Jump to content

ՀՍՀ/ԳԵՄԲԱՐՍԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՄԲԱՐՍԿԻ (Gembarsky) Բոգդան (ծն. 27.2.1905. Պետերբուրգ), լեհ հրապարակախոս, արևելագետ: Սովորել է Վարշավայի Արևելյան կենդանի լեզուների ինստ.ում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Վարշավայի ապստամբության (1944) ղեկավարներից, ապա անցել ընդհատակ, ձերբակալվել և ներփակվել համակենտրոնացման ճամբարում: Ետպատերազմյան շրջանում աշխույժ գործունեություն է ծավալել` Գերմանիայի համակենտրոնացման և աշխատանքային ճամբարներից անչափահաս լեհերին հայրենադարձնելու համար: Խմբագրել է հանդեսներ, թերթեր: 1969-ին պարգևատրվել է ԼԺՀ «Վերածնության խաչ» բարձրագույն մեդալով: Գ. զբաղվել է հնդկագիտությամբ և հայագիտությամբ, Լեհաստանում թարգմանաբար հրատարակել հնդիկ և հայ գրողների ստեղծագործություններ, գրել եղեռնին վերաբերող հոդվածներ («Նամակ իմ թուրք ծանոթին», «Նամակ Ու Տանին»): 1935-ից հանդես է գալիս դասախոսություններով` ներկայացնելով հայ գրականությունը սկզբից մինչև մեր օրերը: Ա. Նավասարդյան