ՀՍՀ/ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏԱՑԻ
ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏԱՑԻ (Տեր-Հովհաննիսյան, 1737, Կ.Պոլիս — 1812, Կ. Պոլիս), հայ բառարանագիր, պատմաբան, թարգմանիչ: Ինքնաշխատությամբ տիրապետել է մոտ 10 լեզուների (եբրայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն ևն): Գլուխգործոցը պարսկերեն-հայերեն բառարանն է (հրտ. 1826): Բացի բառի բացատրությունից, այն ամփոփ տեղեկություններ է տալիս իրանական դիցաբանության, առասպելաբանության, ժող. բառ ու բանի, սովորույթների ու բարքերի, վիպական հերոսների ու նշանավոր գրողների մասին: Վերջում տրված են հայերեն և պարսկերեն նման բառերի ցանկ, նրանց ծագումը, փոխառության աղբյուրը: Զբաղվել է պատմությամբ («Գիրք պատմութեան արքայից Օսմանեան զարմին…», անտիպ): Գ. Դ. Պ. ընտիր հիմք-օրինակներից ընդօրինակել է Մովսես Խորենացու և Եղիշեի պատմությունները, XIII դ. հուշարձան «Գիրք վաստակոց»ը, որը մեզ է հասել նրա ընդօրինակության շնորհիվ, IV դ. հույն պատմիչ ևսեբեոս Կեսարացու «Քրոնիկոն»ը, որի բնօրինակը չի պահպանվել և աշխարհին հայտնի է Գ. Դ. Պ-ու թարգմանության շնորհիվ: Կատարել է թարգմանություններ պարսկերենից («Գիրք մեծագին և պատուական տկանց… », հրտ. 1807), հունարենից («Հայելի գրոցն Հոմերոսի…», 1783, անտիպ) ևն: Գ. Դ. Պ, հայ առաջին հոմերագետն Է: «Իլիական»ի թարգմանության կապակցությամբ նրա գրած նախաբանում քննվում են Հոմերոսին ու նրա պոեմներին վերաբերող բանասիրական ու գրականագիտական մի շարք հարցեր (Հոմերոսի ծննդյան տեղը, պոեմի արվեստի ու ոճի ազդեցությունները են): Գ. Դ. Պ-ու որոշ ձեռագրեր պահվում են Վենետիկի Մխիթարյան և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. մատենադարաններում:
Գրկ. Այվազյան Ա., Շար հայ կենսագրությանց, հ.1, ԿՊ, 1893: Աճառյան Հ., Պատմություն հայոց նոր գրականության, պր. I, Նոր-Նախիջևան, 1910: Աղայան Է. Բ.,Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958, Էջ 135 — 39: Չուգասյզյան Բ. Լ., Հայ-իրանական գրական առնչություններ (V—XVIII դդ.), Ե., 1963: Գասպարյան Գ., Հայ բառարանագրության պատմություն, Ե., 1968, էջ 159—67: Բ. Չուգասզյան
