ծագման ու տարածման, հատկապես Մուհամմեդի ու նրա զինակիցների գործունեության հետ առնչվող կրոնա-պատմական ավանդությունները։ Իբն Իսհակի (704–768) արաբ․ առաջին մեծ պատմական երկը (մարգարեների պատմությունը և Մուհամմեդի կենսագրությունը, այժմ՝ կորած) օրինակ է ծառայել հետագայի հեղինակների (ալ–Վակիդի, Իբն Սադ և ուրիշներ)՝ այդ թեմայով աշխատությունների համար։ Արաբ․ պատմագրությունն իր զարգացման բարձրակետին հասավ IX–XI դդ.։ Այդ շրջանում նրա կենտրոնը Իրաքն էր։ Երևան եկան ընդհանուր պատմությանը նվիրված երկեր։ Սրանցից ուշագրավ են ալ–Բալազորիի, ալ–Յակուբիի, ալ–Մասուդիի, Համզաալ-Իսֆահանիի, Իբն Միսքավայհի, ավելի ուշ՝ Իբն ալ–Ասիրի աշխատությունները։ Խալիֆայության պատմությանը հատուկ անդրադարձել է ալ–Թաբարին (մահ. 923)։ IX–X դդ. հեղինակների հետաքրքրություններն ու գիտելիքները համակողմանի բնույթ ունեն։

Խալիֆայության մասնատումից հետո ստեղծվեցին աշխատություններ նվիրված տեղական դինաստիաներին, առանձին երկրամասերի, տեղական քաղաքական և կրոնական խոշոր կենտրոնների՝ Հարավային Արաբիային (ալ–Համադանի, X–XI դդ.), Բաղդադին (ալ–Խաթիբ ալ–Բաղդադի, XI դ.), Դամասկոսին (ալ-Կալանիսի, XII դ.), Գրենադային (Իբն ալ–Խաթիբ, XIV դ.), Բուիդներին (Իբրահիմ աս–Սաբի, X դ.), Ղազնևիդներին (ալ–Ութբի, X–XI դդ.) և այլն։ XII–XIII դդ. գրվեցին Զենգիների և Այուբյանների պատմությունները։ Ասորիքում, ուր XII դ. տեղափոխվեց արաբ․ պատմագրության կենտրոնը, գրվել են մի շարք աշխատություններ ընդհանուր պատմության շուրջ (Աբուլ–Ֆիդա, XIII–XIV դդ. և ուրիշներ)։ XV–XVI դդ. առաջատար տեղ են գրավել Եգիպտոսի պատմագիրները։ Ալ–Մակրիզին (XIV–XV դդ.), ալ–Այնին (XIV-XVդդ.), Աբու–լ–Մախասին իբն–Թաղրիբերդին (XV դ.), աս–Սյութին (XV դ.) թողել են Եգիպտոսի քաղ., սոցիալ–տնտեսական և մշակութային պատմությանը նվիրված բազմահատոր աշխատություններ։ Այս շրջանում գրվում է մամլուքների պատմությունը, կազմվում են պատմական հանրագիտարաններ (ան–Նուվայրի, XII–XIV դդ.) և ընդհանուր ժամանակագրություններ (Իբն ալ–Ֆուրաթ, XIV–XV դդ.)։ Միջնադարում արաբ․ պատմագիրները ելակետ էին ընդունում համաշխարհային պատմության ընթացքի աստվածաբանական մեկնությունը, սակայն միաժամանակ ճանաչում էին մարդու պատասխանատվությունը իր արարքների համար։ Արաբ․,պատմագիրները պատմողականից այն կողմ չանցան, և միայն Իբն Խալդունը փորձեց պատմական իրադարձություն սերը շարադրել իրենց պատճառական կապի մեջ։

Արաբական պատմագրությունը և աշխարհագրությունը կարևոր տեղեկություններ են տալիս Հայաստանի և հայերի պատմության չորս շրջանների մասին՝ արաբական տիրապետության, Բագրատունյաց թագավորության, Զաքարյան ժամանակաշրջանի և Կիլիկիայի թագավորության։

Բալազորին և Թաբարին զգալիորեն լրացնում են հայ պատմիչների տեղեկությունները՝ Հայաստանը արաբների կողմից նվաճելու մասին։ Յակուբին հիշում է Արմինիայի շատ արաբ ոստիկանների, որոնց այլ պատմիչներ գրեթե չեն հիշատակում՝ Հայաստանում նրանց գործունեությունը նկարագրելիս։ Հայերի 850–852-ի ապստամբությունների մասին շատ արժեքավոր տեղեկություններ կան Բալազորիի և Իբն ալ–Ասիրի մոտ։ Արմինիայի հարկերը գանձելու հարցում մեր հիմնական սկզբնաղբյուրը արաբ պատմիչներն ու աշխարհագրագետներն են։ Նրանց շնորհիվ հնարավոր է դարձել կազմել Արմինկայի ոստիկանների ցուցակը։

Բագրատունյաց ժամանակաշրջանի (մանավանդ Աշոտ Ա–ից մինչև Աշոտ Գ) մասին հետաքրքրական տեղեկություններ են հաղորդում Իբն ալ–Ասիրը, Իբն Միսքավայհը և ուրիշներ։

Արաբ․ պատմագրությունը (Ֆարիկի և այլն) կարևոր աղբյուր է XII–XIII դդ. Հայաստանում տեղական մահմեդական ամիրայությունների և հայկական Իշխանությունների միջև եղած պայքարի ուսումնասիրման համար։

Այուբյանների ու մամլուքների դեմ Կիլիկիայի Հայկական թագավորության պատերազմների և նրանց հետ ունեցած քաղաքական հարաբերությունների մասին հարուստ նյութ են բովանդակում Աբու-լ-Ֆիդայի, Աբուլ–լ–Ֆարաջի և ուրիշների աշխատությունները։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահպանվում են շուրջ 700 արաբերեն ձեռսգրեր ի շարս որոնց կան միջնադարյան արաբական մշակույթի արժեքավոր հուշարձաններ։

Գրականությունը։ Հիմքը ժողովրդական բանահյուսությունն է, որը զարգացել է V–VII դդ.։ Այն ավանդված է Համմադի (694/695–772) «Մուալլաքաթ» («Հատընտիր»), ալ–Մուֆադալի (մահ. 784) «Մուֆադալիյաթ», Աբու Թամմամի (մոտ 796–845) «Համասահ» («Սրբություն»), Աբու–լ–Ֆարաջ ալ–Իսֆահանիի (897–967) «Քիթաբ ալ–աղանի» («Գիրք երգոց») ժողովածուներով։ Հնագույն շրջանի նշանավոր բանաստեղծներից են Իմրու–ուլ–Կայսը (V դ. վերջ–VI դ.), Անթարահ իբն Շադդադը (VI դ.), Ադի իբն Զայդը (մահ. 604) և ուրիշներ։ Միջնադարյան արաբ․ գրականությունն ընդգրկում է VII–XVIII դդ.։ Այդ գրականության անկյունաքարը Ղուրանն է։ Սկզբնական շրջանում աշխարհիկ թեմաներով հանդես են եկել ալ–Ախտալը (640–710), Օմար իբն Աբի–Ռաբիան (մոտ 643–719), երգել սերը, գինին, վայելքը։ Աբբասյան խալիֆայության (750–1258) շրջանում ֆեոդալիզմի զարգացումը և բանասիրական մտքի խորացումը աշխուժացրել են գրական հնագույն էջերի հավաքման և ուսումնասիրման աշխատանքները։ Արաբերեն են թարգմանվել հայկական «Աղվեսագիրք»–ը, պահլավերենից՝ «Քալիլա և Դիմնա» գրական հուշարձանը, որը ծագում է VI դ. թարգմանված հնդկական «Պանչատանտրա» գրքից, պարսից «Խվաթայ–նամակ» դյուցազներգությունը ևն։ Աբան Լահիքին (մոտ 750–815), Աբու Նուվասը (մոտ 762–մոտ 815), Աբու-Աթահիյան (748–մահ. մոտ 826), Իբն ալ–լ–Մութազը (մահ. 908), ալ–Մութանաբբին (915–965), Աբու–լ–Ալա–ալ–Մաարին (973–1057) և ուրիշներ նոր աստիճանի են բարձրացրել քերթողական արվեստը, մասնավորապես՝ սիրերգությունը։ Միաժամանակ զարգացել է բանահյուսությունը։ Այդ շրջանում ճանաչողական մեծ արժեք են ստացել խոշոր արձակագիրներ Ալ–Ջահիզի (մահ. 869) և Իբն Կութայբայի (մահ. մոտ 890) ստեղծագործությունները։ Պարսից «Հեզար աֆսանե» («Հազար հեքիաթ») զրույցների հավաքածուի հիմքից ձևավորվել է «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուն։ Թուրք–սելջուկների ներխուժումից հետո (XIդ.) ոչնչացել են արաբ, մշակույթի բազմաթիվ գոհարներ, կասեցվել է գրականության զարգացումը։ Այդ ժամանակ Անդալուզիայում (Իսպանիա), սկզբնավորվել է անդալուզյան գրականությունը (Իբն Զայդուն, Իբն Համդիս, Մուվաշշահ և այլք)։ XIII–XV դդ. և հատկապես XVI դ. թուրքական նվաճումների ժամանակ զարգացել է միայն վարքագրությունը, որն արտացոլել է Արևելքի ժողովուրդների պայքարը խաչակիրների դեմ։ Ուշագրավ է «Վարք Դատ ալ–Հիմմա իշխանուհու» վեպը։ Միջնադարյան գրականության զարգացմանը մեծապես նպաստել են հայազգի արաբ․ մատենագիրները և բանաստեղծները՝ Աբու Աբդալլահը, Աբու՝ սահլ Հայը, Աբուլ Ղարաթ Թալային և ուրիշներ։ Նոր գրականությունը սկզբնավորվել է XIX դ. ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիզմի զարգացման պայմաններում, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Իրաքում, Լիբանանում, Սիրիայում և արաբ, այլ երկրներում։

Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Խալիֆաթի շրջանի ճարտարապետության ձևավորմանը մասնակցեցին նաև նվաճված այն ժողովուրդները, այդ թվում և հայերը, որոնց մշակույթն անհամեմատ հին էր և գտնվում էր զարգացման ավելի բարձր աստիճանում։ Ստեղծվեցին հարուստ նախշազարդերով նոր տիպի շինություններ՝ մզկիթներ, մեդրեսեներ (հոգևոր դպրոցներ), մինարեներ են։ Մահմեդականության պաշտամունքային հիմնական շինությունը դարձավ մզկիթը, որի բաղկացուցիչ մասերը՝ աղոթախորշը (միհրաբ), բակը շրջսւփակող սյունաշարերը, մինսւրեները, գմբեթները արաբական ճարտարապետության մեջ կիրառվեցին VII դ. 1-ին կեսից։ Վաղ օրինակներից և նշանավոր հուշարձաններից են Բասրայի (635), Կաֆայի (638) և Ֆուսթաթի (VII դ. 40-ական թթ.) մզկիթները, Կաաբայի սրբատեղին Մեքքայում (այժմյան տեսքով վերականգնվել է 705-ին), ալ–Ակսա մզկիթը (692) և Քուբբաթ ալ–Սախրա (687–691) պաշտամունքային գմբեթավոր շինությունը Երասաղեմում, բազմագույն խճանկարներով զարդարված Օմայանների մզկիթը (VIII դ.) Դամասկոսում, Սամառայի և շրջապատի մզկիթներն ու պալատները, Կասր ալ–Հայթ, Մշատտա ռազմական ճամբարները, կենցաղային թեմաներով նկարազարդված Կուսեյր Ամրա դղյակը, Բաղդադի շինությունները։ Ասիայի սահմաններից դուրս արաբական մշակույթի խոշոր կենտրոն դարձավ Եգիպտոսը (Իբն Թուլունի մզկիթը, IX դ., գմբեթավոր դամբարանները են)։ Արևմուտքում (Թունիս, Ալժիր, Մարոկկո, Իսպանիա) կազմավորվեց այսպես կոչված մավրիտանական արվեստը, ստեղծվեցին ճարտարապետական հիանալի հուշարձաններ՝ Կայրուանի մզկիթը (VII–IX դդ.), Կորդովայի մզկիթը (VIII–X դդ.) սյունազարդ վիթխարի դահլիճով, XIII–XV դդ. արաբական ճարտարապետության և դեկորատիվ արվեստի գլուխգործոց Ալհամբրա ամրոց–պալատը։ Խոշոր քաղաքներում (Ռաբաթ, Մառակեշ, Ֆես ևն) կառուցվում էին հզոր պատերով, աշտաոակնեոով և դռներով ամրոցներ, միջնաբերդեր, առևտրական և արհեստավորական թաղամասեր՝ քարավանատներով, բաղնիքներով, կրպակներով։ Արաբական ճարտարապետությունը ազդել է Իսպանիայի, Սիցիլիայի և Միջերկրական ծովի առափնյա այլ երկրների ռոմանական ու գոթական ճարտարապետության վրա։ Թուրքիայի տիրապետության պայմաններում, սկսած XVI դ., արաբական ճարտարապետության զարգացումն արգելակվեց։ Այն նոր փուլ ապրեց ներկա արաբական աշխարհում, առանձնապես՝ Եգիպտոսում և Սիրիայում։

Արաբական արվեստին հատուկ է վառ դրսևորված դեկորատիվությունը, հարուստ նախշազարդը, որի նոր տիպն էր արաբեսկը։ Նախշազարդը և գեղագրությունը լայնորեն կիրառվում էին ճարտարապետական հարդարանքում (քարի, փայտի ևնի քանդակազարդում), կիրառական արվեստում։ Գեղեցիկ նախշով զարդարվում էր Միջագետքի երկրների (կենտրոններն էին Ռակկան, Սամառան), Ֆաթիմյան Եգիպտոսի, ինչպես նաև XIV–XV դդ. իսպանա–մավրիտանական խեցեղենը։ Համաշխարհային համբավ էին վայելում նաև արաբ, նախշավոր մետաքսյա գործվածքները, խավոտ գորգերը։ Կատարման վարպետությամբ աչքի էին ընկնում XII–XIV դդ. Մոսուլ քաղաքի (Իրաք) և Սիրիայի մի քանի արհեստագործական կենտրոնների նուրբ կռածոյով, փորագրումով, ոսկու և արծաթի ընդելուզումով պատրաստված բրոնզյա իրերը, սիրիական նուրբ էմալանախշ ապակին, լեռնային բյուրեղապակուց, փղոսկրից, փայտի թանկագին տեսակներից պատրաստված եգիպտական նրբաճաշակ առարկաները։

Մահմեդական երկրներում արվեստը զարգացել է կրոնի հետ բարդ փոխազդեցությամբ։ Կրոնը պաշտոնապես արգելում էր կենդանի արարածների պատկերումը։ Մզկիթները, ինչպես և սուրբ գիրքը՝ Ղուրանը, զարդարվում էին երկրաչափական, բուսական և արձանագրական պատկերներով։ XI–XIII դդ. աստվածաբանները (Գազելի և ուրիշներ) կենդանի արարածների պատկերումը ծանրագույն մեղք համարեցին։ Չնայած դրան, արվեստագետները ամբողջ միջնադարի ընթացքում պատկերել են մարդկանց և կենդանիների, իրական և դիցաբանական տեսարաններ։ Խճանկարչության վաղ նմուշներ պահպանվել են Դամասկոսում, նախկին Հովհաննես Մկրտչի բազիլիկ եկեղեցում, որը 705–715-ին Վալիդ I վերածեց մզկիթի։ Որմնանկարչության նմուշներ կան նաև Սամառա քաղաքում։ Կերպարվեստը ծաղկում ապրեց X–XII դդ., Եգիպտոսում։

(նկ․) Ալժիր քաղաքի Մեծ մզկիթը։ 1096։ Ինտերիեր։

Համաշխարհային արվեստի պատմության մեջ որոշակի տեղ ունի արաբ, մանրանկարչությունը։ Եգիպտոսի IX–X դդ. և XI–XII դդ. մանրանկարչությունը ոճական աղերսներ ունի ղպտիական արվեստի հետ։ Սիրիական մանրանկարչության երփնագրում նկատելի է բյուգանդական ազդեցությունը։ Մանրանկարչությունը XII–XIII դդ. բարձր կատարելության հասավ Իրաքում։ Պատկերազարդված հայտնի ձեռագրերից են՝ «Քիթաբ ալ–աղանի» («Գիրք երգոց»–ը, 1218/19), որ պահվում է Ստամբուլի ազգային գրադարանում, հույն բժիշկ Դիոսկորիդեսի դեղագործության վերաբերյալ աշխատության արաբ․ թարգմանությունը (1222), ալ–Հարիրիի «Մակամներ»–ը (որ մեզ են հասել մի քանի ընդօրինակումներով)։ Առանձնանում են 1237-ի (նկարիչ Յահյա իբն Մահմուդ Վասիտցի, Փարիզի Ազգային գրադարան) և 1225–35-ի ձեռագրերի (Արևելագիտության ինստ–ի Լենինգրադի բաժանմունք) մանրանկարները։ XIV դ. վերջին Բաղդադում աշխատում էր ականավոր մանրանկարիչ Ջունաիդ Սուլթանին (Հաջու Քերմանի, «Խամսե»–ի 1396-ի ձեռագիրը, Բրիտանական թանգարան, Լոնդոն)։

Երաժշտությունը։ Արաբ․ երաժշտությունը ձևավորվել է բուն արաբ․ և նվաճված երկրների երաժշտական մշակույթների միաձուլումից։ Վաղ՝ «բեդվինյան» շրջանին բնորոշ է երաժշտության և բանաստեղծության միասնությունը։ Տեղեկություններ են պահպանվել արաբ․ հին պրոֆեսիոնալ երգիչ–բանաստեղծների (շաիրների), հիդա (քարավանի երգեր), հաբաբ (հեծյալների երգեր) երգային ժանրերի, դուֆֆ (քառակուսի փոքրիկ դափ), միզհար (պրիմիտիվ վին՝ կաշվե դեկայով), ռեբաբ (միալար ջութակի տեսակ) գործիքների մասին։ Ընդարձակելով իրենց տիրապետությունը՝ արաբները յուրացրին ավելի զարգացած տեղական մշակույթների ավանդույթները (ընկալեցին հուն․ երաժշտության տեսության հիմունքները, պարսկական և բյուզանդական մելոդիկայի ազդեցությամբ արաբ․ հնչյունաշարը ընդլայնվեց մինչև երկու օկտավ)։ Արաբական դասական երաժշտության ծաղկումը սկսվում է VII դ. վերջերից։ Այն հիմնվում է յոթնաստիճան լադերի վրա, որոնց մեջ հիմնական հնչյունների շարքում կիրառվում են միջակա ինտերվալներ՝ կոմմաներ (ամբողջ տոնի 1/8-ից պակաս)։ Արաբական երաժշտությանը բնորոշ է ծաղկուն մելիզմատիկան, երգը կատարվում է յուրօրինակ եղանակով՝ լայնորեն կիրառվող գլիսանդոյով (հնչյունից հնչյուն սահելով)։ Դասական երաժշտությունն առավելապես վոկալ է։ Համեմատաբար տարածված է վոկալ–գործիքային անսամբլը՝ երգչի առաջատար դերով։ Օմայանների շրջանի խոշորագույն երգիչներից էին Իբն Մուսաջիհը, Մուսլիմ իբն Մուհրիզը, երգչուհի Ջամիլեն ու նրա աշակերտները, Աբբասյանների օրոք՝ երաժիշտներ Իբրահիմ ալ–Մաուսիլին (742–804) և նրա որդին՝ Բաղդադի դպրոցի հիմնադիր Իսհակ ալ–Մաուսիլին (767–850), ինչպես և Մանսուր Զալզալր։ Միջնադարյան երաժշտության ականավոր տեսաբաններից էին ալՔինդին, որը արաբական երաժշտության համար մշակել ու կիրառել է նեոպլատոնականների «Տիեզերքի հարմոնիաներ»–ը մետաֆիզիկական դոկտրինան, «Երգերի մեծ գրքի» հեղինակ ալ–Իսֆահանին (897–967), Սաֆի–ադ–դին Ուրմավին (մոտ 1230–94), որը ակուստիկայի և հարմոնիկ կապերի մասին գրել է «Էշ–Շարա– ֆիյյա» տրակտատը՝ միշնադարյան Արևելքի երաժշտագիտական նշանավոր երկը։ Արևելքի երաժշտության մասին կարևոր տեղեկություններ կան «Երաժշտության մասին մեծ տրակտատ»–ի հեղինակներ ալ–Ֆարաբիի, Իրն Սինայի և ուրիշների երկերում։ Միջին դարերում արաբ․ երաժշտությունը ազդել է Իսպանիայի, Պորտուգալիայի երաժշտական արվեստի, եվրոպական մի շարք գործիքների ձևավորման վրա։

Պատկերազարդումը տես աղ. XXX, 640–41 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Նալբանդյան Հ., Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե., 1965։ Սեյյետ Է., Հայաստանը արաբական պատմության մեջ (արաբ.), Բեյրութ, 1972։ Крачковский И. Ю., Избр. соч., т. 1–6, М.–Л., 1955–60; Леви–Провансаль Э., Арабская культура в Испании, пер. с франц., М., 1967; Мец А., Мусульманский Рененанс, пер. с нем., М., 1966; Юшкевич А. П., История математики в средние века, М., 1961; Григорян С. Н., Средневековая философия народов Ближнего и Среднего Востока, М., 1966; Гибб Х. А. Р., Мусульманская историография, [пер. с англ. Грязневича], в его кн.: Арабская литература, М., 1969, с. 117–155; Крымский А. Е., История арабов и арабской литературы светской и духовной, ч. 1–3, М., 1911–13; Аль-Фахури Х., История арабской литературы, [пер. с араб.], т. 1–2, М., 1959–61; Веймарн Б., Каптерева Т., Подольский А., Искусство арабских народов, М., 1960; Кузнецова К. А., Арабская музыка, в сб.: Очерки по истории и теории музыки [сб.] 2, Л., 1940, с. 265–80; Gibb H., Studies on the Civilization of Islam, Boston, 1962; Grünebaum G. Von, Medieval Islam, A study in cultural orientation, 2 ed., Chicago, 1961; Sauvaget J., Introduction á l’historie de l’Orient Musulman, Eléments de bibliographie, P., 1961; Grohmann A., Arabien, München, 1963; Boer T. J., de, The history of philosophy in Islam, L., 1933; Resenthal F., A history of Muslim Historiography, 2 ed., Leiden, 1968; Marçais G., L’architecture musulmane d’Ocident, P., 1954; Greswell K. A. C., Early Muslim architecture, pt. 1–2, Oxford, 1932–40; Նույնի, The Muslim architecture of Egypt, v. 1–2, Oxford, 1952–60; Lane A., Early Islamic pottery, Mesopotamia, Egypt and Persia, L., 1958; Hoag J. D., L’architectura araba, Milano, 1965; Erlanger R. d’, La Musique arabe, v. 1–6, P., 1930–59.