Jump to content

ՀՍՀ/ԳԵՅԶԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՅԶԵՐ (իսլանդ. geysir, geysa — դուրս հորդել), պարբերաբար եռացող ջուր և գոլորշի շատրվանող աղբյուր: Լինում են հատած կոնի, մեղմաթեք գմբեթի, գավաթաձև և անկանոն փոսերի ձևով: Տարբերում են կանոնավոր և անկանոն Գ-ներ: Առաջին դեպքում գործունեության տևողությունը հաստատուն է (մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ), երկրորդ դեպքում` փոփոխական: Գ-ի արտավիժման շիթի բարձրությունը հաճախ գերազանցում է մի քանի տասնյակ մ, ջրի ջերմաստիճանը 80—100 C է: Ջուրը թույլ է հանքայնացված (1—2 գ լ) և պատկանում է քլորիդ-նատրիումային կամ քլորիդ-հիդրոկարբոնատային տիպին, պարունակում է նշանակալի քանակությամբ սիլիկահող, որի նստեցումից Գ-ի լանջերին առաջանում է օպալանման ապար` գեյզերիտ: Գ-ներ կան Կամչատկայում, Իսլանդիայում, Հյուսիսային Ամերիկայում, Նոր Զելանդիայում, ճապոնիայում, Չինաստանում: Կամչատկայում հայտնի է մոտ 100 Գ., որոնցից 20-ը խոշոր են (առավել մեծը` Վելիկան Գ., դուրս է ցայտում ջրի շիթ մոտ 40 մ և գոլորշի մինչև մի քանի հարյուր մ): Գ-ի ջրի և գոլորշու ելքերը օգտագործվում են շենքերի ու ջերմոցների ջեռուցման և էներգետիկայի կայանքների աշխատանքների համար: Կ. Կարապետյան