Jump to content

ՀՍՀ/ԳԵՈՐԳԻՈՍ ՊԻՍԻԴԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՈՐԳԻՈՍ ՊԻՍԻԴԵՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), VII դարի բյուզանդական աշխարհիկ պոեզիայի խոշոր ներկայացուցիչ: Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիայի տաճարում վարել է զանազան պաշտոններ: Ուշ շրջանի բյուզանդական բանաստեղծները բարձր են գնահատել Գ-ի արվեստը և համեմատել ևրիպիդեսի հետ: Գ-ից պահպանվել են հիմներ, Էպիգրամներ, աստվածաբանական-փիլիսոփայական և ուսուցողական բովանդակությամբ պոեմներ: Նշանավոր Է«Վեցօրյա» պոեմը (1910 տող), որը Աստվածաշնչի Ծննդոց գրքի առաջին գլուխն է` չափածոյի վերածված: Պոեմը բովանդակում է ակնարկներ հեղինակի ապրած ժամանակի իրադարձությունների վերաբերյալ: Նրա կարևոր գործերից է երեք «երգից» բաղկացած էպոպեան, որի մեջ խոսվում է պարսիկների և ավարների դեմ Հերակլիոս կայսեր (610—641) հաղթանակների մասին, հիշատակվում է նաև Հայաստանը (Բ, 345): Գ-ի պոեմները որոշակի արժեք են ներկայացնում Բյուզանդական կայսրության VII դ. պատմության համար: Գ-ին միջնադարում բարձր են գնահատել նաև հայերը: Մեզ է հասել «Վեցօրյա»ի բարձրորակ թարգմանությունը (պակասում է մոտ 400 տող): Թարգմանչի մասին հայտնվել են տարբեր կարծիքներ: Վարդան Արևելցին «Մեկնութիւն արարածոց» աշխատության մեջ օգտագործել է Գ-ի այս երկի հայերեն թարգմանությունը: Երկ . «Վեցօրեայք» Գէորգայ Պիսիդեայ Իմաստասիրի տպագրեալ հանդերձ յոյն բնագրաւ և լուսաբանեալ ի հ. Աթանաս վ. Տիրոյան, Վնտ., 1900: Հ. Բարթիկյան