ՀՍՀ/ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱ
ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱ (գեո…, հուն, օ—ձև և … լոգիա), գիտություն Երկրի մակերևույթի ռելիեֆի մասին: Ուսումնասիրում է ցամաքի, օվկիանոսների և ծովերի հատակի ռելիեֆի ձևերը, ծագումը, հասակը, զարգացման օրինաչափությունները, ժամանակակից դինամիկան, ներքին և արտաքին ուժերի հակազդեցությունը: Ներքին և արտաքին ուժերի միաժամանակյա ներգործությունը պայմանավորում է ռելիեֆագոյացման պրոցեսները: Երկրի ռելիեֆի փոփոխման կարևոր գործոն է նաև մարդկային հասարակության գործունեությունը: Ռելիեֆի տիպերը կոչվում են նրանց ստեղծող գործոններից առաջատարի անունով, օրինակ` տեկտոնական, հրաբխային, սառցադաշտային: Իր զարգացման ընթացքում ռելիեֆը ծագումնային մի տիպից կարող է վերածվել մյուսին, նայած գործոնի ազդեցության ինտենսիվությանը (օրինակ, հրաբխայինը` սառցադաշտայինի, տեկտոնականը` կարստայինի): Գ-ի տեղը Երկրի մասին գիտությունների համակարգում . որոշվում է երկրակեղևի, հիդրոսֆերայի, մթնոլորտի, բիոսֆերայի միջև կատարվող պրոցեսների փոխհարաբերությամբ, որով և նա դառնում է մի սահմանային գիտություն երկրաբանության և ֆիզիկական աշխարհագրության միջև: Գ-ում առանձնացվում են մի շարք ճյուղեր: Ընդհանուր Գ. ուսումնասիրում է ռելիեֆի ծագման և ձևավորման բոլոր, իսկ մասնավոր Գ.` մեկ կամ մի քանի կողմերը: Պլանետար Գ. ուսումնասիրում է ռելիեֆի խոշորագույն ձևերը, առանձին շրջանների մորֆոլոգիան հետազոտում է ռեգիոնալ Գ.: Դրանց արդյունքները ժողովրդական տնտեսության մեջ կիրառելու տեսական հիմունքները մշակում է կիրառական Գ., պալեոգեոմոր-ֆոլոգիան լուսաբանում է ռելիեֆի էվույուցիան անցյալ երկրաբանական դարաշրջաններում: Գ-ի հիմնական մեթոդը դաշտային հետազոտություններն են և գեոմորֆոլոգիական հանույթը, որոնց հիման վրա կազմվում են ընդհանուր և հատուկ Գ-կան քարտեզներ: Գ-ի տվյալները օգտագործվում են օգտակար հանածոների (հատկապես` ցրոնային) հանքավայրերի որոնման համար, արդյունաբերական, հիդրոտեխնիկական կառույցների, ճանապարհների շինարարության ժամանակ: Գ. որպես ինքնուրույն գիտություն հիմնադրվել է XIX դ. վերջին և XX դ. սկգբին, երբ ձևավորվել են գեոմորֆոլոգիական ամերիկյան (Ու. Մ. Դևիս) և ևրոպական (Ա. Պենկ, Ֆ. Ռիխտհոֆեն, Վ. Պենկ) դպրոցները: Ամերիկյան դպրոցի տեսական կոնցեպցիան առավել լրիվ արտահայտվել է Դևիսի աշխարհագրական ցիկլերի մասին ուսմունքում, իսկ ևրոպական դպրոցինը` Վ. Պենկի ռելիեֆի վերընթաց և վայրընթաց զարգացման տեսությամբ: Վերջին տասնամյակներում արտասահմանյան գիտնականները մեծ ուշադրություն են դարձնում դինամիկ Գ-ի և մորֆոմետրիայի հարցերին: Ռուսաստանում Գ-ի հիմունքները մշակվել են Պ.Պ. Սեմյոնով-Տյան-Շանսկու,Պ. Ա. Կրոպոտկինի, Վ. Վ. Դոկուչաևի, Ի. Վ. Մուշկետովի, Դ. Ն. Անուչինի և այլոց կողմից: Սովետական շրջանում ՍՍՀՄ տարածքի գեոմորֆոլոգիական ուսումնասիրության, Գ-ի տեսական հիմունքների և այլ բնագավառներում ձեռք են բերված մեծ նվաճումներ (Ցա. Ս. էդելշտեյն, Ի. Ս. Շչուկին, Կ. Կ. Մարկով, Ի. Պ. Գերասիմով, Ն. Վ.Դումիտրաշկո և ուրիշներ): ՀՍՍՀ-ում Գ. զարգացել է 1950-ական թվականներից, Մոսկվայի և տեղի (ՀՍՍՀ ԳԱ, Երևանի պետական համալսարան, ՀՍՍՀ Մինիստրների սովետի երկրաբանական վարչություն) գիտնականների կողմից հատկապես ուսումնասիրվել են հանրապետության և հարակից շրջանների ռելիեֆի ընդհանուր առանձնահատկությունները, մորֆոստրուկտուրան, արտածին պրոցեսները և այլն, որոնց արդյունքներն ամփոփված են մենագրություններում և տարբեր մասշտաբի Գ-կան քարտեզներում:
Գրկ. Пенк В., Морфологический анализ, пер. с нем., М., 1961 Дэвис В. М.,Геоморфологические очерки, пер. с англ.,М., 1962 Щукин И. С., Общая геомор фология, 2 изд., т. 1—2, М., 1960—64 Геология Армянской ССР, т. 1, Геоморфология,Е., 1962.
Ս. Բալյան
