Jump to content

ՀՍՀ/ԱՐԱԳԻԼՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱԳԻԼՆԵՐ (Ciconiidae), սրունքավորների կարգի թռչունների ընտանիք: Զայնալարերը զարգացած չեն (համարյա համր են): հայտնի է 17 տեսակ (մարաբու, յաբիրու ևն): Տարածված են արևադարձային, մասամբ` բարեխառն գոտիներում: Ամենահայտնի տեսակներն են` սպիտակ Ա. (Ciconia ciconia, մարմնի երկարությունը` մինչև 110 սմ է, թևերի բացվածքը` 225 սմ), տարածված են Միջին և Հարավային Եվրոպայում, Ասիայի արմ. և արլ. շրջաններում: Սև Ա. (Ciconia nigra) ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում: Նշված տեսակները կան նաև ՀՍՍՀ–ում: Սպիտակ Ա. տարածված է Արարատյան հարթավայրում, մասամբ՝ հվ–արլ. շրջաններում, Լոռում: Բները կառուցում են ծառերի, աշտարակների, ժայռերի և բնակելի շենքերի տանիքների վրա: Սև Ա. հանդիպում են Սևանա լճի ավագանում, հս. և հվ–արմ. շրջաններում: Չվող թռչուններ են: Սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկնակերպ կրծողներով, բուսական կերերով ևն: Օգտակար են, ոչնչացնում են գյուղատնտեսական վնասատուներին: Մ. Ադամյան