Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՄՅԱՆ ԹԱՏՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՐԱՄՅԱՆ ԹԱՏՐՈՆ», հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոն–կրկես։ Հիմնադրվել է 1846-ին, Կ. Պոլսում, Հովհաննես Գասպարյանի (1826–67) ջանքերով։ Գործել է 1846–66-ին։ «Ա. թ.» միակն էր Մերձավոր Արևելքում, որ համատեղել է միջնադարյան սինկրետիզմի և XIX դ. եվրոպական դրամատիկական թատրոնի առանձնահատկությունները։ Նրա ելույթներում առանձին երկու բաժիններ են կազմել՝ ազգային կրկեսի բոլոր ժանրերը եվրոպական երանգավորումով և մնջկատակը, բալետը, ինտերմեդիան, Հին կտակարանի թեմաներով միստերիա–մորալիտեի տիպի պիեսները, ժամանակակից վոդևիլներն ու մելոդրամաները, հայ և օտար պատմության թեմաներով դրամաները։ Պիեսների լրիվ խորագրերն ու հեղինակների անունները մեզ չեն հասել, բացառություն է Լամարտերիերի «Ռոբերտ ավազակապետ» մելոդրաման։ «Ա. թ.» պրոֆեսիոնալ կատարելության է հասել կրկեսային ժանրերում և մրցակցել Կ. Պոլիս այցելող եվրոպական կրկեսների հետ։ Թատերախմբի ղեկավար Հ. Գասպարյանը եղել է լարախաղացության, ակրոբատիկայի, աթլետիկայի բացառիկ վարպետ, կատարել է նաև ծաղրածուի, պատմական դրամաներում՝ գլխավոր հերոսների դերեր։ Առաջատար դերասանները՝ Միքայել Բամպուքճյան, Մելքոն Գասպարյան, Ալիքսան Սվաճյան, Գևորգ Չիլինկիրյան (Զեննե Գևորգ), Աղասի Մինասյան (նաև ռեժիսոր), Հարություն Պաղտատլյան (նաև ձևավորող–նկարիչ), Հարություն Հեքիմյան (նաև աֆիշներ, ծրագրեր ձևավորող), Գրիգոր Թերզյան և ուրիշներ համատեղել են պարը, ակրոբատիկան, ծաղրածուությունը և դրամատիկական դերասանի վարպետությունը։ Թատերախումբն ունեցել է հայ դերասանուհիներ՝ Թագուհի, Անտիկ և Մառի, իտալացի և ֆրանսիացի պարուհիներ, երգչուհիներ, երաժշտախումբ, որ ղեկավարել է առաջին հայ կոմպոզիտոր–դիրիժոր Կարապետ Փափազյանը։ Թատրոնը Կ. Պոլսում ունեցել է մշտական շենք։ 1849–51-ին հյուրախաղերով այցելել է հայաբնակ քաղաքները՝ Թիֆլիս (ուր կառուցվել է թատրոնի հատուկ շենք ու ներկայացումները տևել են մի ամբողջ թատերաշրջան), Նախիջևան, Թավրիզ և այլուր. եղել է նաև Երևանում ու Էջմիածնում (1850)։

Գրկ. «Ազգասեր», 1847, 13 նոյեմբ., № 118։ «Արևելք», 1899, 13 մարտի № 3962–7 ապրիլի № 3983։ Լևոնյան Գ., Թատրոնը հին Հայաստանում, Ե., 1941։ Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1, Ե., 1962։ Гоян Г., 2000 лет армянского театра, т. 2, М., 1952. Հ․ Հովհաննիսյան