ՀՍՀ/ԱՐԱՅԻ ԼԵՌ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՐԱՅԻ ԼԵՌ, վերին երրորդական ժամանակաշրջանի հանգած հրաբուխ, Արագածից արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև։ Բարձր. 2577 մ է։ Ունի անկանոն կոնի ձև՝ հատած գագաթով, օղակաձև խառնարանով։ Կազմված է անդեզիտ–բազալտներից, անդեզիտներից, անդեզիտ–դացիտներից և դացիտներից։ Լանջերը ծածկված են Էլյուվիալ նստվածքներով և մասնատված ձորակներով։ Կլիման ցամաքային է, տեղումները՝ 300– 400 մմ։ Լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատներ, բարձրադիր մասերում՝ տափաստաններ։ Հս. լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ։ Օգտակար հանածոներից կան անդեզիտ–բազալտ, անդեզիտ։ Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա Գեղեցիկի անունով, որովհետև Շամիրամի դեմ պատերազմելու ժամանակ Արան բանակել է լեռան ստորոտում։
