Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊԵՏՐՈՍԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱՐԱՏՅԱՆ Ալեքսանդր Պետրոսի (1855–1885), հայ գյուղագիր, դրամատուրգ, մանկավարժ։ Ծնվել է Շամշուլդա գյուղում (Վրաց. ՍՍՀ)։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1868–1870)։ Զբաղվել է ուսուցչությամբ, բացել դպրոցներ։ «Երկու թումբ կամ խեղճ սիրահարներ» (1876) անդրանիկ գրքում արտացոլել է ավանդական բիրտ սովորույթներին զոհ դարձած սիրահարների ողբերգությունը։ «Գյուղական խալֆա» (1883) ինքնակենսագրական երկում արծարծել է հին դպրոցի կրթական ձևից ու ժառանգությունից հրաժարվելու խնդիրները։ Գյուղական լուսավորիչների գործունեության տարբեր կողմերը, նրանց և հարուստ վերնախավի միջև եղած հակասություններն են արտացոլված «Հիմնարկություն գավառական ուսումնարանի» (1889) վիպակում։ Գրել է նաև մանուկների համար («Քնարիկ մանկական», 1880, «Փնջիկ», 1885 ևն)։ Ա. թողել է շուրջ մեկ տասնյակ պիեսներ, որոնց մեջ առանձնանում է «Սուտ ճգնավոր»–ը (հրտ. 1891) երկու գործողությամբ վոդևիլը։ Այն նախասովետական շրջանում հրատարակվել է մի քանի անգամ և բազմիցս բեմադրվել։ Կատակերգություններից ուշագրավ են «Կրակի մեջ եմ ընկել», «Տըլոտ Կարո», «Փոքրիկ ախոյանները» ևն գործեր։ Մահացել է դեկտ. 13-ին։ Մ. Սաղյան