Jump to content

ՀՍՀ/ԳԵՆԵՍԻՈՍ ՏԻՄՈԹԵՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՆԵՍԻՈՍ ՏԻՄՈԹԵՈՍ (ծն. թ. անոտ.—747), Պավլիկյան շարժման առաջնորդ 717-ից: VIII դ. սկզբին բյուզանդական հալածանքներից ազատված և Արևմտյան Հայաստանի Եպիսպարիս գյուղում ապաստանած պավլիկյանները իրենց առաջնորդ են հոչակել Պավղոս հայի որդուն` Գենեսիոսին, տալով նրան Տիմոթեոս մականունը: Լևոն III կայսրը 717-ին Գ-Տ-ին կանչել է Կոստանդնուպոլիս, պատրիարք Գերմանի մոտ` հարցաքննության: Գ-Տ. խելամտորեն թաքցրել է իր համոզմունքները և արդարանալով` վերադարձել Եպիսպարիս: Գ-Տ-ի նկատմամբ այս մեղմությունը, հավանաբար, կապված էր Լևոն III ի պատկերամարտ քաղաքականության հետ: Գ-Տ. անցել է արաբների կողմը և բնակություն հաստատել Մանանաղ գյուղում, որը և դարձել է նրա գործունեության հիմնական կենտրոնը: Բյուզանդական պատմիչ Պետրոս Սիկիլիացու վկայությամբ, Գ-Տ. Մանանաղում ապրել և գործել է 30 տարի ու մահացել համաճարակից:

Գրկ. Մելիք-Բախշյան U.S., Պավլիկյան շարժումը Հայաստանում, Ե., 1953: Бартикян Р. М., Источники для изучения истории павликианского движения, Е., 1961 Gregoire H., Pour l Histoire des eglises Pauliciennes, «Orientalia Christiana Perisca», 1947, v. 13, 3—4.

Ս. Մելիք-Բախշյան