Jump to content

ՀՍՀ/ԱՐԱԾԱՆԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱԾԱՆԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ Մ. Թ. Ա. 68, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Տիգրանակերտի ճակատամարտում (մ. թ. ա. 69) հռոմեական զորավար Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ–ի դեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ. թ. ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի, այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Ըստ հռոմեական պատմիչ Ապիանոսի, հռոմեական զորքը շարունակ պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելի քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել իրենց համար ձեռնտու վայրում։ Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը։ Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին։ Հայկական հեծելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը։ Հռոմեական պատմիչ Դիոն Կասիոսը գրում է, որ հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին։ Ա. ճ–ից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապավինեցին Մծբին քաղաքի պարիսպներին։ Դիոն Կասիոսը հռոմեացիների նահանջի պատճառը համարում է սպանվածների ու վիրավորների մեծ թիվը, սննդամթերքի պակասությունը։ Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը։ Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը վարկազրկվեց՝ Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին։

Գրկ. Աստուրյան Յ., Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ., 1912, էշ 62–73։ Մանանդյան Հ., Տիգրան Բ և Հռոմը, Ծ., 1940, § 14։ Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, էջ 593–95: Ս. Կրկյաշարյան