Jump to content

ՀՍՀ/ԳԵՆԵՐԱՏՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՆԵՐԱՏՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ (էլեկտրամեքենայական), մեխանիկական էներգիան հաստատուն կամ փոփոխական հոսանքի էլեկտրական էներգիայի փոխակերպող մեքենա: Աշխատում է էլետրամագնիսական ինդուկցիայի (ինդուկտիվ Գ. է.) և Էլեկտրաստատիկ ինդուկցիայի (ունակային կամ էլեկտրաֆոր Գ. է.) սկզբունքով: Շարժման մեջ է դրվում հիդրավլիկական շարժիչներից (հիդրոգեներատոր), արագընթաց շոզե կամ գազատուրբիններից (տուրբագեներատոր), ներքին այրման շարժիչներից (դիզել-գեներատոր), էլեկտրական շարժիչներից (շարժիչ-գեներատոր, էլեկտրական փոխակերպիչ, տես փոխակերպիչ էլեկտրական): Գ. է-ի հիմնական տեխ. ցուցանիշներն են` հզորությունը (կվտ), լարումը (վ), ռոտորի պտույտների թիվը (պտ ր): Փոփոխական հոսանքի Գ. է-ի համար լրացուցիչ նշվում են ֆազերի թիվը և հաճախականությունը (հց): Առաջին Գ. է-ները XVII—XVIII դդ. ստեղծված ունակային գեներատորներն էին: Առաջին ինդուկտիվ Գ. է-ները ստեղծվեցին Ֆարադեյի աշխատանքների հիման վրա (1831—32), բայց արդյունաբերական նշանակություն ստացան միայն XIX դ. վերջերին (հատկապես Մ. Օ. Դոլիվո-Դոբրովոլսկու կողմից եռաֆազ հոսանքի համակարգի մշակումից հետո): Գ. է-ի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. եթե պտտական կամ հետադարձ համընթաց շարժման միջոցով ստեղծվի մագնիսական ուժային դաշտի և էլեկտրական հաղորդչի հարաբերական տեղաշարժ (երբ տեղի ունենա մագնիսական ուժային դաշտի հատում), ապա էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքի համաձայն հաղորդչում կառաջանա էլշու: Մագնիսական ուժային դաշտ ստեղծվում է հաջորդաբար փոփոխվող բևեռականությամբ էլեկտրամագնիսների կամ հաստատուն մագնիսների (փոքր հզորության մագնիսաէլեկտրական Գ. է.) միջոցով: Հաղորդիչները տեղավորվում են ֆեռոմագնիսական համաձուլվածքի բարակ թիթեղներից հավաքված միջուկի փորակներում և հաջորդաբար միացվում այնպես, որ նրանցում ինդուկցված փոփոխական էլշուները գումարվում են: Ֆեռոմագնիսական միջուկը, փոքրացնելով մագնիսական հոսքի ճանապարհի դիմադրությունը, մեծացնում է հոսքը, դրանով իսկ` էներգիայի փոխակերպման ինտենսիվությունը: Եռաֆազ փոփոխական հոսանքի Գ. է-ներում հաղորդիչները միավորվում են 3 հավասար խմբերում (ֆազերում) և տեղաբաշխվում միմյանց նկատմամբ 120 էլեկտրական աստիճան շեղումով: Հաստատուն հոսանքի Գ. է-ների էլեկտրամագնիսների կամ հաստատուն մագնիսների համակարգը (ինդուկտոր) անշարժ է (ստատոր), իսկ միջուկը փաթույթով (խարիսխ), ուր ինդուկցվում է էլշու, պտտվում է (ռոտոր): Դա կապված է հատուկ կառուցվածքի պտտվող մեխանիկական ուղղիչի (կոլեկտոր) օգնությամբ ինդուկցվող փոփոխական էլշուի ուղղման անհրաժեշտության հետ: Հոսանքը դուրս է բերվում անշարժ ամրացված էլեկտրագրաֆիտային կամ պղնձագրաֆիտային խոզանակներով, որոնք, շփվելով կոլեկտորի մակերևույթի հետ, ապահովում են անհրաժեշտ կոնտակտ: Ինդուկտորի էլեկտրամագնիսները գրգռվում են` կախված բեռնվածքի հոսանքից կամ անկախ դրանից: Առաջին դեպքում, նայած էլեկտրամագնիսների և խարսխի փաթույթների միացման եղանակին, տարբերում են` զուգահեռ (շունտային), հաջորդաբար (սերիես) և խառը (կոմպաունդ) գրգռումով հաստատուն հոսանքի Գ. է-ներ: Երկրորդ դեպքում էլեկտրամագնիսները սնվում են առանձին աղբյուրից: Հաստատուն հոսանքի Գ. է-ները կիրառվում են էլեկտրաքիմիայում` շարժիչ-գեներատորային փոխակերպիչների կազմում, էլեկտրաեռակցման, գլոցման հաստոցնների շարժիչների սնման համար են: Կան փոփոխական հոսանքի սինխրոն և ասինխրոն (անկոլեկտոր և կոլեկտորային) Գ. է-ներ: Սինխրոն Գ. է-ներում, ի տարբերություն ասինխրոնների` գեներացվող, լարման հաճախականությունը համեմատական է ռոտորի պտտման արագությանը: Առավել տարածված են եռաֆազ հոսանքի սինխրոն Գ. է-ները: Փոփոխական հոսանքի Գ. է-ների ինդուկտորը պտտվող է (ռոտոր), իսկ խարիսխը` անշարժ (ստատոր): Դա ապահովում է հուսալի հոսանքահանումը` առանց շփվող կոնտակտների: Ինդուկտորի սնման համար անհրաժեշտ ոչ մեծ հզորությունը (Գ. Է-ի հզորության 1—3) տրվում է կոնտակտային օղակների միջոցով: Անկոլեկտոր ասինխրոն Գ. է. ռոտորի վրա փաթույթ չունի (հոծ ռոտոր), կամ էլ ունի կարճ միացված փաթույթ (կարճ միացված ռոտոր): Ներկայումս շահագործման մեջ գտնվող ամենահզոր Գ. է-ի հզորությունը 800 հզ. կվտ է (Սլավյանսկի պետ. շրջանային էլեկտրակայանի տուրբագեներատորը): Կառուցվում է 1,2 մլն կվտ հզորությամբ տուրբագեներատոր: Նախագծվում են 1,2—2,5 մլն կվտ հզորությամբ շոգեգեներատորներ: ՀՍՍՀ-ում մինչև 100 կվտ հզորությամբ սինխրոն Գ. է. արտադրում է «Հայէլեկտրամաշ» միավորումը:

Գրկ. . Պիոտրովսկի Լ. Մ., էլեկտրական մեքենաներ, Ե., 1951: Алексеев А. Е., Конструкция электрических машин, 2 изд., переработ., М,--Л., 1958 Костенко М. П., Пиотровский Л. М., Электрические машины, 2 изд., ч. 1-2, M, Л., 1964-65.

Ս. Բոխյան