Jump to content

ՀՍՀ/ԳԵՂՁԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՂՁԵՐ (Gladulae), մարդու և կենդանիների օրգաններ, որոնք մշակում և արտազատում են օրգանիզմի կենսագործունեությանը մասնակցող յուրահատուկ նյութեր: Որոշ Գ. (թքագեղձեր, կաթնագեղձեր, քրտնագեղձեր ևն) ունեն արտատար ծորան և կոչվում են արտազատիչ կամ արտածոր, իսկ արտադրած հյութը` սեկրետ (արտազատուկ): Մյուս` ներզատիչ Գ. (վահանագեղձ, մակերիկամներ ևն) ծորան չունեն, և նրանց արտադրած հորմոնը` ինկրետը (ներզատուկը), անմիջապես անցնում է արյան կամ ավշի մեջ, տարածվում օրգանիզմում: Կան նաև խառը (օրինակ` ենթաստամոքսային, սեռական) Գ., որոնք ունեն թե արտազատիչ, թե ներզատիչ բաժիններ: Որոշ խտացնող Գ. (երիկամներ, քրտնագեղձեր, մասամբ` արցունքագեղձեր) արյունից ընտրողաբար կլանում են դիսիմիլյացիայի վերջնական արգասիքները, խտացնում են նրանց և արտազատում դուրս` կանխելով օրգանիզմի թունավորումը: Կան սպիտակուցային կամ շճային Գ. (հարականջային, ենթաստամոքսային), որոնց արտազատուկներն ունեն սպիտակուցային բնույթ և ջրում լուծվելով արտադրվում են որպես շճային հեղուկներ: Լորձային Գ. (կերակրափողի կամ արգանդի Գ.) արտադրում են գլիկոպրոտեիդների շարքին պատկանող մուցին և մուկոիդներ: Հետերոկրին Գ. միաժամանակ արտադրում են և սպիտակուցային, և լորձային արտազատուկ: Ճարպային, մասամբ կաթնային Գ-ի արտազատուկներն իրենց բնույթով ճարպանման են, որի հետևանքով ջրում չեն լուծվում: Գ. մեծ մասամբ ունեն Էպիթելային ծագում: Էպիթելային որոշ բջիջներում նյութերի արտադրումը և արտազատումը դառնում են գերակշռող և նրանք վեր են ածվում գեղձային բջիջների կամ միաբջիջ Գ-ի: Վերջիններս բաժականման բջիջներ են` տեղակայված շնչական, միզա-սեռական, մարսողական համակարգի լորձաթաղանթի գլանաձև բջիջների արանքում և արտադրում են լորձ, որը խոնավ է պահում լորձաթաղանթի մակերեսը: Բազմաբջիջ Գ-ի անատոմիա-ֆիզիոլոգիական միավորը` ադենոմերը կազմված է խոռոչից և ծորանից: Ըստ ադենոմերի ձևի (երկարավուն կամ կլորավուն) Գ. լինում են խողովակաձև և բշտիկաձև (ալվեոլային): Գնդաձև ադենոմերներին երբեմն անվանում են ացինուսներ: Ստամոքսաելքի, ստամոքսի հատակի, արգանդի Գ. Կազմված են մեկ ադենոմերից ու չճյուղավորված արտատար ծորանից և կոչվում են պարզ (խողովակաձև կամ բշտիկաձև): Բարդ Գ. կազմված են մեծ քանակությամբ ադենոմերներից, որոնց ծորանները միանալով կազմում են ընդհանուր արտատար ծորան: Ըստ ադենոմերի ձևի, բարդ Գ. լինում են խողովակաձև (օրինակ` ենթալեզվային թքագեղձը), բշտիկաձև (ենթաստտմոքսային, հարականջային Գ.) և բշտիկա-խողովակաձև (ենթածնոտային թքագեղձ): Երբեմն խողովակաձև ադենոմերները ճյուղավորվելով միանում են միմյանց և Գ. դառնում են բարդ ցանցաձև (լյարդ, հիպոֆիզի առաշային բիլթ ևն): Պարզ և բարդ Գ. շրջապատված են շարակցական հյուսվածքով, որով անցնում են արյունատար անոթները և նյարդերը: Գ. ենթակա են հիվանդությունների (զարգացման արատներ, բորբոքումներ, չարորակ ուռուցքներ, ֆունկցիայի նվազում կամ ուժեղացում): Հ. Հակոբյան