ՀՍՀ/ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ
ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ, հասկացություն, որ 1948-ին առաջարկել է սովետական գեոմորֆոլոգ Կ. Կ. Մարկովը ռելիեֆ առաջացնող արտածին և ներծին պրոցեսների փոխազդեցությունը ըմբռնելու համար: Սովորաբար արտածին ուժերը, ազդելով Երկրի մակերևույթի վրա, հարթեցնում են ռելիեֆը և ստեղծում որոշակի Գ. մ.: Գոյություն ունի այնքան Գ. մ., որքան արտածին պրոցեսներ` աբրազիոն-կուտակումային մակարդակ, դենուդացիոն մակարդակ, ձյան սահմանի մակարդակ, վերին դենուդացիոն մակարդակ ևն: Տվյալ Գ. մ-ի սահմաններում համապատասխան արտածին պրոցեսը համար վում է առաջատար: Եթե երկրակեղևը լիներ անշարժ, ապա յուրաքանչյուր Գ. մ. կունենար պատյանի բնույթ, որը համակենտրոն կերպով կշրջապատեր Երկրի մակերևույթը, սակայն երկրակեղևի շարժումները ձևափոխում են նրանց: Այսպիսով, Գ. մ-ի իրական պատկերը ռելիեֆ ստեղծող արտածին և ներծին ուժերի փոխազդեցության արդյունքն է: Գ. մ-ի ծագման, հասակի և հետագա փոփոխությունների վերլուծությունը գեոմորֆոլոգիական ուսումնասիրությունների հիմնական մեթոդներից մեկն է: Լ.Զոհրաբյան
