Jump to content

ՀՍՀ/ԱՐԱԳԱԾԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱԳԱԾԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1972-ի մարտի 15-ին՝ ՀՍՍՀ Ապարանի, Արթիկի և Սպիտակի շրջաններից առանձնացված բնակավայրերից։ Տարածությունը 382,4 կմ² է։ Կենտրոնը Ծաղկահովիտ գյուղն է։ Գտնվում է Արագածի լեռնազանգվածի և Փամբակի լեռնաշղթայի միջև։ Ա. շ–ի կենտրոնական մասը հարթավայրային է, տեղ–տեղ խախտված հրաբխային կոների մնացորդներով, հվ. և հս. մասերը Արագածի և Փամբակի լշ–ի ձորակներով կտրտված լանջերն են։ Ա. ունի ցուրտ լեռնային կլիմա՝ երկարատև ձմեռներով, կարճ ու զով ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը սարահարթում –8°C է, լեռնային բարձրադիր մասերում՝ –12°C (նվազագույնը՝ -35°C), հուլիսինը համապատասխանաբար՝ 16°C և 8°C (առավելագույնը՝ 30°C)։ Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը բարձրադիր մասերում 600–800 մմ է, սարահարթում՝ 400–600 մմ։ Մակերեսային հոսքը թույլ է։ Գլխավոր գետը Գեղաձորն է (Քառանգուի վտակը)։ Ա. շ–ից սկիզբ է առնում Քասաղը։ Շատ են անուշահամ աղբյուրները։ Սարահարթի լեռնատափաստանային լանդշաֆտները բարձրադիր մասերում փոխվում են ալպյան մարգագետինների և ձյունամերձ լանդշաֆտի։ Զուրկ է անտառներից։ Ա. շ. հարուստ է լավորակ շինանյութով (անդեզիտներ, անդեզիտաբագալտներ, բազալտներ)։ Ա. շ–ի մասին տես նաև ՀՍՀ լրացուցիչ հատորը։ Ղ. Մուրադյան

Արագածի շրջանի բնակավայրերը
Բնակավայրի
անվանումը
Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Ալագյազ գյուղ 112 675
Ախուլա գյուղ 171 853
Գեղադիր գյուղ 120 598
Գեղաձոր գյուղ 173 864
Գեղարոտ գյուղ 106 529
Ծաղկահովիտ գյուղ 150 849
Ծիլքար գյուղ 101 507
Հնաբերդ ավան 342 1709
Ղոնդաղսազ գյուղ 93 506
Ղուռուբողազ գյուղ 52 232
Մելիքգյուղ գյուղ 156 891
Միրաք գյուղ 46 203
Նորաշեն գյուղ 26 155
Չոբանմազ գյուղ 71 410
Զամշլու գյուղ 50 273
Ջառջառիս գյուղ 125 619
Սանգյառ գյուղ 68 377
Վարդաբլուր գյուղ 129 669
Փամբ Հայկական գյուղ 129 646
Փամբ Քրդական գյուղ 77 451
Քարվանսարա գյուղ 66 332
Քոռբուլաղ գյուղ 28 160