ՀՍՀ/ԱՐԱԲԼԻՆՍԿԻ
ԱՐԱԲԼԻՆՍԿԻ (Խալաֆով) Հուսեյն Մահմեդ օղլի (1881–1919), ադրբեջանցի դերասան և ռեժիսոր։ Ծնվել է Բաքու քաղաքում։ Դերասանական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1905-ից։ Աշխատել է «Նիջաթ» և «Սաֆա» ընկերությունների առաջին ադրբեջանական խմբերում, ապա ինքն է թատերական խմբեր կազմել և հանդես եկել Հյուսիսային Կովկասի, Անդրկովկասի, Միջին Ասիայի, Իրանի մի շարք քաղաքներում։ Խաղացել է մոտ 70 դեր, բեմադրել 50-ից ավելի պիես։ Ա–ու լավագույն դերակատարումներից են՝ Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ», 1907), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր», 1908), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», 1910), Կաջար, Ֆահրադ, Նաջաֆբեկ (Ա. Հախվերդովի «Շահ Կաջար», 1907, «Դժբախտ պատանին», 1909, «Քանդած օջախ», 1909), Նադիր (Ն. Նարիմանովի «Նադիր Շահ», 1907), Հայդարբեկ (Մ. Ախունդովի «Հաջի Կարա», 1907)։ Իբրև ռեժիսոր Ա. ադրբ. հեղինակների գործերի հետ մեկտեղ բեմադրել է նաև Շեքսպիրի, Գոգոլի, Տուրգենևի, Սունդուկյանի, Շիրվանզադեի ստեղծագործությունները։ Ա. եղել է սերտ բարեկամական կապերի մեջ ռուս, հայ, վրացի թատերական գործիչների հետ։ Հայ դերասաններից նրա մտերիմներն էին Գ. Ավետյանը, Ա. Վրույրը։ Որպես արտիստի, Ա–ին բարձր է գնահատել Վ. Փափազյանը։ Ա. օժտված էր ողբերգակի մեծ տաղանդով, կարողանում էր կերպարը հասցնել գեղարվեստական մեծ ընդհանրացման։ Ա–ու ազդեցությունը կրել են ադրբեջանցի ականավոր շատ արտիստներ։ Ա. սպանվել է, 1919-ի մարտ ամսին, Բաքվում, տանը, մուսավաթականի ձեռքով։
Գրկ. Сабит Рахман. Гусейн Араблинский, в сб.: Искусство Азербайджана, т. 3, Баку, 1950; Гусейн Араблинский. Сб. документов о жизни и деятельности актера, Баку, 1967 (на азерб. и рус. языках).
