Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՐԱՏՅԱՆ ՈՐԲԱՆՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՈՐԲԱՆՈՑ, հիմնադրվել է Իրանի Համադան քաղաքում, 1918-ին՝ Վասպուրականի հայության բռնագաղթից հետո։ 1919-ին փոխադրվել է Իրաքի Բաքուբա և Բաղդադ քաղաքների միջև ընկած անապատը (Դիալա գետի ափին), ուր հաստատվել էին Վասպուրականից, Սալմաստից, Ուրմիայից բռնագաղթած հայեր, 1920-ին՝ Բաղդադի և Բասրայի միջև ընկած անապատը, 1921-ին՝ Երուսաղեմ և անվանվել Հայկական բարեգործական ընդհանուր միության Երուսաղեմի Արարատյան որբանոց (սաների թիվը 900 էր)։ 1924-ին Արարատյան որբանոցից 250 սան տեղափոխվել է Երուսաղեմի Խաչավանք հաստատությունը, ուր հիմնադրվել է Խաչավանքի Վասպուրսւկան որբանոցը։ Նույն տարին Ա. ո–ից 250 սան մեկնել է Սովետական Հայաստան, 40-ը՝ Եթովպիա, 40-ը՝ Կիպրոս՝ Մելգոնյան կրթական հաստատություն։ Ա. ո–ում մնացած մեծահասակ սաները կյանք մտան, փոքրահասակները տեղափոխվեցին Բեյրութ (Լիբանան)՝ համալրելով Քելեկյան որբանոցը։ Արարատյան և Վասպուրական որբանոցների ծախսերի մեծ մասը հոգում էր ՀԲԸՄ, մնացածը՝ Մերձավոր Արևելում ամերիկյան օգնության կոմիտեն։

Գրկ. Ընդարձակ տարեցույց, ԿՊ, 1925, էջ 98–99։ Ս. Սարգսյան