ՀՍՀ/ԱՐԱՍԻԱՆՅԱՆ
ԱՐԱՍԽԱՆՅԱՆ Ավետիք Մկրտումի (1857–1912), հայ տնտեսագետ, հրապարակախոս, գրականագետ, հասարակական գործիչ, լիբերալ–բուրժուական գաղափարախոս։ Ծնվել է փետրվարի 13-ին, Ագուլիսում, վաճառականի ընտանիքում։ Սովորել է ծննդավայրում, ապա՝ Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։ 1876-ին մեկնել է արտասահման (Փարիզ, Լայպցիգ, Ստրասբուրգ), շարունակեք ուսումը։ 1882-ին դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան և Գայանյան դպրոցներում։ 1875–1887-ին աշխատակցել է «Մշսւկ»–ին։ Զբաղվել է տնտեսագիտական բնույթի հետազոտություններով։ Ա. հասարակական–հրապարակախոսական բուռն գործունեություն է ծավալել «Մուրճ» ամսագիրը հրատարակելու և խմբագրելու տարիներին (1889–1900)։ Ձեռնամուխ է եղել Կ. Մարքսի «Կապիտալ»–ի I հատորի և Կ. Մարքսի ու Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»–ի հայերեն թարգմանությանը։ Կյանքի վերջին տարիներին քաղաքատնտեսություն է դասավանդել էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1901–1911), ապա եղել է Ախալքալաքի հայկական դպրոցների տեսուչ։ Ա. կրել է բուրժուական տնտեսագիտության պատմական դպրոցի ազդեցությունը։ Քաղաքատնտեսությունը համարել է ինքնուրույն գիտություն, բայց հասարակական–արտադրական հարաբերությունների փոխարեն ուսումնասիրության առարկան է համարել արտադրության գործոնների (հոդ, կապիտալ, աշխատանք) հարաբերությունները։ Ընդ որում, Ա. վերանում էր կոնկրետ արտադրաեղանակից։ Ա. գնահատել է ֆիզիոկրատներին, բայց չի թափանցել նրանց ուսմունքի դասակարգային էության մեջ։ Արժեքավորելով անգլիական դասական քաղաքատնտեսության դպրոցը՝ նա նշել է, որ Ա. Սմիթը «ստեղծեց քաղաքատնտեսության մի սիստեմ, որը յուր լայնածավալությամբ ըմբռնում է բոլոր տնտեսական երևույթները…» («Հողի արդյունաբերությունը և հասարակությունը», Թ., 1884, էջ 14)։ Դ. Ռիկարդոյի հողային ռենտայի տեսության վերլուծության կապակցությամբ Ա. ուշադրություն է դարձրել արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր ձևի խնդիրներին, սակայն չի ըմբռնել հավելյալ արժեքի էությունը։ Միաժամանակ Ա. ցույց է տվել Ռիկարդոյի «վերին աստիճանի աբստրակտ» մտածողությունը։ Ա. շոշափել է սեփականության բաշխման և դասակարգային փոխհարաբերության խնդիրներ։ Հասարակական հարստության մեջ նա գնահատում էր այն, «ինչը կարողանում է վերականգնել մսխվածը և մի բան էլ ավելացնել»։ Ա. տարբերում էր արժեքն ու գինը, բայց արժեքը գնահատում էր զուտ սպառողական արժեքի տեսակետից և չէր բացատրում, թե ինչով է որոշվում գինը։ Արժեքի աշխատանքային տեսությունը Ա. տարածում էր միայն արդյունաբերական ապրանքների վրա։ Ելնելով լիբերալ–բուրժուական մտածողության դիրքերից՝ Ա. պաշտպանում էր 1861-ի ագրարային ռեֆորմը։ «Մուրճ»–ը խմբագրելու տարիներին Ա. բեղմնավոր գործունեություն է ծավալել գրականության ու լեզվի ասպարեզում և որոշել ամսագրի դիրքը գրականության հարցերում։ Ըմբռնել է դարավերջին հայ գրականության մեջ կատարված բեկումը հօգուտ ռեալիզմի և իր հոդվածներում պաշտպանել այդ ուղղությունը։ Ազգային գրականության զարգացումը խթանելու նպատակով ամսագրի էջերում Ա. հյուրընկալել և խրախուսել է գրողների մի ամբողջ սերունդ (Լ. Շանթ, Դ. Դեմիրճյան, Մ. Մանվելյան, Հ. Հակոբյան), արժեքավորել հայ հին ու նոր գրական դեմքերին (Փավստոս Բուզանդ, Սայաթ–Նովա, Րաֆֆի), հայ մամուլն ու հրապարակախոսներին։ Գրականության և արվեստի մեջ Ա. տեսնում էր հասարակայնորեն ներգործուն ուժ։ Հայ թատրոնի խաղացանկը հարստացնելու համար նա առաջարկում էր դրամաների վերածել արձակի լավագույն նմուշները և պաշտպանում մշտապես գործող դերասանական խումբ ստեղծելու գաղափարը։ Գրական լեզուն հարստացնելու աղբյուր էր դիտում գրաբարն ու բարբառները, ինչպես և օտար լեզուներից առնված փոխառությունները։ Մահացել է դեկտ. 3-ին, Ախալքալաքում, թաղվել է Թիֆլիսում։
Երկ. Ազգաբնակությունը և ազգաբնակչական շարժումները, Թ., 1883։ Հողի արդյունաբերությունը և հասարակությունը, Թ., 1884։ Ինքնակենսագրություն, Թ., 1912։ Закавказские шелкомотальные заводы, Тифлис, 1888.
