ՀՍՀ/ԳԵՆԵՐԱԼԻՍԻՄՈՒՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՆԵՐԱԼԻՍԻՄՈՒՍ (լատ. generalissimus—ամենագլխավոր), զինվորական բարձրագույն կոչում: Շնորհվում էր պատերազմի ժամանակ մի քանի բանակներ, հաճախ դաշնակից բանակներ ղեկավարող զորավարներին, երբեմն նաև թագավորական ընտանիքի անդամներին և պետ. գործիչներին` որպես պատվավոր կոչում: Առաջին անգամ, 1569-ին ֆրանս. թագավոր Կառլոս IX-ը Գ-ի կոչում է շնորհել իր 18-ամյա եղբորը (հետագայում` Հայնրիխ III թագավոր): Ռուսաստանում առաջին Գ. եղել է զորապետ Ա. Շեյնը (1696): Գ-ի կոչման է արժանացել ռուս մեծ զորավար U. Սուվորովը (1799): ՍՍՀՄ-ում Սովետական Միության Գ-ի կոչումը մտցվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1945-ի հունիսի 26-ի հրամանագրով և շնորհվել է Ի. Ստալինին (1945-ի հունիսի 27):
