Jump to content

ՀՍՀ/ԳԵՌԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՌԼԱ, Կերլա, Հայաքաղաք (լատ. Արմենոպոլիս, գերմ. Արմենիերշտադ, հունգ. Սամոշույվար, էորմենիվարոշ), քաղաք Ռումինական Սոցիալիստական Հանրապետության Կլուժ գավառում, Սոմեշուլ Միկ գետի ձախ ափին: 15,1 հգ. բն. (1971): Գ-ում կան փայտամշակման, աղյուսի, տեքստիլ, արևելյան գորգերի պատրաստման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Զարգացած է գյուղատնտեսությունը, հիմնականում` պտղաբուծությունն ու անասնապահությունը: Հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով: Գ-ում հոծ հայություն է հաստատվել 1672-ին, երբ Մոլդովայից Տրանսիլվանիա են եկել հայ գաղթականներ, որոնց հրավիրել էր տեղի իշխան Միքայել Ա Ապաֆին: Սակայն Գ. քաղաք է դարձել XVI 11 դ. սկզբին: Նույն ժամանակ հայազգի Ալեքսա ճարտարապետը կազմել է Գ-ի կառուցման նախագիծը: Գ-ի առաջին ինքնավարական մարմինը («դրլնաչ»), քաղաքային վարչությունն ու դատարանը հիմնվել են Տրանսիլվանիայի իշխանի հրամանով` 1714-ին: Դատավորը նաև քաղաքապետն էր. ընտրվել է երեք տարի ժամանակով: XVIII դ. սկզբին Գ-ում ստեղծվեց Տրանսիլվանիայի հայերի առաջնորդության կենտրոն` Օ. Վրզարյանի գլխավորությամբ: Վերջինիս մահից (1715) հետո Տրանսիլվանիայի լատին եպիսկոպոսը ինքնակոչ կերպով իր ձեռքը վերցրեց հայերի հոգևոր ղեկավարությունը: Այնուհետև Գ-ի հայերը 215 տարի գլխավորել են Տրանսիլվանիայի հայերի պայքարը հայկ. Հոգևոր առաջնորդության վերականգնման, ինչպես նաև հայկ. ավանդույթների և հայալեզու դպրոցների պահպանման համար: 1726-ին Ավստրիայի կայսր Կարլոս IV-ի հրովարտակով, պաշտոնապես, հայերն իրավունք են ստացել Գ-ում բնակվելու (այլազգիների բնակությունը արգելվում էր), առանց մաքսի առևտուր անելու, դատավոր կամ քաղաքապեւտ ունենալուն խորհրդականներ («ծերեր») ընտրելու: Մարիա Թերեզա (1740—80) կայսրուհու ժամանակ հարուստ հայերին տրվել են ազնվականական տիտղոսներ: Գ. դարձել է Տրանսիլվանիայի հայերի կենտրոնը: 1757-ին ստեղծվել է հարյուրոց ժողովը («սուտա»), որը գլխավորել է սուտաշը (հարյուրապետը): Այն ենթակա էր քաղաքային վարչությանը: Գ. ունեցել է իր կնիքը և զինանշանը (երկգլխանի արծիվ): Կային արհեստավորական, առևտրական, ինչպես նաև հոգևոր եղբայրություններ: Մեծ ժողովրդականություն է վայելել «Կտրիճվորաց եղբայրությունը»: Հռչակված էին Գ-ի կաշեգործները, նրանց հիմնադրած ֆաբրիկաները երկրի առաջին ձեռնարկություններից էին: Գ-ի հայերը գործուն մասնակցություն են ունեցել երկրի քաղ. կյանքին: XVIII դ. թուրքերի դեմ կռիվների ժամանակ հայերը կառավարությանը օժանդակել են` տալով 100 հզ. ֆլորին: Գ. եղել է հայ գրչության կենտրոն, ունեցել հարուստ դիվան: Գ-ի փաստաթղթերի կարևոր մասն այժմ պահվում է Կլուժի պետ. արխիվում (Ռումինիա): Գ-ում առաջին հայկ. եկեղեցին կառուցվել է 1675-ին: Այն ավերվել է, նրա տեղում XVIII դ. 2-րդ կեսին կառուցվել է Գ-ի մայր տաճարը (Ս. Երրորդություն): 1724-ին Շիմայան եղբայրները Գ-ում կառուցել են Ավետման եկեղեցին: XIX դ. և XX-ի սկզբին Գ-ի հայերը կառուցել են նաև մատուռներ, հունգ. եկեղեցի, որբանոցներ: Գ-ի հայերը մասնակցել են 1848-ի հեղափոխությանը: Քաղաքում ստեղծվել է գվարդիա: Հունգ. հեղափոխության առաջնորդ Լայոշ Կոշուտը Գ-ի դեպուտատ Գերգեյ Շիմայիին (Գր. Շիմայան) նշանակել է Տրանսիլվանիայի ազգությունների հարցի կոմիսար: Տրանսիլվանիայի հեղափոխական ուժերի ընդհանուր հրամանատար զեն. Բեմի օգնականը և ապա հաջորդը դարձել է հայազգի գեն. Յանոշ Ցեցը (Հովհաննես Ցեցյան, 1822—1904): Հեղափոխության պարտությունից հետո Գ-ի բնակչությունը մեծ ռազմատուգանք է վճարել, ապա` ավարառության ենթարկվել: Այնուամենայնիվ քաղաքի վարչությունը, գլխավոր պաշտոնները շարունակել են մնալ հայերի ձեռքին: 1909-ին բացվել է Գ-ի հայկ. թանգարանը: Գ-ում դեռ XVIII դ. վերջից եղել է դպրոցական թատրոն: Լայն տարածում ունեին հայկ. երգերն ու պարերը, ժող. պատմվածքները, հանելուկները, առածները: Գ-ում են ծնվել պատմաբաններ Խ. Լուքաչյանը (Քրիշոֆ Լուքաչի, 1804—1870), Խ. Սոնկոտյանը (1843-1907), Ա. Մոլնարյանը (1847—1902), Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայրեր Վ. Ըստկարյանը (1843—1886) ե Գ. Գովրիկյանը (1841 — 1931), պետ. գործիչներ Լ. Գոպջան (1865—1933), Գ. Շիմայանը (1823—1907): 1887-ին Գ-ում հիմնվել է «Արմենիա» հայագիտական հանդեսը (հունգ.), իսկ 1903—09 և 1913—14-ին լույս է տեսել «Բանբեր Գեռլայի» շաբաթաթերթը (հունգ.): Գ-ի հայերը բողոքի ձայն են բարձրացրել 1895—96-ի հայկ. կոտորածների և Մեծ եղեռնի օրերին: Սասունի 1904-ի կոտորածներից փրկվածներին օգնելու նպատակով ստեղծվել է հանգանակությունների կոմիտե: Տնտ. կյանքի թուլացման և հարևան քաղաքների վերելքի հետնանքով Գ-ի հայերի զգալի մասը ցրվել է երկրով մեկ, վերաբնակվել Ռումինիայի ն Հունգարիայի մյուս բնակավայրերը: Մեծ եղեռնից հետո որոշ թվով հայ գաղթականներ հաստատվել են Գ-ում: XIX դ. սկզբին Գ-ում հայերի թիվը շուրջ 6000 էր, 1876-ին` 2000, իսկ 1924-ին` 1000: 1972-ի տվյալներով Գ-ում կային մոտ 300 հունգարախոս հայեր: 1925-ին վերաբացվել է հայկ. դպրոցը` 40 աշակերտով: 1924-ին կազմվել է երաժշտական ընկերություն, որի նպատակն էր մշակել հայկ. երգերը: Հայ երգը ժողովրդականացնելու գործում մեծ դեր է ունեցել երգչախումբը: 1939 ին Գ. դարձել է ռումինահայ կաթոլիկ թեմի կենտրոն: Քաղաքում ցարդ պահպանվել են հայերեն արձանագրություններ (տաճարների և քաղաքացիական շենքերի պատերին): Հայերի կառուցած քանդակազարդ շենքերի ճակատին այժմ էլ երևում են ազնվականական տիտղոս ստացած մի շարք գերդաստանների տոհմանշաններ: 1904-ին հիմնադրվել է Գ-ի հայկական թանգարանը (բացումը` 1909-ին) հին վարժարանի սրահներում, ուներ մատենադարանի և դիվանատան, հնությունների և ազգագրության, արվեստի վերաբերյալ նյութերի բաժիններ: 1927-ին թանգարանը բացի ձեռագրերից և այլ ցուցանմուշներից ունեցել է շուրջ 2000 մասնագիտական գրքեր հունգարերեն, գերմաներեն, իտալերեն և հայերեն: 1941 — 1945-ին ոչնչացել են հայ ազնվական ընտանիքներից ստացված 56 տոհմանշաններ, գրքեր ևն: Թանգարանի մնացորդները 1948-ին տեղավորվել են հայ աղջիկների որբանոցում և Մ. Երրորդության տաճարի վերնահարկում: 1951-ին ստեղծված Գեռլայի պատմության շրջանային թանգարանում բացվել է «Հայկական սրահ», որտեղ տեղադրվել են հայկական թանգարանի մնացորդները և մինչ այդ հայկական համայնքի մոտ պահվող ձեռագրերը: Այդտեղ ցուցադրված են յուղաներկ դիմանկարներ, հայ ազնվականների զգեստներ, հայերեն վիմագիր արձանագրություններ, կնիքներ, եկեղեցական սպասքներ, կայսերական հրովարտակներ, հնատիպ հայերեն գրքեր ևն: Գ-ում պահվող շուրշ 300 հայերեն գրչագրերի մի մասը հետագայում տեղափոխվել է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների, Վատիկանի, Բուխարեստի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանները, մնացածը` Կլուժ քաղաքի պատմության թանգարանը:

Գրկ. Գովրիկյան Գ., Դրանսիլվանիո Հայոց մետրապոլիսը կամ նկարագիր Կերլա հայաքաղաքի, Վնն., 1896: Քոլանջյան Ս., Տրանսիլվանիայի հայերի պայքարը ազգային ինքնուրույնության պահպանման համար (Ժէ-Ի դդ.), «Էջմիածին», 1964, 12, 1965, 1-7, 1966,2: Նույնի, Համառոտ ցուցակ հայերեն ձեռագրաց Գեռլա հայաքաղաքի, «ԲՄ», 1969, N» 9: Ս. Քուանջյան