ՀՍՀ/ԱՐԱՄՈՒՍ
ԱՐԱՄՈՒՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Աբովյան–Գնդաշեն խճուղու վրա, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևելք։ 2150 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ (ջերմոցային մեծ տնտեսություն) և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հիվանդանոց։ Մատենագիտության մեջ Ա. հիշատակվում է Արամոնք, Երամոնս, Արախույզ կամ Արախուս անուններով։ Ըստ ավանդության, Շամիրամն այստեղ է փնտրել Արայի դիակը, այստեղից էլ՝ գյուղի անվանումը։ IV դ. գյուղը պատկանել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռին։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Պարսկաստանի Խոյի գավառի Կըռս և Շաբանլու գյուղերից, 1829-ին։ Ա–ի կենտրոնում են գտնվում հատակագծային հորինվածքով հայկական ճարտարապետության մեջ VI դ. 2-րդ կեսին մշակված Ավան–Հռիփսիմե տաճարների տիպի եկեղեցու ավերակները։ Հուշարձանը կառուցվել է VI դ. վերջում, հավանաբար, Հովհան կաթողիկոսի կողմից։ Կենտրոնական քառաթև հորինվածքն առնված է ուղղանկյուն եզրաթև ունեցող արտաքին պատերի մեջ, և չորս անկյուններում տեղադրված են ուղղանկյուն սենյակներ։ Գմբեթատակ տարածության անկյուններում տեղավորված են 3/4 շրջագծային եզրաձև ունեցող հենախորշեր, որոնք միաժամանակ նախամուտքեր են անկյունային սենյակների համար։ Պահպանվել են եկեղեցու հս. և արլ. պատերի միայն առանձին հատվածներ։ Հուշարձանը մասամբ վերականգնված է։ Դավիթ Ա Արամոնեցի կաթողիկոսը (728–741) իր հայրենի գյուղում կառուցել է եկեղեցի և դարձըրել կաթողիկոսանիստ։ Ա–ի շրջակայքում կան միջնադարյան մի քանի այլ կառուցվածքների մնացորդներ և XIII–XIV դդ. խաչքարեր։
