Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՄԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱՄԵ (ծն. և մահ. թթ.անհտ.), Ուրարտուի թագավոր՝ մ. թ. ա. շուրջ 860–840-ին։ Ա–ի մասին միակողմանի և կցկտուր տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի թագավոր Սալմանասար III արձանագրություններում։ Ա–ի եռանդուն քաղաքականության շնորհիվ հզոր պետականության հիմքերի վրա դրվեց Հայկական լեռնաշխարհի ցեղերի ժամանակավոր, անկայուն դաշնակցությունը։ Ա. լեռնային ճակատամարտերով Սալմանասար III զրկեց վճռական հաջողություններից, ետ մղեց նրա բոլոր արշավանքները (մ. թ. ա. 859, 857, 845), պահպանեց երկրի ռազմական, քաղաքական հզորությունը, ընդարձակեց պետությունը։ Ա–ի զորավարական տաղանդը, հերոսական ջանքերը ժողովուրդը փառաբանել է, առասպելացրել։ Արամ նահապետի մասին դյուցազնապատումը հյուսված է Ա. թագավորի փառքի հիման վրա։ Ա–ի անունից է ծագում հայոց մեջ տարածված Արամ անձնանունը։

Գրկ. Никольский М. В., Клинообразные надписи Ванских царей, открытые в пределах Росии, «Древности восточные», 1893, т. 1, в. 3, с. 399.