Jump to content

ՀՍՀ/ԱՐԱԲԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱԲԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ, Արաբական թերակղզու ցեղերի ռազմական արշավանքները VII–VIII դդ., մասամբ նաև հետագայում։ Ա. ն–ի հետևանքով Մերձավոր և Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավ–Արևմտյան Եվրոպայի երկրներում հաստատվեց արաբների գերիշխանությունը։ Ա. ն. արդյունք էին մի կողմից արաբական ցեղերի միավորման, մյուս կողմից՝ Սասանյան Իրանի ու Բյուզանդիայի թուլացման։ Աբու Բաքր, Օմար և Օսման խալիֆաների օրոք (632–656) արաբները նվաճեցին Պաղեստինը, Ասորիքը, Միջագետքը, Եգիպտոսն ու Պարսկաստանը։ 633-ին ներխուժեցին Պաղեստին և Ստորին Միջագետք (Իրաք), 635-ին գրավեցին Դամասկոսը, իսկ 636-ին՝ Յարմուքի (Հորդանան գետի վտակը) ճակատամարտում հաղթեցին բյուզանդացիներին, որից հետո, առանց լուրջ դիմադրության, տիրացան ողջ Ասորիքին։ Իրաքում արաբները Սաադ իբն Աբի Վակկասի գլխավորությամբ, որոշ ընդհարումներից հետո, 637-ին Կադիսիայի ճակատամարտում հաղթեցին պարսիկներին և նվաճեցին նրանց մայրաքաղաք Տիզբոնը։ 639-ին նրանք գրավեցին վերին Միջագետքը՝ մինչև Հայկական Տավրոսը։ 641-ին Նեհավենդի (Եկբատանի մոտ) հաղթանակով արաբներն ավարտեցին Իրանի նվաճումը։ Գրավելով Ատրպատականը արաբները շարժվեցին դեպի արևելք՝ մեկ տասնամյակի ընթացքում հասնելով Ամուդարյայի ափերը և Ինդոսի հովիտը։ 640-ին Ամր իբն ալ–Ասը մտավ Եգիպտոս և վերցրեց Բաբելոն ամրոցը (Կահիրեի մոտ), 642-ին՝ Ալեքսանդրիա մայրաքաղաքը։ Եգիպտոսից հվ. արաբների առաջխաղացմանը խանգարեց Նուբիայի քրիստոնյա թագավորությունը։ Արաբները տարածվեցին դեպի արևմուտք՝ աստիճանաբար հպատակեցնելով հյուսիսաֆրիկյան բերբերական ցեղերին։ 648-ին նվաճեցին Կիպրոս կղզին։ Ներքին երկպառակությունների պատճառով VII դ. 2-րդ կեսին Ա. ն. ժամանակավորապես կանգ առան, սակայն Աբդ ալ–Մալիք (685–705) և Վալիդ (705–715) խալիֆաների օրոք վերսկսվեցին լայն թափով։ Դեռևս 670-ին Ուկբա իբն Նաֆի զորավարը Աֆրիկայում (այժմյան Թունիսում) հիմնել էր Կայրուան քաղաքը, որպես կարևոր հենակետ։ Հպատակեցնելով Հյուսիսային Աֆրիկան՝ 711-ին արաբներն անցան Իսպանիա՝ հաղթելով վեստգոթերին։ Շուտով նրանք նվաճեցին ամբողջ Իսպանիան, բացառությամբ լեռնային գավառների, ներխուժելով նաև գալլերի երկիրը (Ֆրանսիա), որտեղ 732-ին Պուատիեի ճակատամարտում պարտություն կրեցին։

Վալիդ խափֆայի օրոք արաբները նվաճեցին նաև Միջին Ասիան։ Աբբասյանների ժամանակ նոր նվաճումներ չկատարվեցին, միայն նրանց ձևականորեն ենթակա Աղլաբյանները (Թունիսում) գրավեցին Սիցիլիա, Սարդինիա և Սալթա կղզիները։ Արաբ ծովահենները նվաճեցին նաև Կրետեն։ Սակայն նվաճված երկրների ժողովուրդների ազատագրական պայքարի շնորհիվ արաբական գերիշխանությունը վերացվեց Միջին Ասիայում՝ IX դ., Իրանում՝ IX դ. սկզբին, Հայաստանում՝ IX դ. վերջին, Պիրենեյան թերակղզում՝ XI–XV դդ. (ռեկոնքիստայի շնորհիվ)։ Ա. ն–ի հետևանքով Ասիայի և Աֆրիկայի շատ երկրներում տարածվեց մահմեդականությունը, իսկ որոշ երկրներում՝ նաև արաբերենը։

Հայաստանի նվաճումը։ Արաբները Հայաստան են ներխուժել 640-ին, Վերին Միջագետքի գրավումից անմիջապես հետո և որոշ ժամանակ սահմանափակվել են միայն երկրի ասպատակությամբ։ 652-ին Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու և Մուավիայի միջև կնքված հայ–արաբական պայմանագրով Հայաստանը համարվել է խալիֆայության հպատակ պետություն։ Օգտագործելով Բյուզանդիայի ներխուժումը՝ 654-ին արաբները նորից արշավեցին Հայաստան։ Հայոց իշխան Համազասպ Մամիկոնյանի օրոք (654–661) Հայաստանը թոթափեց արաբական հպատակությունը, սակայն նրա հաջորդ Գրիգոր Մամիկոնյանն ընդունեց արաբների գերիշխանությունը՝ 652-ի պայմանագրով վճարելով տարեկան 500 ոսկեդրամ։ Օգտվելով Արաբիայում ծագած ապստամբությունից՝ 683-ին Հայաստանը հրաժարվեց հարկատվությունից, իսկ Աշոտ Բագրատունին (685–689) ձեռք բերեց լիակատար անկախություն։ Բյուզանդիայի Հուստինիանոս II կայսրը, նվաճելով Հայաստանը, 689-ին երկրի կառավարիչ նշանակեց Ներսեհ Կամսարականին, սակայն նրա հաջորդ Սմբատ Բագրատունու օրոք Աբդ ալ–Մալիք խալիֆայի եղբայր Մուհամմադ իբն Մրվանը մի քանի արշավանքներով (693–701) վերջնականապես նվաճեց Հայաստանը։ Արաբական խալիֆայության բուն տիրապետությունը Հայաստանում տևեց 701-ից մինչև 862։ Հայաստանը, Աղվանքը (Առանը) և Վրաստանը (Ջուրզանը) կազմեցին մեկ վարչական միավոր՝ Արմինիա անունով, որը կառավարում էր արաբ ոստիկանը, իսկ Հայաստանը՝ Հայոց իշխանը։ Ոստիկանի նստավայրն էր սկզբում Դվինը, իսկ 789-ից նաև Պարտավը։ Ատրպատականի, Վերին Միջագետքի (Ջազիրա) և երբեմն այլ նահանգների հետ Արմինիան կազմում էր խալիֆայության հյուսիսային փոխարքայությունը։ Նվաճելով Հայաստանը՝ խալիֆայության զորքերն ասպատակեցին երկիրը, ավերեցին շատ գյուղեր ու քաղաքներ։ Նրանք ծանր հարկեր դրեցին բնակչության վրա։ Հայ ժողովրդի մեջ ազատության ու անկախության ոգին իսպառ մեռցնելու նպատակով ձեռնամուխ եղան վերացնելու ներքին կյանքում դեռևս որոշ իրավունքներով օժտված նախարարական դասին, ոչնչացնելու հայերի մարտունակ ուժը։ Արմինիայի առաջին ոստիկան Աբդալլահի ձգտումը՝ հայ. նախարարներին զրկելու ժառանգական իշխանությունից, պատճառ դարձավ 703-ի ապստամբության։ Հայ նախարարները, սպարապետ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշեցին առայժմ խուսափել հակառակորդի գերակշիռ ուժերի հետ ընդհարվելուց և ուժերը համալրելու համար հեռանալ դեպի Բյուզանդիա։ 703-ի ձմռանը Սմբատ սպարապետը երկուհազարանոց այրուձիով հասավ Մասիսի ստորոտում գտնվող Ակոռի գյուղը։ Արմինիայի ոստիկան Աբդալլահը, անցնելով հինգհազարանոց կանոնավոր զորաբանակի գլուխ, սկսեց հետապնդել նրան։ Ընդհարումն անխուսափելի դարձավ։ Հայոց այրուձին անցավ Արաքսի ձախ ափը և Վարդանակերտ գյուղի մոտ վաղ առավոտյան հանկարծակի գրոհեց հակառակորդի վրա, որն անսպասելի հարվածից մատնվեց խուճապի։ Փրկվելու հույսով դեպի Արաքսի մյուս ափը փախչող արաբական զորքի զգալի մասը, որ կարողացել էր խույս տալ հայոց սւյրուձիի հարվածներից, հեղձամահ եղավ գետում, երբ նրա սառույցը կոտրվեց խուճապով նահանջող զինվորների ոտքերի տակ։ Այդտեղ իր վախճանը գտավ նաև Աբդալլահ ոստիկանը։

Վարդանակերտի ճակատամարտում տարած հաղթանակը արձագանք գտավ Հայաստանի մյուս շրջաններում։ Ռշտունիք գավառի բնակիչները Սմբատ իշխանի առաջնորդությամբ Գուկանք գյուղում պաշարեցին և ոչնչացրին եկեղեցում թաքնված արաբներին։ Վարդանակերտի և Գուկանքի կռիվներից հետո արաբական խալիֆայության դրածոներն ավելի խստացրին իրենց քաղաքականությունը Հայաստանում։ Սմբատ Բագրատունին շարունակեց պայքարը, բայց հնարավոր չէր հաղթահարել հակառակորդի ավելի ու ավելի մեծացող ուժերը։ Պարտություն կրելով Վանանդի Դրաշպետ գյուղի մոտ, որտեղ նրան լքեց Բյուզանդիայի կայսեր կողմից հայերին իբրև օգնության ուղարկված հունական զորագունդը, սպարապետը հեռացավ Եգերաց աշխարհի (Արևմտյան Վրաստան) Փոյթ (այժմյան Փոթի) քաղաքը։ 703-ի ապստամբությունը թեև անհաջող ելք ունեցավ, սակայն արթնացրեց ժողովրդի մարտական ոգին, ապագայի նկատմամբ նրա հույսն ու հավատը։ Ապստամբությունից հետո խալիֆան Հայաստանում գտնվող իր զորավարներին կարգադրեց ոչնչացնել հայ նախարարական դասը։ 705-ին Նախճավանի արաբական զորքերի հրամանատար Կասըմը հաշվառման և ռոճիկ վճարելու պատրվակով իր մոտ հրավիրեց հայ նախարարներին, ձերբակալեց և փակել տվեց Նախճավանի և մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում։ Կասըմի հրամանով հրդեհվեցին այդ եկեղեցիները, ողջակիզվեցին այնտեղ փակված նախարարները։ Աբդ ալ–Ազիզ ոստիկանը հայերի նոր հուզումները կանխելու մտահոգությամբ վերադարձրեց վտարանդի նախարարներին՝ վերականգնելով նրանց ժառանգական իրավունքները։ Օմայան խալիֆաների ժամաևակ պահպանվում էր Հայաստանի ներքին ինքնավարությունը։ Հայաստանը, Աղվանքը և Վրաստանը կանոնավոր հարկ էիև վճարում խալիֆայությանը։ Ըստ Սամվել Անեցու, յուրաքանչյուր երդից վճարվում էր գլխահարկ՝ 4 դիրհեմ (արծաթ դրամ) և բնահարկ։ Կրոնափոխ եղած քրիստոնյան ազատվում էր գլխահարկից, բայց բոլորից անխտիր գանձվում էր հողահարկը (խարաջը)։ 725-ից հետո հարկերն ավելանում են։ Որոշ արտոնություններ էր տրված Հայոց եկեղեցուն։ Օմայանների օժանդակությամբ Եղիա Արճիշեցի կաթողիկոսը (703–777) արգելեց քաղկեդոնականության տարածումը Աղվանքում, իսկ նրա հաջորդ Հովհան Օձնեցին դաշինք կնքեց ասորական միաբնակ եկեղեցու հետ։ Նրա ջանքերով կազմվեց Հայոց կանոնագիրքը։ Իշխան Աշոտ Բագրատունին (732–748) վերականգնեց Հայոց այրուձիի իրավունքները։ Աճեց Բագրատունիների ազդեցությունը։

747-ին, օգտվելով Խորասանում և այլուր Օմայանների դեմ բռնկված շարժումից և Բյուզանդիայի առաջխաղացումից, հայերն ապստամբեցին Մամիկոնյանների գլխավորությամբ։ Այս շրջանում Բագրատունյաց նախարարներն իրենց դիրքերը երկրում ամրապնդելու համար փորձում էին համակերպվել արաբների հետ, մինչդեռ Մամիկոնյանները որոշ հույսեր էին տածում Բյուզանդիայի հանդեպ։ Գրիգոր և Դավիթ Մամիկոնյանները, որոնց հաջողվել էր ազատվել ցմահ բանտարկությունից ու Եմենի անապատներից վերադառնալ Հայաստան, ետդարձին կանգ առան Վասպուրականում և իրենց շուրջը համախմբեցին արաբներից, ինչպես նաև Աշոտ Բագրատունու հաշտվողական քաղաքականությունից դժգոհ նախարարներին՝ նախապատրաստելով ապստամբությունը։ Իրենց միացնելով նորանոր ուժեր՝ նրանք այնուհետն շարժվեցին դեպի Տայք նահանգը, որը մոտ էր Բյուզանդիային (վերջինից նրանք օգնություն էին ակնկալում)։ Միաժամանակ ապստամբները Աշոտ Բագրատունուն ստիպեցին միանալ իրենց և ուխտել հավատարիմ մնալու ապստամբությանը։ Սակայն հույս չունենալով, որ ապստամբությունը կարող է հաջող ելք ունենալ, Աշոտ Բագրատունին ետ կանգնեց և մի խումբ նախարարների հետ ուղղվեց դեպի Բագրևանդ գավառը։ Հետապնդելով նրանց՝ Գրիգոր Մամիկոնյանը Բագրևանդի Հազր գյուղում բռնեց Աշոտ Բագրատունուն և կուրացնել տվեց։ Ապստամբական շարժումը, որ ընդգրկել էր Արևմտյաև Հայաստաևի և Փոքր Հայքի շատ շրջաններ, պարտություն կրեց։ 750-ին իշխանության գլուխ անցած Աբբասյան Դինաստիայի հիմնադիր Աբուլ–Աբբասին հաջողվեց զսպել ազատագրական շարժումները և ֆեոդալական խռովությունները։

747–750-ի ապստամբության ժամանակ բարձրացավ ապստամբության առաջնորդ Մամիկոնյանների հեղինակությունը։ Հայոց իշխան ընտրվեց Մուշեղ Մամիկոնյանը (748–752)։ Աբբասյանների օրոք, 750-ից հետո քրիստոնյաները ենթարկվեցին ուժեղ հալածանքների, ծխահարկի փոխարեն մտցվեց գլխահարկը։ Եթե Օմայանների ժամանակ Հայոց իշխանը և նախարարներն էին նշանակում հարկահաններին, ապա Աբբասյաններն սկսեցին նշանակել իրենց կամակատարներին, որոնք, անձամբ շրջելով գավառներում, դաժան միջոցներով գանձում էին հարկերը։ Ժողովուրդն ի վիճակի չէր վճարելու ծանր հարկերը։ Անվճարունակ շինականների պարանոցները խարանում էին կապարե կնիքով։ Ամբողջ Արմինիաև տարեկան 13 մլն. արծաթ դրամ հարկ էր վճարում։ Այս հարկագումարի մոտ կեսը վճարում էր Հայաստանը։ Աբբասյանները նախընտրում էին դրամական հարկը, որի հետևանքով Հայաստանում առաջացավ արծաթի ճգնաժամ։ Դադարեցվեց հայոց այրուձիի համար սահմանված ռոճիկի վճարումը։

774-ին խալիֆայության տիրապետության դեմ բռնկվեց ամենամեծ ապստամբությունը։ Ապստամբության նախաձեռնողը Արտավազդ Մամիկոնյանն էր, որը գալով Դվին՝ Արմինիայի արաբ ոստիկանի նստավայրը, զինեց հայ ապստամբներին՝ առերևույթ ցույց տալով, թե իբր պատրաստվում է կռվելու խալիֆայության հակառակորդների դեմ։ Դվինից Արտավազդն անցավ Կումայրի (այժմ Լենինական քաղաք), որտեղ, սպանելով խալիֆայության հարկահանների պարագլխին, ետ վերցրեց հավաքած հարկը։ Այնուհետև համախոհների հետ դիմեց Եզերք, որն այդ ժամանակ Բյուզանդիայի կազմում էր։ Ոստիկանն ուժեղացրեց հալածանքները։ Սակայն ապստամբությունն ավելի տարածվեց, այս անգամ Սուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Մուշեղը, կոտորելով խալիֆայության հարկահաններին, 200 ռազմիկներով սկզբում ամրացավ Արտագերս ամրոցում, ապա հարձակվելով Բագրևանդ գավառի վրա՝ ոչնչացրեց հարկահաններին, պարտության մատնեց ոստիկանի զորքին, բնակիչներին ազատեց բռնություններից։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, Մուշեղի մոտ էին ապավինում «ճնշվածներն ու բռնադատվածները»։ Ապստամբների դեմ 774-իև ուղարկվեցին զորագնդեր։ Օգտվելով Արտագերսի դիրքից և կտրելով Կարին–Դվին ճանապարհը՝ հայերը Խարս գյուղի այգիներում հաղթեցին Կարինից իրեևց դեմ նետված զորախմբին։ Ոստիկանը Դվինից 4000-անոց հեծելազոր ուղարկեց Մուշեղի դեմ։ Սակայն ապստամբները առաջինը հարձակման անցան, խուճապի մատնեցին Բազավան գյուղում բանակած հակառակորդին և հետապնդեցին միևչև Արուճ ավանը։ Օտարերկրյա զավթիչների դեմ շարժումը վերածվեց Հայաստանի անկախության համար համաժողովրդական հուժկու պայքարի։ Ապստամբներին հարեցին Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, բազմաթիվ նախարարներ և շինականներ։ Ոմանք նույնիսկ կարծում էին, թե եկել է Հայոց թագավորությունը վերականգնելու ժամանակը։ Ապստամբներին միացավ Հայոց այրուձիի մի մասը, ապստամբ զորքի թիվը հասավ հինգ հազարի։ Բայց Սյունյաց իշխանները, Արծրունիները, Հայոց իշխան Սահակի որդի Աշոտ Բագրատունին բռնեցին չեզոք դիրք։ Աշոտ Բագրատունին, անօգուտ համարելով պայքարը Աբբասյանների դեմ, խորհուրդ տվեց հրաժարվել ապստամբությունից։ 775-ի գարնանը խալիֆայությունը Խորասանից հայերի դեմ նետեց 30-հազարանոց մի բանակ՝ Ամր իբն Իսմայիլի գլխավորությամբ։ Արճեշի ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Ապստամբները ուժերի մեծ մասով պաշարեցին Կարին քաղաքը, որի արաբական կայազորը պատրաստվում էր վար դնել զենքը, բայց Արճեշի ապստամբության պարտության լուրը գոտեպնդեց նրան։ Հայերը ստիպված հրաժարվեցին Կարինի պաշարումից, անցան Բագրևանդ, որտեղ հայերի և արաբակաև զորքի միջև տեղի ունեցավ Արձնիի ճակատամարտը։ 774–775-ի ապստամբությունը ձախողվեց, քանի որ խալիֆայությունը դեռևս հզոր էր և ի վիճակի՝ մեծ ուժեր նետելու ապստամբների դեմ։

Հայոց իշխան Տաճատ Անձևացու օրոք (781–785) խիստ սրվեցիև ևրա և Արմինիայի ոստիկանի հարաբերությունները։ Հարուն ալ–Ռաշիդ խալիֆան (786–809), նկատի ունենալով Հայաստանի ռազմա–ստրատեգիական կարևոր դիրքը և կամենալով երկիրը պահել հնազանդ վիճակում, Հայաստան գաղթեցրեց արաբ․ ցեղեր։ 774–775-ի ապստամբության ճնշումից հետո ասպարեզից հեռացան նախարարական շատ տներ (Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Ռշտունիները, Գնունիները ևն)։ IX դ. սկզբին թու– լացավ խալիֆայության ճնշումը Հայաստանի վրա և ուժեղացած Բագրատունիները տիրացան Հայաստանի Տարոն, Շիրակ և այլ գավառների։ Հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունին (մոտ 790–826) և նրա հաջորդները հակահարված տվեցին Ջահհաֆյանների (տես Արաբական ամիրայություններ Հայաստանում) ոտնձգություններին։ Աշոտ Մսակերի որդին՝ Բազարատը, խալիֆայությունից ստացավ «իշխանաց իշխան» տիտղոսը։ Արաբ․ տիրապետության այս շրջանում Հայաստանը փաստորեն բաժանված էր երեք իշխանական տների՝ Բագրսւտունիների, Արծրունիների և Սյունիների միջև, իսկ նրանց կողքին կային սոսկ մանր իշխանական տներ՝ Մամիկոնյանների և Ամատունիների մնացորդները, Ակեացիները և Գնթունիները։ Հայաստանը մեծ չափով վերականգնեց իր ինքնավարությունը։ Երկրում հարկերը հավաքվում էին հայ իշխանների հսկողությամբ։ Հարկերի քանակը ամբողջ Արմինիսւյում իջավ 4 մլն. արծաթ դրամի։

IX դ. կեսին խալիֆայության տիրապետության դեմ բռնկվեց հայերի նոր ապստամբություն։ Մութավաքիլ խալիֆան (847–861), կամենալով վերացնել Հայաստանի ինքնավարությունը, 849-ին այնտեղ ուղարկեց Աբու Սայիդ (Աբուսեթ) ոստիկանին՝ հարկային մեծ լիազորություններով։ Իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին ոստիկանին դիմավորեց Աղձնիք նահանգում, հանձնեց հավաքված հարկերը՝ կանխելով հարկահանների մուտքը Հայաստան։ Ոստիկանը վերադարձավ թողնելով երկու զորապետների, որոնք սկսեցին ասպատակել Հայաստանի հարավային գավառները։ Սակայն Բագարատն ու Աշոտ Արծրունին պարտության մատնեցին նրանց։ 850-ին Հայաստան ուղարկվեց Յուսուֆ ոստիկանը, որը, թալանելով Վասպուրականի Աղբակ գավառը, ներխուժեց Բզնունիք, գրավեց Խլաթը, խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և ուղարկեց խալիֆայի նստավայրը՝ Սամառա։ Բագարատի որդիների՝ Աշոտի և Դավթի, ինչպես նաև Հովնան Խութեցու գլխավորությամբ Սասունի լեռնականները դուրս եկան արաբների դեմ, հարձակվեցին Մուշի վրա, սպանեցին Յուսուֆ ոստիկանին։ 852-ի գարնանը Հայաստան ուղարկվեց ծագումով թուրք Բուղա զորավարը։ Ամենից առաջ մտնելով Սասուն՝ Բուղայի զորքերը 30 հազար մարդ կոտորեցին Խութի լեռնականներից։ Հովնան Խութեցին և բազմաթիվ այլ ապստամբներ գերի տարվեցին։ Չնայած սրան, Բուղան այլևս չկարողացավ անպատիժ ասպատակել երկիրը։ Նրա դեմ բարձրացավ Արցախի Եսայի Աբու–Մուսե Առանշահիկ իշխանը։ Վասպուրականում ապստամբեց Աբուպելճի որդի Գուրգեն Արծրունին և ռազմական հաջող գործողություններով Բուղային ստիպեց իրեն ճանաչել որպես Վասպուրականի իշխան։

Հանուն ազատության ու անկախության VIII–IX դդ. հերոսական պայքարն ընդմիշտ մնաց հայ ժողովրդի հիշողության մեջ՝ իր գեղարվեստական արտացոլումը գտնելով «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպում։ Հայերի 851–852-ի ապստամբությունը թուլացրեց խալիֆայության դիրքերը Հայաստանում։ 862-ին խալիֆան Արմինիայի հայազգի ոստիկան Ալի իբն Յահյայի միջոցով Աշոտ Բագրատունուն (տես Աշոտ Ա) շնորհեց «Հայոց իշխանաց իշխանի» տիտղոս՝ ճանաչելով նրա գերիշխանությունը ամբողջ Արմինիայի վրա։ Հայաստանում հաստատված ամիրաները ոստիկան Մուհամմեդ իբն Խալիդի հետ դավադրություն կազմակերպեցին նրա դեմ, բայց դավը բացվեց և ոստիկանը վտարվեց Հայաստանից։ Ա. ն. մեկ ու կես դարով կասեցրին երկրի բնականոն զարգացումը։ Խալիֆայության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը հանգեցրեց հայոց պետականության վերականգնմանը, և 885-ին Հայաստանում ստեղծվեց անկախ թագավորություն։

Քարտեզը տես 657 էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ. Ղևոնդ Մեծ, Պատմութիւն, ԱՊԲ, 1887։ Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ԱՊԲ, 1887։ Տեր–Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Ե., 1965։ Լեո, Երկ. ժող., հ. 2, Ե., 1967։ Մելիք–Բախշյան Ս. Տ., Հայաստանը VII–IX դարերում, Ե., 1968։ Беляев Е. А., Арабы, ислам и арабский халфат в ранее средневековье, 2 изд., М., 1966. Ghazarian M., Armenien unter der arabischen Herrschaft, Marburg, 1903; Laurent J., L’Arménie entre Byzance et l’Islam..., Paris, 1919.