ՀՍՀ/ԱՐԱԳԱԾ ԽԶՆԱՈՒԶ
ԱՐԱԳԱԾ (մինչև 1946՝ Խզնաուզ), գյուղ Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արևմուտք։ 1962 բն. (1970), հայեր, քրդեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, ծննդատուն։ Գյուղի շրջակայքում պահպանվել են ուրարտական ամրոց–պահակակետի և բնակատեղիի ավերակներ։ Ամրոցի վերակազմության առաջին փորձը պատկանում է ֆրանսիացի ճանապարհորդ Բուլեյ լը Գուզին (1647)։ Հետագայում այն ուսումնասիրել է Թ. Թորամանյանը։ Պարսպով եզերված և 10–15 հա զբաղեցնող բնակատեղին խիտ կառուցապատված է եղել փոքր (հիմնականում 3 սենյականոց) տներով, որտեղ հայտնաբերվել են 500–600 լիտր տարողությամբ ուրարտական հասարակ ու դրոշմազարդ խեցեղեն։ Բնակատեղիի բարձրադիր մասում կառուցված միջնաբերդի քառանկյուն շենքը ունեցել է անկյունային հզոր աշտարակներ և միջանկյալ փոքր աշտարակաձև ելուստներ։
