ՀՍՀ/ԱՐԳԱՆԴ
ԱՐԳԱՆԴ (uterus, metria), կենդանիների և մարդու իգական սեռական ներքին օրգան։ Անողնաշարավոր կենդանիներից Ա. ունեն որոշ որդեր, հոդվածոտանիներ, փափկամորթներ, ողնաշարավորներից՝ մի քանի երկկենցաղներ, բոլոր սողուններն ու կաթնասունները։ Մարդու Ա. տեղակայված է փոքր կոնքի խոռոչում, միզապարկից ետ, ուղիղ աղիքից առաջ։ Ա. տանձաձև է, ունի հատակ, մարմին, վիզ։ Վզի ստորին մասը մտած է հեշտոցի մեջ։ Ա–ի մարմնի խոռոչը եռանկյունի է, իսկ վզի շրջանում՝ խողովակաձև, որը վերջանում է Ա–ի արտաքին բացվածքով։ Ա–ի պատերը հաստ են՝ կազմված երեք շերտից, ներքին շերտը լորձաթաղանթն Է՝ հարուստ բազմաթիվ մանր գեղձերով, միջին շերտը մկանային է, մոտավորապես 2,5 սմ հաստությամբ, արտաքին շերտը որովայնամիզն է, որը, արգանդի առաջսւյին և ետին երեսները պատելով, նրա աջ և ձախ եզրերից ձգվում է մինչև կոնքի կողմնային պատը՝ կազմելով արգանդի լայն կապանը, որի երկու թերթիկների մեջ տեղակայված են արգանդի կլոր կապանները, արյան անոթները և արգանդային կամ ֆալոպյան փողերը։ Վերջինները 10–12 սմ երկարությամբ զույգ խողովակներ են, որոնք ունեն արգանդային և որովայնային բացվածքներ։ Ֆալոպյան փողերի միջոցով հասունացած ձվաբջիջը ձվարանից անցնում է արգանդ։
