Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՊՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱՊՅԱՆ Պողոս Հովհաննեսի (1742–1835), հայ տպագրիչ և գրաձուլիչ։ Ծնվել է Ակնա գավառի Ապուչեխ գյուղում։ Պատանի հասակից տեղափոխվել է Կ. Պոլիս, ուր 70 տարի աշխատել է տպագրության ասպարեզում՝ դառնալով Թուրքիայում ժամանակին ամենաճանաչված տպագրիչը։ Նշանակվել է արքունի տպարանի տեսուչ։ Աշխատել է «Հովհաննես և Հակոբ» տպարանում (1766–69)։ 1777-ին հոր հետ բացել է «Հովհաննես և Պողոս» տպարանը, իսկ 1820-ին հիմնել է նոր տպարան իր անունով։ Ա–ի մահից հետո տպագրական գործը մինչև 1853 շարունակել են որդիները։ Արապյանների տպարանում լույս է տեսել շուրջ 150 անուն գիրք և պարբերական։ Ա. փորագրել և ձուլել է հայերեն տարբեր տպատառեր, ստեղծել է թուրքերենի «նեսիհ» և «թալիգ» տառատեսակները (նրա անունով կոչվում են «Արապ օղլու»)։ 1770-ին վրաց Հերակլ թագավորի հրավերով եղել է Թիֆլիսում, պատրաստել վրաց. տպատառեր, սարքավորել տպարանը և տպագրել վրացերեն գրքեր, ապա այցելել է Էջմիածին և օգնել Հայաստանի նորաստեղծ առաջին տպարանի կատարելագործմանը։ Ա. մահացել է Կ. Պոլսում։