Jump to content

ՀՍՀ/ԱՐԱԲԱ–ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱԲԱ–ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏԻ, Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև Միջերկրական ծովից մինչև Պոնտոս ձգվող սահմանային գոտի (արաբ. «Սուղուր»), որը VII–X դարերում ենթակա էր երկու կողմերի անվերջ ասպատակություններին։ Ընդգրկում էր Կիլիկիան (արաբ. Ասորիքի սահմանային գոտի) և Փոքր Հայքի մերձեփրատյան շրջանները (արաբ. Վերին Միջագետքի սահմանային գոտի)։ Կիլիկիայում արաբների վարչական կենտրոնը Տարսոնն էր, կարևոր էին նաև Ադանան, Մոփսուեստիան (Մսիս), Անարզաբան, Հարունիյան և Մարաշը։ Վերին Միջագետքի (Զագիրա) սահմանային գոտում արաբների վարչական կենտրոնն էր Մելիտինեն (Մալաթիա), իսկ կարևոր ռազմական հենակետերը՝ Տերենտե, Սոզոպետրա, Հիսն Մանսուր, Բեհեսնսա և Հադաս բերդերը, ինչպես նաև Բարձր Հայքի Կամախ բերդը (Բարձր Հայք և Ծոփք նահանգների արմ. մասերի հետ միասին)։ Սահմանային այդ գոտու հետ սերտորեն կապված էին Հայաստանի Շիմշատ, Խարբերդ և, հատկապես, Կարին քաղաքները։ Ամբողջ Փոքր Ասիան և մանավանդ նրա հվ–արլ. կողմերն արաբա–բյուզանդական անվերջ ընդհարումների թատերաբեմ էին։ Կռվող կողմերը փոխադարձաբար քանդում էին հակառակորդի բերդերն ու քաղաքները՝ամայացնելով Կիլիկիան, Փոքր Հայքը և ընդհանրապես Փոքր Ասիան։ Այս կողմերի ասորի, հայ և հույն բնակչությունը մեծապես տուժեց, նրա թիվը պակասեց, որի համար խալիֆայությունը որոշ հարկային առանձնաշնորհումներ տվեց նրանց։ Մակեդոնական հարստության ժամանակ հույներն սկսեցին նեղել արաբներին։ Վասիլ I կայսրը (867–886) գրավեց պավլիկյանների կենտրոնները և, մասնավորապես, Տևրիկեն։ 928-ին Մելիտինեի ամիրան հպատակություն հայտնեց Բյուզանդիային։ Նիկեփորոս II Փոկաս կայսրը գրավեց Կիլիկիան, իսկ Հովհաննես I Չմշկիկը՝ Անտիոքը, Մծբինը և Ամիդը։ 1032-ին Բյուզանդիան գրավեց նաև Եդեսիան և, այսպիսով, ամբողջ սահմանային գոտին ներքին նահանգների հետ միասին անցավ հույներին։ Արաբա–բյուզանդական երեքհարյուրամյա ռազմական ընդհարումների հետևանքով Կիլիկիան, Փոքր Հայքը և ընդհանրապես Փոքր Ասիայի զգալի մասն ամայացան՝ նպաստավոր հող ստեղծելով սելջուկյան հրոսակների համար, որոնք հեշտությամբ հաստատվեցին Փոքր Ասիայում։ Ա․Տեր–Ղևոնդյան