Jump to content

ՀՍՀ/ԱՐԱՔՍԻ ՄԻՋԼԵՌՆԱՅԻՆ ԻՋՎԱԾՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱՔՍԻ ՄԻՋԼԵՌՆԱՅԻՆ ԻՋՎԱԾՔ, Փոքր Կովկասի ամենամեծ տեկտոնական և միաժամանակ լեռնագրական գոտիներից մեկը։ Ձգվում է հս–արմ–ից հվ–արլ. Ախուրյանի գետաբերանից մինչև Ջուլֆայի անտիկլինալային բարձրացումը, մոտ 200 կմ երկարությամբ և 30–35 կմ լայնությամբ։ Նեոգենի հասակի վերադիր իջվածք է, լցված միոցենի, պլիոցենի ու անթրոպոգենի աղաբեր, մոլասային, հրաբխածին, լճային ու ցամաքային նստվածքների հաստվածքով, որը աններդաշնակ ծածկում է հիմքը կազմող պալեոզենի, մեզոզոյի և պալեոզոյի շերտախմբերի տարբեր հորիզոնները։ Հորատանցքերով և երկրաֆիզիկական տվյալներով ապացուցված է, որ այն համասեռ չէ, այլ կազմված է թաղված բարձրացումներից ու մի շարք ճկվածքներից, որոնք մեծ մասամբ սահմանափակվում են խզումներով ու համարվում են գրաբեն–սինկլինորիումներ և հորստ–անտիկլինորիումներ։ Պալեոզոյում, մեզոգոյում ու պալեոգենում Ա. մ. ի–ի տեղում եղել է միոգեոսինկլինալային ռեժիմ՝ ծովային ու ցամաքային պայմանների հերթափոխմամբ։ Պալեոզենի վերջում ու նեոգենի սկզբում տեղի են ունենում ինտենսիվ լեռնակազմական շարժումներ, որոնց հետևանքով Փոքր Կովկասի կենտրոնական մասը բարձրանում է, իսկ նրանից հս. և հվ. գտնվող շրջանները իջնում են։ Ա. մ. ի–ի առաջացման սկիզբը արձանագրվում է միոցենի կարմրավուն մոլասային ու աղաբեր շերտախմբերի գոյացումով, որոնք կազմում են իջվածքը լցնող ապարների ծածկոցային կոմպլեքսի ստորին հորիզոնները և աններդաշնակ ծածկող հիմքի տարբեր հասակի հաստվածքները։ Այդ իջվածքը այժմ էլ համարվում է հարաբերական իջեցման մարզ, որը փաստարկվում է մոտ 400 մ հզորություն ունեցող անթրոպոգենի լճա–ցամաքային նստվածքների կուտակումով, ինչպես նաև դեպի իջվածքը գետային դարավանդների խորասուզումով։ Նրա բացարձակ իջեցումը նեոգենից մինչև այժմ կազմում է մոտ 2000 մ։ Դիֆերենցիալ բնույթի տեկտոնական շարժումները շարունակվում են առ այսօր, որոնց հետևանքն են այսւոեղ տեղի ունեցող երկրաշսւրժները։ Ա. մ. ի. հարուստ է քարաղով, գիպսով, դիատոմիտով, շինանյութերով, հանքային և արտեզյան ջրերով։ Ա. Գաբրիելյան