ՀՍՀ/ԳԵՆ ԺԱՌԱՆԳԱԿԻՐ
ԳԵՆ ժառանգակիր, ժառանգականության տարրական միավոր, որը դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ), իսկ որոշ վիրուսներում` ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) մուեկուլի մի հատվածն է: Յուրաքանչյուր Գ. որոշում է կենդանի բջջի սպիտակուցներից մեկի կազմությունը և դրանով իսկ մասնակցում օրգանիզմի հատկանիշի կամ հատկության ձևավորմանը: Գ-երի միագումարությունը` գենոտիպը, գենետիկական ինֆորմացիա է կրում օրգանիզմի տեսակային և անհատական բոլոր առանձնահատկությունների մասին: Ապացուցված է, որ երկրագնդի վրա գոյություն ունեցող կենդանիէակների (այդ թվում նաև վիրուսների ու մանրէների) ժառանգականությունը ծածկագրված է Գ-ի նուկլեոտիդներում: Բարձրակարգ օրգանիզմների Գ. գտնվում է հատուկ նուկլեոպրոտեիդային գոյացությունների` քրոմոսոմների կազմում: Գ-ի գլխավոր ֆունկցիան` ֆերմենտների և այլ սպիտակուցների սինթեզի ծրագրավորումը, որը կատարվում է բջջային ՌՆԹ-ի մասնակցությամբ, որոշվում է Գ-ի քիմիական կառուցվածքով: Գ-ի գծային չափը կախված է իր իսկ հսկողությամբ կառուցվող պոլիպեպտիդային շղթայի երկարությունից: Գ, կազմված է միջին հաշվով 1000—1500 նուկլեոտիդներից (0,0003—0,0005 մմ): Միևնույն Գ. կարող է ունենալ բազմաթիվ ազդեցություն մի շարք ռեակցիաների ընթացքի վրա: Գ-ի կառուցվածքը փոփոխվելիս (տես Մուտացիա) բջիջներում խանգարվում են կենսաքիմիական որոշակի պրոցեսները, որի պատճառով ուժեղանում, նվազում, երբեմն վերանում են նախկինում եղած ռեակցիաները կամ հատկանիշները: Գ-ի գոյության առաջին ապացույցը տվել է Գ. Մենդելը (1865): Նա եկել է այն եզրակացության, որ օրգանիզմի յուրաքանչյուր հատկանիշ պետք է որոշվի ժառանգական այն գործոններով, որոնք սեռական բջիջների միջոցով ծնողներից փոխանցվում են սերունդներին: Խաչաձևման հետևանքով կարող են առաջանալ ժառանգական գործոնների, հետևաբար նաև հատկանիշների նոր զուգորդություններ, որոնց հաճախականությունը կարելի է կանխատեսել ծնողների հատկանիշների ժառանգական վարքի հիման վրա: Գ. տերմինն առաջարկել է դանիացի Վ. Իոհանսենը, 1909-ին: XIX դ. վերջին քառորդում արտահայտվեց այն կարծիքը, որ ժառանգական գործոնների փոխանցման մեջ կարևոր դեր ունեն քրոմոսոմները, իսկ 1902—03-ին ամերիկացի բջջաբան Ու. Սյոտտոնը և գերմանացի գենետիկ Տ. Բովերին ապացուցեցին, որ հատկանիշների փոխանցման և ճեղքման մենդելյան կանոնները կարելի է բացատրել խաչաձևման ժամանակ մայրական և հայրական քրոմոսոմների վերախմբավորմամբ: 1911-ին ամերիկացի գենետիկ Թ. Մորգանը սկսեց մշակել ժառանգականության քրոմոսոմային տեսությունը: Ապացուցվեց, որ Գ-երը տեղադրված են քրոմոսոմներում գծային ձևով, զբաղեցնում են խիստ որոշակի տեղ և մեկ քրոմոսոմում կենտրոնացված Գ-երը փոխանցվում են ծնողներից սերունդներին համատեղ` առաջացնելով շղթայման միասնական խումբ: Շղթայման խմբերի թիվը յուրաքանչյուր բնականոն օրգանիզմի համար կայուն է, հավասար սեռական բջիջների քրոմոսոմների հապլոիդ թվին: XX դ. առաջին քառորդում Գ. նկարագրում էին որպես ժառանգականության տարրական, անբաժան միավոր: Հետագա հետազոտությունները պարզեցին Գ-ի կազմության բարդությունը և նրա տրոհելիությունը: Ամերիկացի գենետիկ Ս. Բենզերի առաջարկով մեկ պոլիպեպտիդային շղթայի կառուցվածքը որոշող ֆունկցիայի միավորն անվանվեց ցիստրոն, մուտացիայի միավորը` մուտոն, իսկ ռեկոմբինացիայինը` ռեկոն: Յուրաքանչյուր ցիստրոն իր մեջ ընդգրկում է մեծ թվով մուտոնննր և ռեկոններ: XX դ. 50-ական թվականներին ապացուցվեց, որ քրոմոսոմներում Գ-ի նյութական հիմքը ԴՆԹ-ն է: Վերջինիս կառուցվածքը բացահայտեցին անգլիացի Ֆ. Կրիկն ու ամերիկացի Զ. Ուոթսոնը (1953), որոնք և առաջադրեցին Գ-ի ազդեցության մեխանիզմի մասին հիպոթեզը, որը հետագայում լրիվ ապացուցվեց: Ներկայումս ապացուցված է, որ Գ-ի ռեպլիկացիան որոշում է տվյալ Գ-ում պարփակված ԴՆԹ-ի կազմության պահպանումը և անփոփոխ հաղորդումը սերունդներին: Գ. կարող է փոփոխվել մուտացիայի հետևանքով: Այդ դեպքում ԴՆԹ-ում խախտվում է նուկլեոտիդների հաջորդականությունը և առաջանում են նոր ալելներ, որոնք կարող են լինել դոմինանտ (տես Դոմինանտություն) կամ ռեցեսիվ (տես Ռեցեսիվություն): 1961-ին ֆրանս. գիտնականներ Ֆ. Ժակոբը և Ժ. Մոնոն եզրակացրին, որ գոյություն ունեն երկու խմբի Գ-եր` կառուցվածքային և կարգավորիչ: 60-ական թթ. վերջին ամերիկացի մի խումբ գիտնականների հաջողվել է քիմիապես սինթեզել անհատական Գ.:
Գրկ. Уотсон Дж. Д., Молекулярная биология гена, пер. с англ., М., 1967 Дубинин Н. П., Общая генетика, М., 1970: Сойфер В.Н., Очерки истории молекулярной генетики, М., 1970.
