Jump to content

ՀՍՀ/ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, 1. որևէ ուժային դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի արգելակման (արագության փոփոխության) դեպքում առաջացած էլեկտրամագնիսական ճառագայթում։ Սովորաբար Ա. ճ. դիտվում է, երբ լիցքավորված մասնիկը փոխազդեցության մեջ է մտնում (բախվում է) ատոմի միջուկի և ատոմային էլեկտրոնների էլեկտրաստատիկ դաշտերի հետ։ Երբեմն Ա. ճ–մանն են վերագրում մագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկների ֆոտոնների ճառագայթումը (այսպես կոչված մագնիսաարգելակման կամ սինքրոտրոնային ճառագայթումը) ինչպես և γ-քվանտների ճառագայթումը տարրական մասնիկների տրոհման ժամանակ։ Արագացում ունեցող յուրաքանչյուր լիցքավորված մասնիկը առաքում է անընդհատ սպեկտրով էներգիա, ընդ որում ֆոտոնների առավելագույն էներգիան հավասար է ճառագայթող մասնիկի կինետիկ էներգիային, այսինքն՝ Ա. ճ-ման էներգետիկ սպեկտրը ունի բնորոշ վերին սահման։ Ա. ճ. նվազեցնում է մասնիկի կինետիկ էներգիան,հետևաբար և ճառագայթող մասնիկի արագությունը։ Էներգիայի կորուստը հակադարձ համեմատական է մասնիկի հանգստի զանգվածի քառակուսուն, այդ պատճառով էլեկտրոնները նյութում արգելակվում են ավելի ուժեղ, քան ծանր մասնիկները, որը հնարավորություն է տալիս տարբերելու էլեկտրոնները տիեզերական ճառագայթների մյուս մասնիկներից։ Լ. Լանդաուի, Ի.Պոմերանչուկի աշխատանքներում (1953) ցույց է տրված, որ մեծ էներգիաներով էլեկտրոնների Ա. ճ–ման վրա էապես ազդում են միջավայրում էլեկտրոնների բազմակի ցրումը և միջավայրի բևեռացումը։ Ա. ճ. մեծ էներգիաների ֆոտոնային փնջերի ստացման հիմնական մեթոդն է, որի օգնությամբ ուսումնասիրվում է տարրական մասնիկների և ատոմների միջուկների էլեկտրամագնիսական կառուցվածքը, տարրական մասնիկների ֆոտոծնումը, նյութի և ճառագայթման փոխազդեցության այլ պրոցեսներ։ Ա. ճ. ռենտգենյան ճառագայթներ և գամմա–ճառագայթներ ստանալու հիմնական միջոցն է։ 2. Տիեզերական թռչող ապարատների պատյանում մասնիկների արգելակման ժամանակ առաջացած կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթում։ Մասնիկները (օր. էլեկտրոններ, պրոտոններ) տիեզերական ապարատների հետ բախվելիս, թափանցելով նրա պատյանը, արգելակվում են, և նրանց կինետիկ էներգիան փոխարկվում է ռենտգենյան ճառագայթման էներգիայի, որը վտանգավոր է տիեզերագնացների համար։

Ա. ճ. երևույթի ուսումնասիրության գործում իրենց ներդրումն ունեն նաև հայ ֆիզիկոսները։ Գ. Սահակյանը ցույց է տվել, որ մեծ անկյունների տակ դիտվող Ա. ճ. կարող է օգտագործվել ատոմի միջուկի կառուցվածքը հետազոտելու համար։ Գ. Ղարիբյանը ուսումնասիրել է Ա. ճ–ման առաջացումը էլեկտրոն–էլեկտրոն և էլեկտրոն–պոզիտրոն բախումների ժամանակ։ Մ. Տեր–Միքայելյանը հետազոտել է մեծ էներգիայի էլեկտրոնների բազմակի ցրման երևույթի ազդեցությունը Ա. ճ–ման վրա։ Ա. Գազազյան