Jump to content

ՀՍՀ/ԱՐԱԾԱՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱԾԱՆԻ [(ասուրա–բաբել. Արսանիա անվանումից), Արևելյան Եփրատ, թուրք. Մուրադ], գետ Հայկական լեռնաշխարհում։ Միանալով Արևմտյան Եփրատին՝ առաջացնում է Եփրատ գետը։ Երկարությունը 650 կմ է, ավազանը՝ 40 հզ. կմ²։ Հին (հատկապես հայ) մատենագիրները Ա. հիշում են որպես ինքնուրույն գետ և ոչ որպես Եփրատի վտակ։ Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ բարձրությունից։ Վերին հոսանքում անցնում է խոր կիրճով դեպի հս., ապա հս–արմ., դուրս գալիս Ալաշկերտի դաշտ և հոսում հվ–արմ. ուղղությամբ։ Այստեղ գետը լայն է՝ 50–100 մ և դանդաղահոս։ Փոխելով ուղղությունը դեպի արմ., ճեղքում է մի քանի լեռնաբազուկներ և սրընթաց հոսքով, սահանքավոր, համեմատաբար նեղ (50–80 մ) հունով, մտնում Մշո դաշտ, բաժանվում բազուկների՝ առաջացնելով ծանծաղուտներ և ավազա–ճալաքարային կղզյակներ։ Մշո դաշտից մինչև Բալու քաղաքը հոսում է խոր կանիոնով, ունի մեծ անկում, 50–70 մ լայնություն և 3 մ/վրկ արագություն։ Դուրս գալով կանիոնից, որպես լայնահուն (100–150 մ), ջրառատ գետ, մտնում է Խարբերդի դաշտ՝ պահպանելով արմ. ուղղությունը մինչև Արևմտյան Եփրատին միանալը (Կեբան քաղաքից հս.)։ Ա–ի գլխավոր վտակներն են Բագրևանդը (Շարիան), Խնուսը, Բյուրակնը (աջից), Մանազկերտը (Պադնոս), Մեղրագետը, Ճապաղջուրը (ձախից)։ Ա–ի սնումը խառն է, հիմնականում ձնաանձրևային, վերին հոսանքում՝ ստորերկրյա ջրերի սնման գերակշռությամբ։ Այստեղ ափերին բխում են հանքային (ծծմբային) տաք աղբյուրներ (հևում՝ «Վարշակի ջերմուկ»–ներ), որոնց նստվածքների արդյունք են գետի այդ մասում բնական երկու կամուրջները։ Հորդանում է ապրիլ–մայիսին, երբեմն՝ մարտին, դաշտային մասերում ողողում շրջակա տարածությունները, ցածր մակարդակը՝ հուլիս–օգոստոսին։ Ձմռանը սառցակալում է։ Դեռևս ուրարտական ժամանակներից օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Ունի էներգետիկ մեծ ռեսուրսներ, որոնք նվազ են օգտագործվում։

Ա–ի ավազանում են գտնվում Վաղարշակերտ (Ալաշկերտ), Մուշ, Բալու, Խարբերդ քաղաքները։ Ա., որի հովիտը հայ ժողովրդի բնօրրաններից է, Հայաստանի սրբազան պաշտամունքի գետն է։ Նրա ակունքների մոտ էր գտնվում Հայոց զորքի գլխավոր բանակատեղին՝ Շահապիվանը, որտեղ գումարվում էին աշխար– հաժողովներ և կատարվում Նավասարդի տոները։ Մ. թ. ա. 68-ին Ա–ի ափին տեղի ունեցավ Արածանիի ճակատամարտը՝ հայոց և հռոմեական զորքերի միջև։ Հայաստանում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելիս Ա-ում մկրտվեցին Հայոց թագավոր Տրդատ Գ, զորքը և ժողովուրդը։ Ա–ի ավազանի բնակչությունը մինչև Մեծ եղեռնը հիմնականում կազմում էին հայերը։ Ըստ նրանց մեջ տարածված ավանդության, իբր Ա–ի հովտում է եղել դրախտը։ Գ. Աբրահամյան