Jump to content

ՀՍՀ/ԳԵՂԵՑԻԿԸ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՂԵՑԻԿԸ, կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը: Գ-ի պրոբլեմի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարա-փիլիսոփայական և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա: Բացահայտելով Գ-ի բնույթն ու աղբյուրները` իդեալիստական գեղագիտությունը դիմում է կամ վերացական ոգուն, գաղափարին (Պլատոն, Հեգել), կամ, տարբեր վերափոխումներով, այն վերագրում է զուտ անհատի գիտակցությանը (Հյում, Կանտ, Ֆուկելտ, Լիպս, Սանտայանա): Նախամարքսյան մատերիալիստները մեծ մասամբ Գ. բացատրել են բնական օրինաչափություններով` համաչափությամբ, ռիթմով ևն, ձգտել են ապացուցել Գ-ի օբյեկտիվությունը` այն համարելով նյութական աշխարհի հատկություն: Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ Գ-ի մեկնաբանումներում գերիշխել են մատերիալիստական միտումները: Բնորոշ է Գ-ի` բարու և մարդկային հոգևոր այլ արժեքների հետ կապի ընդգծումը (Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Ստեփանոս Լեհացի, Միքայել Նալբանդյան, Արշակ Ադամյան ևն): ժամանակակից մարքսիստական գեղագիտությունը Գ. բնորոշում է որպես պատմական պրակտիկայով պայմանավորված իրերի և երևույթների յուրահատուկ արժեք, որը բացահայտվում և կոնկրետացվում է սուբյեկտի գաղափարա-էմոցիոնալ գնահատականի մեջ: Գ. ծագում է սուբյեկտի իդեալական պատկերացումների ու գնահատվող երևույթի` իդեալականի ու իրականի հարաբերության, դիալեկտիկական համապատասխանության մեջ: Գ-ի ընկալումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է իրերի արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով և ձևի միջոցով իրերի բովանդակության մասին դատելու ընդունակությամբ: Ահա ինչու Գ-ի «գաղտնիքը» բովանդակությունից կտրված ձևի օրինաչափություններով բացատրելու փորձերը ապարդյուն են եղել և հանգեցրել են կա’մ նատուրալիզմի, կա’մ ֆորմալիզմի: Այն պատրանքը, թե Գ. իրերի սոսկ ձևական կատարելությունն է, որոշ դեպքերում հետևանք է դրանց ներդաշնակ կառուցվածքի և մարդկային իդեալների համընկնման, օրինակ, առողջ, համաչափ զարգացած եղնիկը, արծիվը, աղավնին: Սակայն, ոչ պակաս օրինաչափ բնական ձևեր ունեցող այլ կենդանիներ` գորտը, որդը, օձը գեղեցիկ չեն համարում, որովհետև նշված համընկնումը տեղի չի ունեցել: Նույնը վերաբերում է նաև նյութական իրերին, հաճախ, չկորցնելով օրինաչափ հատկություններից ոչ մեկը, դադարում են գեղեցիկ լինելուց, «հնանում են բարոյապես», հակասություն է առաջանում իրերի տեխ. կատարելության և գեղագիտական կողմն ապահովող այլ մասնավորապես ոճային ու գունային պահանջների միջև, խախտվում է դրանց միասնությունը: Գ-ի կապը մարդկային իդեալների հետ, պատմական, ազգային և սոցիալ-դասակարգային պայմանավորվածությունը հատկապես ակնհայտ է հասարակական կյանքում և արվեստում: Արդի դարաշրջանում Գ. են այն երևույթները, որոնք նպաստում են կոմունիզմի վեհ նպատակին` բազմակողմանի զարգացած ներդաշնակ անհատի դաստիարակությանը: Հաստատելով «գեղեցիկի թագավորությունը», կոմունիստական հասարակությունը կապահովի «գեղեցիկի օրենքներով ստեղծագործելու» (Կ. Մարքս) ավելի լայն հնարավորություններ:

Գրկ. Թերգյ ա ն Թ., Գեղեցկագիտություն, Բազմավեպ, Վնտ., 1897, էջ 215—21, 479—84, Էջ 142—47, 197 — 99,352 — 56,390—93, Էջ 173-76, 371—74, 567-71, 1900, Էջ 72—76, 131—32, 171—73, 223—25,373—77, 489—494, 1901, Էջ 78—82, 174-77, 223—25: Երեմյան Ս., Գեղեցիկը, Վնտ., 1915: Քալանթար Ա., Գեղեցիկի հարցի շուրջը (Չեռնիշևսկին և հարցի լուսաբանումը), Ե., 1964: Հովսեփյան Վ., Գեղեցիկի հասարակական Էության մասին, Ե., 1967: Տես նաև Արվեստ, Գեղագիտություն հոդվածների գրականությունը: Գ. Հակոբյան