Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, հնագույն պետություն Հայկական լեռնաշխարհում, մ. թ. ա. I հազարամյակում։ Ա. թ–յան անվան հիշատակությունը հանդիպում է Հին կտակարանում, ըստ Թագավորաց չորրորդ գրքի (գլ. ԺԹ, 37), Ասորեստանի Սինաքերիբ թագավորի (մ. թ. ա. 705–680) հայրասպան որդիներն ապաստանեցին Արարադի երկիրը, իսկ մ. թ. ա. 594–593-ին թվարկվող Երեմիայի մարգարեությունում (գլ. ԾԱ, 27) Ա. թ-յանը, հարևան Միննի և Ասքանազյան թագավորությունների հետ, Երեմիան հորդորում է ընդդեմ Բաբելոնի։ Ա. թ. կամ Ուրարտու պետությունն էր, կամ Երվանդունիների թագավորությունը։ Հայ հին պատմիչները (Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի և ուրիշներ) հաճախ «Հայաստան» անվան փոխարեն գործածում են «Արարատյան տերություն», «Արարատյան աշխարհ», «Արարադի երկիր» անունները։ Աստվածաշնչի եբրայական բնագրի «Արարադի երկիր»–ը լատիներենում և ասորերենում թարգմանվել է «Արմենիա»։ Գ. Տիրացյան