ՀՍՀ/ԱՐԱՊՅԱՆՆԵՐ
ԱՐԱՊՅԱՆՆԵՐ, Կ. Պոլսի տպագրիչ–հրատարակիչներ, որոնց երեք սերունդը գործել է 1766-ից մինչև 1850-ական թթ.։ Ակնա Ապուչեխ գյուղի բնակիչ Աստվածատուր Արապ օղլու որդի Հովհաննեսը (մահ. մոտ 1810) Կ. Պոլսում Հակոբ Սոխիկ օղլի տպագրիչի ընկերակցությամբ հիմնել է տպարան և մինչև 1769 հրատարակել Շարակնոց, Բաղդասար Դպրի «Տաղարան»–ը, «Տաղարանիկ»–ը և այլ գրքեր։ 1777-ին Հովհաննեսն իր որդի Պողոսի հետ հիմնել է նոր տպարան, որին միացրել է Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցու որդի Հովհաննեսի տպարանի կայքը և հրատարակչությունը կոչել Հովհաննես և Պողոս անունով։ Ապա Պողոս Արապյանը տպագրական և գրաձուլական մեծ աշխատանք է ծավալել։ 1822-ից Օրթագյուղում (Կ. Պոլիս) Արապյանների ունեցած տպարանում Պողոսին գործակցել են նրա որդիները՝ Աստվածատուրը, Գեորգը, Գալուստը։ Առաջինի երեք որդիները նույնպես իբրև տպագրիչներ են աշխատել։ Գեորգի որդի Խաչիկ Արապյանը երկար տարիներ աշխատել է Օրթագյուղի տպարանում, ձուլել է հայերեն և թուրքերեն մի շարք տառատեսակներ Օսմանյան կայսրության բազմաթիվ տպարանների համար։ Գալուստի որդի Հարությունը (1826–90) նույնպես երկար տարիներ աշխատել է Արապյանների տոհմական տպարանում։ Օրթագյուղի Արապյան տպարանը 1854-ին հրդեհվել է, 1855-ին Կ. Պոլսում հիմնվել է Արապյանների նոր տպարան, որ գործել է մի քանի տարի։ Արապյանների տպարանը շուրջ 90 տարվա աշխատանքի ընթացքում լույս է ընծայել ավելի քան 100 անուն հայերեն գրքեր, այդ թվում՝ տաղարան– ներ, բառարաններ, դասագրքեր, հայ մատենագիրների երկեր, տոնացույցներ, սաղմոսարաններ, ժամագրքեր ևն։ Այնտեղ է տպագրվել «Սուրհանդակ Բիւզանդեան» պարբերականը։
