ՀՍՀ/ԳԵՈՐԳԻ III
ԳԵՈՐԳԻ III (ծն. թ. անհտ.—1184), Վրաց թագավոր 1156-ից, Բագրատունիների դինաստիայից: Արտաքին քաղաքականության նպատակն էր թուլացնել սելջուկյան իշխանությունները և ամրացնել Վրաստանի դիրքերը: 1161-ին գրավել է Անին, իսկ 1162-ին Շադդադյան ամիրաներից` Դվինը: 1173-ին վերագրավել է Անին և Դվինը: Անիի կառավարիչ է նշանակվել Իվանե Օրբելին, օգնական` Սարգիս Զաքարյանը: 1167-ին Գ. հաղթել է Հյուսիսային Կովկասի ցեղերին: Պայքարել է կենտրոնախույս ուժերի դեմ, որոնք ապստամբել էին Իվանե Օրբելիի ղեկավարությամբ և ամրացել Լոռե քաղաք-ամրոցում: Նրանց հարած Սարգիս Զաքարյանը, Գամրեկել Թորելին և ուրիշներ ապավինել են Գ-ի ողորմածությանը: Գ. ճնշել է ապստամբությունը, ոչնչացրել Օրբելիների տոհմը, ասպարեզից հեռացրել ապստամբության հետ առնչված անձանց և պաշտոններ տվել իրեն հավատարիմ մարդկանց: Անիի կառավարիչ է նշանակվել Սարգիս Զաքարյանը: Վախենալով թագավորի ուժեղացումից` վրաց հոգևորականությունը պահանջել է վերականգնել եկեղեցու արտոնությունները` այն ազատել հարկերից: Անախորժություններից խուսափելու համար Գ. զիջել Է: Գ. արու զավակ չի ունեցել և թագավորության վերջին տարիներին գահակից է դարձրել դստերը` Թամարին (1178):
Գրկ. Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 3. Ե., 1952: Ս. Մելիք-Բախշյան
